Ս. Մյուլերը նշել է, որ աշխարհում զգալի հետաքրքրվածություն կա Հայաստանի և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի նկատմամբ

Photo 1

Մարտի 14-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ այցը լավ հնարավորություն է ընձեռնում քննարկելու Համաշխարհային բանկի հետ գործընկերության շրջանակներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետը կարևորել է Բանկի հետ համագործակցությունը հատկապես մարդկային կապիտալի զարգացման, արտահանման խթանման ու մրցունակության, և բնապահպանության ու հանքային ռեսուրսների կառավարման ուղղություններով:

Սիրիլ Մյուլերը նշել է, որ այժմ աշխարհում զգալի հետաքրքրվածություն կա Հայաստանի և երկրում ընթացող բարեփոխումների գործընթացի նկատմամբ ու ՀԲ-ն պատրաստակամ է աջակցել կառավարության հավակնոտ օրակարգի կյանքի կոչմանը:

Տիգրան Ավինյանը և Սիրիլ Մյուլլերը կարևորել են, որ ՀԲ «Երկրի գործընկերության շրջանակ»-ի  առաջնահերթությունները համահունչ են կառավարության ծրագրի հետ, հատկապես ներառական տնտեսական աճը խթանելու առումով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում գործարար միջավայրի բարելավման խնդիրները: Տիգրան Ավինյանը այս առումով ասել է, որ դա կառավարության համար առաջնահերթություն է և գործուն քայլեր են իրականացվելու Համաշխարհային բանկի «Գործարարություն» (Doing Business) զեկույցում ՀՀ դիրքի բարելավման համար:

Այնուհետև, անդրադարձ է եղել բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական ոլորտներում իրականացվող ծրագրերին և նոր նախաձեռնությունների հեռանկարներին: Այս համատեքստում քննարկվել են համալսարանից աշխատաշուկա անցման խնդիրները և կրթության ոլորտում բնական ու տեխնիկական գիտությունների ուսուցումն ամրապնդելու հնարավորությունները:

 Photo 2 Photo 1

Դիտվել է՝