Պարոն Կոստանյանը դեռ կարող է ծառայել Հայաստանին, նա ամենաարհեստավարժ իրավաբաններից է. Ալեն Սիմոնյան

alen simonyan

Պարոն Կոստանյանը դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց մամուլում շրջանառվող տեղեկություններին, որ Գևորգ Կոստանյանը միջազգային հարթակներում առաջ է տանելու Արցախյան հարցը:

«Ես իրեն համարում եմ ՀՀ-ի ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը: Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ մի տեղ իր ծառայությունները մատուցի մեր երկրին: Գևորգ Կոստանյանին դիտարկել քաղաքական միավոր՝ ես պատրաստ չեմ, քանի որ նա չի եղել ՀՀԿ անդամ, որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ լավագույններից է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե Կոստանյանը հայտնի է Մարտի 1-ի գործը «քնացնելով»՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Մարտի 1-ի գործը քաղաքական լուծման և քաղաքական կամքի գործ է եղել մշտապես»:

Հիշեցնենք, որ երբ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար էր, իսկ Կոստանյանն ընտրվում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Փաշինյանը հեգնում էր նրան: «Գևորգ Կոստանյանը, իմաստության ակունքը, մեր իրավաբանության ու իրավունքի արեգակը…»,- հայտարարել էր Փաշինյանը:

Factor.am-ն Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է հնարավոր նման վերաբերմունքից հետո Կոստանյանին դարձնել թիմի անդամ: «Մենք խոսում ենք քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական գնահատականների մասին: Ես Գևորգ Կոստանյանին ճանաչում եմ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետից, կարող եմ ասել, որ նա Հայաստանի լավագույն իրավաբաններից է»,- կրկնեց Սիմոնյանը: 

factor.am

Դիտվել է՝