Կարևոր է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արագ տեղի ունենա. ՌԴ փոխարտգործնախարար

կարասին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը աշխատանքային այցով Հայաստանում է և այսօր մասնակցում էր Ալեքսանդր Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը, որից հետո նաև պատասխանել է լրագրողների հարցերին։ 

Նա ասել է, որ ՀՀ ԱԳ նախարարի հետ շուրջ կես օր քննարկել են երկկողմանի հարաբերություններին վերաբերող հարցեր, որի շրջանակում անդրադարձ է եղել եվրասիական ինտեգրացիային, ՀԱՊԿ-ին, Ղարաբաղին:

Գրիգորի Կարասինը ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և կարևորել, որ դրանք լինեն շարունակական:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ ուղղությամբ։ Առաջիկայում կլինեն նոր հանդիպումներ: Դրանք կլինեն լիդերների՝ ԱԳ նախարարների մակարդակում: Հանդիպումները պետք է լավ պատրաստված լինեն, որպեսզի արդյունավետ լինեն»:

Հիմա շատ կարևոր է, որ Ղարաբաղի շուրջ միջազգային դրությունը լինի կանխատեսելի, կայուն, հանգիստ»,- նշեց նա:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը կարևորել է հարցի հանգուցալուծումն առանց ուժային գործողությունների կիրառման:

«Մենք պետք է իրատես լինենք ու ապավինենք ողջամտությանն ու բանակցություններին, որն ընթանում է Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության միջև՝ միջազգային հանրության օգնությամբ»,- նշել է Կարասինը՝ հավելելով՝ կարևոր է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն արագ տեղի ունենա:

Դիտվել է՝