«Ինչպիսի իրավիճակ էլ որ լինի, պետք է աշխատել պատերազմի բացառման ուղղությամբ»

APRILYAN PATERAZM

ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումից առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հաղորդագրությանը

Ֆեյսբուքի իր էջում Գարիկ Քեռյանը գրել է.

Գարիկ Քեռյան

Գարիկ Քեռյան

«Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը բուռն քննարկումների և դժգոհության ալիք է առաջ բերել մեզ մոտ։ Բայց պետք է նկատել, որ այն առանձնակի գոհունակությամբ չի կարող ընդունվել նաև Ադրբեջանում։ Տարածքային ամբողջականության վերականգնման գաղափարը թմբկահարող ալիևյան վարչակարգը հաստատ թշնամությամբ է ընդունելու Արցախի ինքնուրույնությամբ միջանկյալ կարգավիճակի, ապագայում հանրաքվեով ինքնորոշվելու և Հայաստան – Արցախ միջանցքի մասին դրույթները, մանավանդ եթե այդ միջանցք հասկացությունն ընդգրկում է Լաչինն ու Քարվաճառը։ Փաստացիորեն առաջարկվում է հայկական և ադրբեջանական կողմերի համար վիճահարույց մի տարբերակ, որի դրույթները կարող են կոնֆլիկտի նոր բորբոքման պատճառ դառնալ։ Առանց անվտանգության ու Արցախի անկախության ճանաչման տարածքների հանձնումը չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար։

Կոնֆլիկտոգեն և խիստ վտանգավոր է փախստականների վերադարձի մասին դրույթը։ Եթե խոսքը վերաբերում է բոլոր փախստականներին, համանախագահներն ինչպե՞ս են պատկերացնում 200 հազարից ավելի հայերի վերադարձը Բաքու, էլ չեմ ասում նախկինում հայաբնակ Ադրբեջանի մյուս բնակավայրերի նախկին բնակիչների մասին։ Իսկ եթե նկատի ունեն միայն նախկին ԼՂԻՄ շրջաններից հեռացած ադրբեջանցիների վերադարձը, դա արդեն անընդունելի կողմնապահություն է։ Պատմության փորձը վկայում է, որ ապագա նոր ազգամիջյան բախումներից խուսափելու համար միշտ իրականացվել է հարկադիր վերաբնակեցում։ Ապացույցը գերմանացիների վերաբնակեցումն էր երկրորդ աշխարհամարտից հետո կամ սերբերի, խորվաթների ու մուսուլմանների վերաբնակեցումները Հարավսլավիայի տարածքում բռնկված էթնոքաղաքական հակամարտությունների լուծման գործընթացում։ Փաստացիորեն երկու ժողովուրդների մոտ պահպանվող անվստահության մթնոլորտում հակամարտության նոր օջախների վերացման փոխարեն նորերի ստեղծման հիմքեր կդրվեն, եթե այդ անիմաստ դրույթն իրագործվի։ Երեք մեծ տերությունների դիվանագետները 25 տարի պրպտելով այդպես էլ չկարողացան խուսափել երկակի ստանդարտներից, համարձակություն և քաղաքական կամք չդրսևորեցին մի բուռ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման գործում։

Արցախի հարցի միջազգայնացումը փաստորեն դարձել է աշխարհաքաղաքական խաղերի խաղաքարտ։ Իհարկե ամեն ինչ լավ կլիներ, եթե մեր հարևան երկրում լիներ բարձր քաղաքական մշակույթ, որի արդյունքում հանգիստ և հանդուրժողական մթնոլորտում կարելի էր հարգել արցախցիների որոշումը, ինչպես վարվեցին Չեխիայում՝ ողջունելով սլովակների ինքնորոշումն ու անջատումը։ Ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք, մեր հարևանները նեղ մտահորիզոն ունեն և զարգացման ու քաղաքակրթման երկար ճանապարհ պիտի անցնեն։ Բայց ինչպիսի իրավիճակ էլ որ լինի, պետք է աշխատել պատերազմի բացառման ուղղությամբ։ Երիտասարդ կյանքերի նոր կորուստներն անթույլատրելի են։ Կարելի է զարգացնել նաև երկկողմանի բանակցությունների ու հանդիպումների ձևաչափը, այն կարող է մեղմել իրավիճակը, փոխվստահության մթնոլորտ ստեղծել»:

Դիտվել է՝