Երեւան՝ 3, Գյումրի՝ 11. ցատկահարթա՞կ, թե՞ փորձադաշտ

4943571

Երևանի ավագանու ընտրությունների առաջադրումների ժամկետի ավարտից հետո պարզ դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններով այնքան էլ հետաքրքրված չեն քաղաքական ուժերը:

Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի միայն երեք ուժ: ԿԸՀ դիմում են ներկայացրել ԵԼՔ -ը, ՀՀԿ-ն և «Երկիր Ծիրանի» կուսակցությունը:

Նշանակում է՝ Երևանն այնքան էլ հետաքրքիր չէ ՀՀ քաղաքական ուժերի համար, ի տարբերություն, ասենք, ՀՀ երկրորդ քաղաք Գյումրիի: Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերի պակաս չկար, ՀՀ քաղաքական դաշտը ներկայացված էր ամբողջ ներկապնակով, ավելին, ստեղծվեցին նաև «ֆեյք կուսակցություններ», որոնց գործունեությունը Գյումրու ավագանու ընտրությունների ավարտով սահմանափակվեց:5555

Հիմա հարց, ինչո՞ւ է Երևանն անհետաքրքիր ՀՀ քաղաքական ուժերին: Երևանի ավագանու ընտրություններին չմասնակցելը ոչ բոլոր կուսակցությունները մեկնաբանեցին:

ՀՅԴ-ն հայտարարեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ կուսակցության ձեռք բերած անսպասելի ցածր արդյունքներն են պատճառը:

ՀՎԿ-ն հայտարարեց, թե քաղաքական ուժերը կաշառք են բաժանում ընտրությունների ժամանակ, դրա համար չեն մասնակցում:

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը հայտարարություն տարածեց՝ պարզապես տեղեկացնելով, որ դաշինքը չի մասնակցելու Երևանի ավագանու ընտրություններին։ Իսկ թե ինչու, այս հարցի պատասխանը դաշինքի տարածած հայտարարությունում չի մատնանշվում:

Նույն կերպ ՀԱԿ-ը հետաքրքրված չէ Երևանի ճակատագրով, ինչո՞ւ, չկա հարցի պատասխանը:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ձայների մեծամասնությամբ երկրորդ տեղը զբաղեցրած (27.35 տոկոս վստահության քվե) «Ծառուկյան» դաշինքը, որը խորհրդարանում կունենա 31 մանդատ, դարձյալ որոշում կայացրեց չհետաքրքրվել մայրաքաղաք Երևանի ավագանու ընտրություններով ու ճակատագրով:

Գագիկ Ծառուկյանը հայտարարություն տարածեց, որ չեն մասնակցելու ընտրություններին՝ պատճառաբանելով, որ «Ծառուկյան» դաշինքը ստեղծվել է հենց ԱԺ ընտրությունների համար, սակայն չբացատրեց, թե այդ դեպքում ԲՀԿ-ն ինչու չի մասնակցում Երևանի ընտրություններին: Ծառուկյանը միայն հույս հայտնեց, որ ընտրողները կհասկանան իրեն ու թիմին: Միևնույն ժամանակ ասաց, որ իր որոշումը կարող է մրցակցային հնարավորություններ ստեղծել այլ ուժերի, նոր թիմերի համար: Գագիկ Ծառուկյանը չհայտարարեց նաև, թե որ թիմին կամ որ քաղաքական ուժին կաջակցի ԲՀԿ-ն:

Թերևս մի քանի վարկած կա, որով բացատրվում է Երևանի նկատմամբ քաղաքական ուժերի նման պասիվ գործելաոճը:

1. Ընդդիմադիր Գյումրին ձգում էր քաղաքական ուժերին

Գյումրին տարիներ շարունակ ընդդիմադիրի համբավ է ունեցել: Վերջին մի քանի ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ին չի հաջողվել հաջողություններ գրանցել Գյումրիում: 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ևս Գյումրիում հաղթեց ԲՀԿ-ն, թեև Շիրակի մարզում ՀՀԿ-ն 40.5 տոկոս վստահության քվե հավաքեց:

Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն ստիպված եղավ փոխել անունը՝ թաքնվելով Բալասանյան ազգանվան հետևում:

2. ՏԻՄ ընտրությունները քաղաքական ուժերի համար փորձաշրջան

ՏԻՄ ընտրությունները փորձաշրջան էին քաղաքական ուժերի համար նոր ընտրակարգով ընտրություններին մասնակցելու համար: Առջևում 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններն էին, և քաղաքական ուժերը նպատակ ունեին պարզապես չափել իրենց հնարավորությունները:

3. Գործեց Ս. Սարգսյանի պլանը՝ փոշիացնել ընդդիմադիր ընտրողների ձայները և քաղաքը չհանձնել:

Գյումրու ավագանու ընտրությունները կարող էին բացառիկ լինել ընտրությունների պատմության մեջ: Հնարավոր էր ընդդիմադիր քաղաքը վերցնել, ազատել ՀՀԿ կառավարումից: Շանսերն ավելի քան իրական էին: Գյումրու «իշխանափոխությունն» իրականության մեջ շատ բան կարող էր փոխել՝ ընդհուպ մինչև մարդկանց մեջ ծնել հույս փոփոխությունների նկատմամբ: Գյումրու հաջողությունը հետո կարող էր կիրառելի դառնալ ՀՀ մասշտաբով:

Սակայն ընդդիմության կոնսոլիդացիան տապալվեց Գյումրիում: Հաջողությամբ գործեց Ս. Սարգսյանի պլանը. քաղաքական ուժերն առանձին-առանձին գնացին ընտրությունների, ընդդիմադիր ուժերը պարտվեցին:

Նույն սցենարը գործեց Վանաձորում՝ մեկ տարբերությամբ, որ Վանաձորի ավագանին ներկայացնող ընդդիմադիր ուժերը մեծամասնություն են, և նրանց բոյկոտի արդյունքում Վանաձորում առայժմ չի հաջողվել ավագանու նիստ գումարել:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝