Հետ վերադարձրեք պարգևավճարները պետբյուջե, մենք կառուցում ենք նոր Հայաստան. նախաձեռնություն

32212725_1647553108654118_3421553170571067392_o

Ֆեյսբուքում ստեղծվել է նախաձեռնություն, որը ՀՀ քաղաքացիներին հրավիրում է բողոքի ցույցի՝ պահանջով ամանորյա պարգևավճարները հետ գանձել պարգևատրվածներից և վերադարձնել դրանք պետական բյուջե:

Կազմակերպիչները վստահ են, որ տեղի ունեցածն անուղղակի կոռուպցիա է և անօրինականություն, և որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունները գործել են նույն ժողովրդի հետ ոչ ազնիվ ճանապարհով:

Կազմակերպիչներից ՀՀ քաղաքացի Իրինա Հարությունյանը, ով նաև ապրիլյան հեղափոխության ակտիվ մասնակից է եղել, ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ այսպիսով նպատակ ունեն իրապես ժողովրդավարական երկիր կառուցել, որտեղ, ինչպես հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն է ասում, ժողովրդի հետ կեղծ գործարքներն անթույլատրելի են:

«Մենք պարգևավճարների մասին իմացել ենք պատահական, մամուլից: Սկզբում հրապարակեցին, որ այս մարզպետն է ստացել, հետո մյուսը, հետո այս նախարարը, հետո ՊԵԿ-ը: Մեկն ասաց՝ սա օրինական է, մեկն ասում է՝ ոչ: Բայց սա թաքուն գործարք էր, ինչն անընդունելի է նոր Հայաստանի համար»,- ասում է Իրինա Հարությունյանը:

Նա ասում է՝ խնդիրը ոչ այնքան օրինականության ու ոչ օրինականության հարցն է, որքան բարոյականության և այս տեսանկյունից մերժելի է:

«Քանի որ սովորություն ունենք Ֆեյսբուքում բողոքել, պատերի տակ բողոքել, ես որոշեցի վերջապես՝ եթե մենք գնում ենք ժողովրդավարության, եթե մենք ենք տերը այս երկրի, ժողովուրդն է պարտավոր իր խոսքն ասի: Ուզում ենք կազմակերպել բողոքի ակցիա և բոլորին հրավիրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջով հետ վերադարձնել այդ գումարները պետական բյուջե»:

Իրինա Հարությունյանի խոսքերով՝ եթե նոր Հայաստանի կառուցում են սկսել, ու թոշակառուն սկսել է լռել ու համակերպվել ցածր թոշակին՝ հնարավորություն տալով իշխանություններին աշխատել, իշխանավորներն էլ պիտի քչով բավարարվեն, մինչև երկիրն ունենա հնարավորություն թե նրանց, թե թոշակառուին բարձր վարձատրելու:

«Այն ժամանակ էլ էին ստանում, այո, բայց այն ժամանակ հին Հայաստանում էր, այն ժամանակն այլևս չկա ապրիլից հետո, հիմա նոր ժամանակներում ենք, նոր Հայաստանում ենք, ու նոր Հայաստանի պաշտոնյան պիտի ապրի իր ժողովրդի պես: Մենք ի վերջո նրանց նաև դրա համար մերժեցինք»:

ԳԱԼԱ-ի զրուցակցի խոսքերով՝ բողոքի այս ակցիան քաղաքացու ակցիան է, ոչ թե ինչ-որ մի ուժի կամ կուսակցության, կարող են մասնակցել բոլոր այն անձինք, ովքեր դեմ են պարգևավճարներին: Նա ասաց, որ ՔՊ թիմի անդամներին էլ են հրավիրում, նրանց, ում իսկապես դուր չի եկել պարգևատրման այդ կարգը: Պարգևատրումները հետ գանձելուց հետո միասին կորոշեն՝ պետական բյուջեի այդ գումարներով ինչ խնդիրներ կարելի է լուծել:

Ֆեյսբուքյան նախաձեռնությունում ասվում է՝ բողոքի ակցիան երկուշաբթի է՝ փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին ՀՀ կառավարության շենքի մոտ։
«Յուրաքանչյուր քաղաքացի, ով արժանապատվություն ունի, պարտավոր է ներկա գտնվել ու իր բողոքի ձայնը բարձրացնել կամայականությունների, խաբեության ու ամենաթողության դեմ, որը մեր երկրում դրսևորվեց կոնկրետ պետական փողերը պարգևավճար անվան տակ ապօրինի գրպանելու արդյունքում։ Մենք պարտավոր ենք մեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի կանխենք հետագա ապօրինություններն ու կամայականությունները»,- ասված է հայտարարությունում։

 

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝