«Ադրբեջանն անընդհատ ուզում է ցույց տալ, որ բանավեճը գնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև մի կտոր հողի համար»

igityann

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ղարաբաղի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձություններին:

ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հատարարության մասին, թե Բաքվի համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ձևաչափը փոխելու հայկական կողմի ձգտումը, և նրանց կողմից սա դիտարկվում է որպես բանակցությունների արգելափակման փորձ, Իգիթյանը նշեց՝ Ադրբեջանի հետ բանակցություններն արգելափակված են 2016 թվականից Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով վճռել փորձելու պատճառով.

«Ադրբեջանն անընդհատ ուզում է ցույց տալ, որ բանավեճը գնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև մի կտոր հողի համար»:

Իգիթյանի խոսքերով՝ Ադրբեջանը փորձում է ապացուցել, որ մի քանի տարի առաջ Ղարաբաղը չի եղել բանակցային կողմ, և սա փորձում է ներկայացնել որպես իրավական նորմ.

«Արցախը բանակցության կողմ է եղել դեռ 90-ականներին»,- ասաց Իգիթյանն ու հավելեց, որ մենք չենք ցանկանում Արցախը բանակցության կողմ դարձնել, մենք ցանկանում ենք վերադարձնել բանակցային սեղանի շուրջ»:

ԳԱԼԱ-ի մյուս հարցին, թե ինչի շուրջ պետք է բանակցեն Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահը, և ինչ ակնկալել այդ բանակցություններից, Իգիթյանն արձագանքեց.

«Նրանք չպետք է բանակցեն, նրանք պետք է անեն այն, ինչ գրված է Մինսկի խմբի հայտարարության մեջ: Իսկ այդ հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ուղղակի կոնտակտ ապահովելու մասին է: Դա կլինի Մինսկի խմբի շրջանակներում առաջին հանդիպումը երկու երկրների ղեկավարների միջև: Ադրբեջանն այստեղ շատ բան ունի անելու, որպեսզի վստահությունը վերականգնվի բանակցությունները վերսկսելու համար»:

ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան, անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, նշեց. «Ես ենթադրում եմ, որ Մինսկի խմբի համանախագահները փորձել են բոլոր հնարավոր կետերը բերել մի հայտարարության մեջ, որ որևէ կողմ չհամարի այդ հայտարարությունն իր դեմ ուղղված: Ես լրիվ անտրամաբանական եմ համարում այն մասը, որտեղ որ նշված է 2009-2012թթ. սեղանի շուրջ գտնվող էլեմենտների մասին»:

Դիտվել է՝