Բալասանյանն ուզում է 3 մլն-ի քաղցրավենիք եւ շամպայն գնել

balasanyan

Գյումրու քաղաքապետարանը Գյումրիում որոշ կազմակերպությունների համար մարտի 8-ը «անմոռաց» դարձնելու համար առաջարկում է տեղական բյուջեից ծախսել 3 մլն դրամ:

Այս հարցը ներառված է փետրվարի 19-ի Գյումրու ավագանու նիստի օրակարգում, իսկ հանձնաժողովներում ընդհանրապես չի քննարկվել: Որպես լրացուցիչ հարց, ի թիվս երեք հարցերի, ավելացվել է օրակարգային հարցերին եւ կլսվի ավագանու նիստի ժամանակ:

Որպես նախահաշիվ Գյումրու քաղաքապետարանի մշակույթի եւ երիտասարդության բաժնի պետ Արտուշ Մկրտչյանի կողմից կազմվել է փաստաթուղթ, ինչը ներկայացվել է ավագանու անդամներին:

11111111111111

Թե որքանով են արդարացված մարտիության ճոխ գնումները մի քաղաքի համար, որտեղ աղքատությունը համարվում է բարձր ՀՀ-ում՝ շուրջ 46 տոկոս, իսկ տեղական բյուջեն 2018թ.-ին կազմում է 3 մլրդ 357 մլն դրամ, սա հարցի մի կողմն է:

Մյուս կողմերն առնչվում են բուն գնման գործընթացի կազմակերպմանը:

1.Ի՞նչ ընթացակարգով է իրականացվում գնման գործընթացը:

2.Ո՞ր կազմակերպությունն է հանդիսանում Գյումրու քաղաքապետարանի մարտիության գնումների կապալառուն:

Գնումը

Ըստ օրենքի տրամաբանության՝ մինչեւ մեկ մլն դրամի գնումը հնարավորություն է տալիս կազմակերպությանն իրականացնել գործընթացն առանց մրցույթի կազմակերպման, առանց գնման հայտարարությունների եւ այլ ընթացակարգերի:

Գյումրու քաղաքապետարանի այս գնումը կազմում է 3 մլն դրամ, ինչը նշանակում է, որ իրականացվելու է գնման մրցույթ: Իսկ մինչ այդ Գյումրու քաղաքապետարանը պետք է հայտարարություն ներկայացներ ՀՀ ֆինանսների նախարարության gnumner.am կամ armeps.am կայքերում, որին պետք է հաջորդեր կազմակերպությունների կողմից հայտերի ներկայացումը, ապա մրցույթը, եւ ապա նոր մրցույթը շահած կազմակերպությունը պետք է իրականացներ գնումը եւ մատակարարեր վերը թվարկած ցանկը Գյումրու քաղաքապետարանին:

Հիշյալ կայքերում 2018թ.-ի դրությամբ նման հայտարարություն չկա: Եվ չէր էլ կարող լինել, որովհետեւ այս ամենից առաջ նախ Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի այս առաջարկությունը հավանության պետք է արժանանար ավագանու նիստում: Այս հարցն ընդգրկվել է Գյումրու ավագանու փետրվարի 19-ի օրակարգ: Եթե հաստատվի, ապա գնման գործընթացը պետք է սկսվի առնվազն փետրվարի 19-ից, ինչը նշանակում է, որ մինչեւ մարտի ութը տեխնիկապես պարզապես հնարավոր չէ կազմակերպել գործընթացն ամբողջությամբ՝ հայտարարություն, մրցույթ, ապա գնումներ, մատակարարում:

Մյուս լուծումն այն է, որ Գյումրու քաղաքապետարանն այս հարցը կձեւակերպի որպես հրատապ եւ գործընթացը կիրականացնի առանց գնումների հայտարարության՝ բանակցային ընթացակարգով, ինչը եւս անտրամաբանական է, քանի որ մարտի ութի օրը եւ ծախսերի մասին գաղափարները նոր չեն, եւ ամեն ինչ կարելի էր անել շատ ավելի վաղ, օրինակ՝ հունվարին կամ փետրվարին:

Մարտիության գնումների կապալառուն

Քանի որ դեռ հայտարարություն չկա (կամ գոնե թափանցիկ չեն), եւ հայտ ներկայացնող կազմակերպություններն էլ հայտնի չեն 2018թ.-ի համար, Ֆինանսների նախարարության կայքից առանձնացրել ենք 2017-ի մարտիության գնումների տվյալները:

 22222222222222

Նախ, անցած տարի փաստորեն այդ գնումների համար ծախսել են մի փոքր ավելի պակաս՝ 2,84 մլն դրամ:

Իսկ մատակարար ընկերությունը հանդիսացել է «Լ.Ա.Ռ. Գրուպ ՍՊԸ»-ն, որը գործում է Տերյան 108 հասցեում: Զարմանալիորեն նույն հասցեում գործում է Գյումրու «Անուշարան» ընկերությունը:

Ընդ որում, անցած տարվա գնումներն իրականացվել են առանց գնումների հայտարարության՝ բանակցային ընթացակարգով: Ըստ ամենայնի, այս տարի եւս գործելու է նույն սցենարը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝