Հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից, ոչինչ չի վերադառնալու հնին. վարչապետը՝ համայնքապետերին

_TM_2242

«Ցավոք, կա մտայնությունը, որ հա՛, հեղափոխություն էր, կանցնի մի տարի կամ երկու տարի, կմոռանան՝ ինչի համար են հավաքվել, և ամեն ինչ կսկսվի նորից: Հույս չունենաք, ամեն ինչ չի սկսվելու նորից, ոչինչ չի վերադառնալու հնին, ես սա ուզում եմ ասել և´ քաղաքական, և´ տնտեսական առումով»:

Այս մասին այսօր  համայնքի ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով համայնքապետերի գործունեությանը՝ վարչապետը նշեց՝ կարևոր է արձանագրել այն պարամետրերը, որոնց շրջանակներում պատկերացնում ենք համայնքապետերի ամենօրյա ու սրտացավ աշխատանքը:

«Իմ ընկալմամբ և պատկերացմամբ՝ միջին վիճակագրական համայնքի ղեկավարի կերպարը կամ հանրային ընկալումը մոտավորապես հետևյալն է՝ համայնքի ղեկավարը կամ գյուղապետը այս կամ այն կերպ ընտրվելուց հետո հաջորդ օրվանից սկսվում է համայնքներում սեփականության վերաբաշխման ակտիվ գործընթացը»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց՝ անընդհատ խոսում ենք համայնքներում ներդրումային միջավայրի բարելավման մասին.

«Բայց իմ լրագրողական ու պատգամավորական երկարամյա փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր համայնք, երբ մտնում ես և աչքի ընկնող օբյեկտով հետաքրքրվում, պարզվում է, որ կա՛մ համայնքի ղեկավարինն է, կա՛մ համայնքի ղեկավարի տեղակալինը»:

Նա շեշտեց, որ ՀՀ կառավարության, ՀՀ ժողովրդի համար այս մոտեցումն ընդունելի լինել չի կարող, և արձանագրեց, որ պետական ծառայությունը ոչ միայն վարչապետի, նախարարի, ոչ միայն ԱԺ պատգամավորի, այլև համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի կողմից չի կարող և չպիտի ընկալվի որպես բիզնես գործունեություն:

Վարչապետը  տեղեկացրեց նաև՝ մարտի 23-ին Հայաստանում կանցկացվի հեղափոխական շաբաթօրյակ.

«2 տարի առաջ իրականացվեց «Մաքուր Հայաստան» ծրագիրը, որը շատ լավ գաղափար էր, բայց մենք պիտի չկրկնենք այն բացթողումները, որ այդ ծրագրի իրականացման ընթացքում եղել են»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով՝ տեսախցիկների առաջ աղբը հավաքել են ու տարել աչքից հեռու մի տեղ թափել:

Հերմինե Ղարիբյան

 

Դիտվել է՝