Սոցիալական դժգոհությունը 27 տարվա ընթացքում չի վերածվել քաղաքական կապիտալիզացիայի

26233

«Հայաստանում կենսամակարդակի և իրավիճակի փոփոխությունը բացառապես կախված է ՀՀ իշխանություններից: Եթե իշխանությունները կամենան, երկրում իրավիճակը դրական զարգացումներ կունենա»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանն՝ իր կարծիքը հիմնավորելով այսպես, որ ՀՀ-ում իշխանություններին հակակշռող ուժ վաղուց է, ինչ չկա, իսկ ժողովրդի դժգոհությունը 27 տարիների ընթացքում քաղաքական կապիտալի չի վերածվել ու չի վերածվում, և ուրեմն այդ դժգոհությունն էլ ոչինչ չի փոխի:

Ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը Երվանդ Բոզոյանի հետ ամբողջությամբ:

-Պարոն Բոզոյան, Ձեր գնահատականները՝ երկրում ընթացող քաղաքական զարգացումների մասին: Դեպի ո՞ւր են տանում այս զարգացումները, ըստ Ձեզ:

-Ես կարծում եմ, որ ապրիլյան ընտրություններից հետո Հայաստանում որևէ քաղաքական զարգացում այլևս չի եղել և դժվար էլ լինի, որովհետև, ըստ էության, Հայաստանում քաղաքական դաշտը կիսամեռ վիճակում է: Հասարակության, ժողովրդի համար ևս այլընտրանքային բևեռ Հայաստանի համար ընկալելի չէ, և մի մասը հասարակության սպասում է, որ գոնե իշխանությունն ինչ-որ բան կփոխի, մյուս մասը չի հավատում, չունի վստահություն, իսկ երրորդ մասը պարզապես հեռանում է: Այսինքն, ժողովուրդը երեք մասի է բաժանված, և ասել, որ քաղաքական դաշտ կա, մի քիչ արհեստական է:

Մյուս կողմից տեսնում ենք, որ լրատվական դաշտը փորձում է ինտրիգ մտցնել, հետաքրքիր բան են ուզում գտնել, բայց իրենք էլ հասկանում են, որ քաղաքական դաշտ գոյություն չունի Հայաստանում:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝