Բարեգործություն՝ հայկական մոտիվներով. ի՞նչ է տեղի ունեցել «Այբ»-ում

Ayb school

«Այբ» հեղինակավոր ուսումնական հաստատություն տանող ճանապարհն է՝ ողողված աղբով: Աղբակույտերը շփոթմունք առաջացրին. կարծեցինք շեղվել ենք ճանապարհից: Բայց ոչ: Առջևում «Այբն» էր՝ պարսպի ներսում մաքուր ու խնամված, պարսպից այն կողմ շուրջբոլորն անխնամ ու, մեղմ ասած, անհրապույր: Խորհրդանշական տեսարան էր ճիշտ նույնքան, որքան խորհրդավոր պատմությունն «Այբ»-ի շուրջ:

Ստեղծել համաշխարհային մասշտաբի արժեք, ուսումնական հաստատություն, որը պիտի կրթի աշխարհի քաղաքացի: Սա վեհ գաղափար էր, որը կյանքի կոչելու համար աշխարհի տարբեր անկյուններից հարյուրավոր ազնիվ մարդկանց միավորեց. տարիներ շարունակ լրջագույն ներդրումներ են իրականացրել նվիրատուները՝ իրենց «կյանքի գործը» համարելով «Այբ» դպրոցն ու «Այբ» կրթական հիմնադրամը: Հիմնադրամը ստեղծման օրից կրթության մեջ ներդրել է ավելի քան 30 մլն դոլար:

Եվ ահա հրաշալի այդ գաղափարը որոշ շրջանակներ չխորշեցին խեղել, այսպես ասենք՝ «աղբով ողողել» հայաստանյան կրթական բնագավառում հեղափոխություն իրականացնելու ծրագիրը՝ բազմաթիվ ազնիվ մարդկանց ներդրումները ծառայեցնելով ոչ թե գաղափարն ամրացնելու, այլ ընդամենը հարստանալու համար՝ օրվա իշխանությունների լուռ համաձայնությամբ: Պարզ ասած՝ բարեգործություն՝ հայկական մոտիվներով:

Այս մասին առաջինն արձագանքեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը՝ մատնանշելով «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Տեր Մեսրոպին՝ ասելով, թե նա հանրակրթության ոլորտին ամենամեծ վնասը հասցրած անձանցից է: Սրան հաջորդեցին դժգոհությունները «Այբ» դպրոցից՝ հաստատությունից հեռացված մանկավարժների և ծնողական հանրույթի կողմից բարձրաձայնված:

«Աղբն» «Այբ»-ի շուրջ գնալով ավելացավ՝ առաջացնելով անհանգստություն և անվստահություն չափազանց ազնիվ մղումներով իրենց ազատ միջոցներն «Այբ»-ի զարգացմանն ուղղող մարդկանց շրջանում: Եղան արդարացի հարցադրումներ՝ ինչո՞ւ «Այբ»-ը վերածվեց բիզնես պրոյեկտի՝ նեղ անձնական շահեր սպասարկող:

Այս և մի շարք հարցադրումների պատասխաններ փորձեցինք ստանալ «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանից: Նա հայտարարեց՝ մտահոգություններ չունի դպրոցի հետ կապված: Կրթության նախարարության հետ սահուն համագործակցում են, և նախարարության մեղադրանքներն ուղղված են «Այբ» հիմնադրամին:

Ուշագրավն այն է, որ «Այբ»-ի հետ առնչվող լուրերը դպրոցի տնօրենը համարում է անհիմն, սուտ տեղեկություններ եւ մեղադրում է մամուլին:

«Ինձ համար շատ մտահոգիչ է, որ անհիմն հայտարարություններ անընդհատ արվում են առանց որեւէ ստուգման, առանց որեւէ լուրջ հարցադրումների: Եւ այդ ամենը մտահոգիչ է: Բայց միայն դա: Ուրիշ մտահոգություն ես չունեմ»:

Երբ հիշեցրեցինք, որ մեղադրանքների սկզբնաղբյուրը համապատասխան նախարարությունն էր ասաց.

«Դիմեք հիմնադրամին: Մեկնաբանություն մենք բազմիցս տվել ենք, հիմնադրամը բազմիցս արձագանքել է դրան: Այդ պատմությունը համարյա մեկ տարվա է դարձել»:

Հիշեցնենք, որ տևական ժամանակ ֆինանսական ուսումնասիրություն է իրականացվել «Այբ»-ում, և ըստ կրթության նախարարության՝ հայտնաբերվել են լրջագույն խնդիրներ: Փախչանյանն ասում է՝ դրանք չեն առնչվում դպրոցին:

Հիմնադրամին առնչվող հարցադրումներին նա գերադասեց չանդրադառնալ կամ տալ խուսանավող պատասխաններ, ինչպես նաև Տեր Մեսրոպ քահանա Արամյանին տարանջատել դպրոցից, ում անունն ամենահաճախն է շրջանառվում՝ որպես հիմնադրամի գործունեության ընթացքում զգալի կարողություն ձեռք բերած անձի:

«Այս պահին ի՞նչ առնչություն ունի քահանա Արամյանը դպրոցի և հիմնադրամի հետ: Ո՞րն է նրա դերակատարությունը դպրոցում»,- հարցրինք Փախչանյանին:

«Այս պահին Տեր Մեսրոպը «Այբ» դպրոցի խորհրդատվական խորհրդի անդամ է, որը ներառում է աշխարհահռչակ հայտնի մարդկանց»:

Նշենք, որ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը ոչ միայն դպրոցին է օգնում իր խորհուրդներով, այլ նաև Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Արամյանը Սերժ Սարգսյանի խորհրդականի պաշտոնն էր զբաղեցնում:

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը սեփական գույքը շուկայականից բարձր գներով՝ շուրջ 3 մլն դրամով, վարձակալության է տվել «Այբ» հիմնադրամին: Նրան հաջողվել է նաև Երևանի Հյուսիսային ճառագայթ էլիտար թաղամասում գնել շքեղ առանձնատուն: Բազմաթիվ այլ կասկածելի գործարքների մասին են տեղեկություններ շրջանառվում, և ահա այդ մարդը շարունակում է իր գործունեությունը հիմնադրամում: Եվ եթե հետևություններ անենք նախարարի հայտարարությունից, ապա ձևակերպումը կլինի այսպես՝ շարունակում է անխոչընդոտ վնաս հասցնել հայաստանյան կրթությանը:

«Այբ» դպրոցի տնօրենին հարցրինք՝ չունե՞ն մտահոգություն, որ քահանա Արամյանի կապը դպրոցի հետ թեկուզ և խորհրդատվական բնույթի, լրջագույն ազդեցություն կարող է թողնել «Այբ»-ի հեղինակության վրա:

«Չեմ կարծում»,- ընդգծեց նա:

Տեր Մեսրոպ քահանան նախաձեռնել էր նաև «Այբ» դպրոցի բակում կառուցել եկեղեցի՝ դեռևս 2012-ին: Թարգմանչած անունով եկեղեցու գաղափարը արժանացել էր բարերարների հավանությանը: Դրամահավաքության հերթական հնարավորությունն էր ընձեռվել. 7 տարի անց «Այբ»-ի բակում եկեղեցու հիմքերն անգամ չեն գցվել: Փոխարենը մամուլը նկատեց. եկեղեցու համար գումարներ հավաքագրելու գործընթացը համընկել է Արամյանի կողմից բավականին թանկարժեք առանձնատան ձեռք բերման ժամանակաշրջանի հետ։ Դպրոցի տնօրենը եկեղեցուն առնչվող հարցադրմանն ի պատասխան սլաքները դարձյալ ուղղում է հիմնադրամի ուղղությամբ:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանի հետ հանդիպելու և որպես մի շարք հարցադրումների իրական հասցեատեր պարզաբանումներ ստանալու մեր ջանքերը դեռևս հաջողությամբ չեն պսակվել: Ստանում ենք խուսափողական պատասխաններ:

Արամ Փախչանյանից հետաքրքրվեցինք նաև լուծարված «Այբ» ակումբից: Ի՞նչ տեղի ունեցավ, որ պառակտվեց կառույցը: Տնօրենը համակարծիք չէ ձևակերպման հետ, ոչ թե պառակտում, այլ վերակառուցում. ասում է՝ իր կյանքն ապրեց ակումբը, հիմա առաջ գնալու ժամանակն է:

Մինչդեռ հիշեցնենք, «Այբ» ակումբի ներսում կային լրջագույն տարաձայնություններ: Ակումբի անդամները նշում էին, որ ավելի ազնիվ կլինի ծրագրի շարունակականությունը հանձնել պետության հոգածությանը, քանի որ թիմը ներկայումս չի կարող կյանքի կոչել այն ծրագրերը, ինչի համար տասնյակ մարդիկ հսկայական ներդրումներ են կատարել։

«Այբ»-ից հեռացած ուսուցիչների, աշակերտների, «Արարատյան բակալավրիատի» և էլի մի շարք խնդիրների կանդրադառնանք առաջիկայում: Հավելենք նաև, որ Կրթության և գիտության նախարարությունից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ «Այբ»-ում կատարված ուսումնասիրությունների խոստացված արդյունքները կհրապարակվեն հաջորդ շաբաթ, և նախարարությունն էլ հանդես կգա պարզաբանմամբ:

Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝