Զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների

qnnchakan

Երրորդ կայազորային քննչական բաժնում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Մեղադրանք է առաջադրվել 3 ծառայակիցների:

Զինծառայող Կ.Ավետիսյանի դին՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով, հայտնաբերվել է 2017 թվականի ապրիլի 25-ին՝ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում:

Նույն օրը երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են զինվորական ծառայության ընթացքում Կ.Ավետիսյանի արժանապատվությունն առանձին ծառայակիցների կողմից վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն կիրառելու դեպքեր, պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանց գործողությունները։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանքներ են առաջադրվել ժամկետային երեք զինծառայողների. Ա. Հարությունյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի, 360-րդ հոդվածի 1-ին մասերով, Թ.Օվսիյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ), Է.Խանաղյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Դիտվել է՝