«Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է». Զոհրաբ Մնացականյան

zzz

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցադրմանը, թե ինչ փոխըմբռնման մասին է հայտարարում ադրբեջանական կողմը, հայտարարել է. «Վստահ եմ, բավականին հասկանալի է այն, թե ինչ մոտեցումներով է Հայաստանը մոտենում. մեր տրամաբանության, երկխոսության մեջ հասկանալի ենք դարձնում, թե ինչ նկատի ունենք»:

«Մենք աշխատում ենք խաղաղության համար, բայց մեր վճռականությունը չպետք է հարցականի տակ դրվի: Մենք սա նույնպես շատ հստակ ենք դնում, որ չի նշանակում, թե կորցնում ենք մեր վճռականությունը, նշանակում է, որ խաղաղությանն այլընտրանք չկա: Խաղաղության այլընտրանքը կատաստրոֆան է: Ինչ վերաբերում է  ժողովուրդներին  խաղաղությանը պատրաստելուն, այո, այստեղ կան տարբեր գործառույթներ, ես չեմ կարող ձեզ ասել, որ մենք հիմա  ունենք հստակ ձեւավորված բանաձեւեր, թե ինչպես դա իրականացնենք, բայց որ սա սկզբունք է, որն անհրաժեշտ է զարգացնել, սա միանշանակ է»,- հայտարարեց Զոհրաբ Մնացականյանը:

Նա միեւնույն ժամանակ ընդգծեց, որ անհանգիստ է, որ հասարակությունը մտածում է, թե ամեն ինչ վատ է լինելու: 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ այն, ինչ արվում է, արվում է  բաց եւ թափանցիկ:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մի քանի անգամ հանդիպել են  առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցության, Մնացականյանը նշեց, թե չի կարծում, որ ֆորմատից շեղում կա:

«Երկու երկրների ղեկավարների համար առիթ է եղել միմյանց ճանաչելու, միմյանց զգալու, միմյանց հետ փոխանակելու տեսլականները, մոտեցումները, միմյանց զգալու որպես մարդ: Եվ այդ  առումով  դա շատ դրական է»,- ասաց Զոհրաբ Մնացականյանը:

Դիտվել է՝