«Նույնիսկ Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ բավականին ազատ էր մուտքը»

avetiq ishxanyan

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր գործադուլ հայտարարած փաստաբանների կողմից կազմակերպված քննարկման ժամանակ անդրադարձել է  դատարաններում տիրող իրավիճակին, հատկապես «Սասնա ծռերի» գործով դատաքննությունների ժամանակ:

Իրավապաշտպաններին նախ եւ առաջ զարմացրել է ոստիկանների թիվը:

«90-ական թվականներից տարբեր գործերով դատարանում եղել եմ եւ հասարակական պաշտպան եմ եղել դեռ փաստաբան չեղած ժամանակ, բայց այն,  ինչը որ տեսա, այդպիսի բան  չէի տեսել: Նախ ոստիկանների թիվը ավելի շատ էր, քան դատական նիստին մասնակցել  ցանկացողների: Կարծես մի տեսակ ահաբեկող իրավիճակ էր ստեղծված: Իսկ փաստաբանների զննություն կոչվածն իսկապես բավականին նվաստացուցիչ էր, բավականին կոպիտ…»:

Ավետիք Իշխանյանն անդրադարձավ նաեւ դատաքննություններին մասնակցել ցանկացող անձանց ցուցակագրման պրոցեսին. «Սա ի՞նչ է նշանակում՝ ես չհասկացա: Ես հարցրեցի՝ ինչո՞ւ եք դա անում, բա՝ էսինչ որոշում կա: Ասի՝ օրենքը ցույց տվեք, ի՞նչ օրենքով է: Իհարկե, օրենք չկար: Այսպիսի դատավարություն ես չեմ տեսել: Նույնիսկ Հոկտեմբերի 27-ի դատավարության ժամանակ բավականին ազատ էր մուտքը եւ այլն, այսպիսի բան չի եղել»:

Իրավապաշտպանի խոսքերով՝ սկսած 90-ական թվականներից Հայաստանում եղել են «սեզոնային քաղբանտարկյալներ»՝ կախված նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների հետ, որոնց հետո ազատ են արձակել՝ միջազգային հանրության եւ ՀՀ քաղաքական ուժերի եւ հանրության ճնշումների արդյունքում: Սակայն վերջին տարիներին իրավիճակ է փոխվել:

«2013 թվականից հետո մենք ունենք պերմանենտ քաղբանտարկյալներ, որոնք կապված չեն ընտրությունների հետ: Եվ շատ հաճախ մեղադրանքներն ինձ հիշեցնում են 37 թվականի մեղադրանքներ: Նախ անհամաչափ պատիժները՝ Շանթ Հարությունյան եւ ընկերներ, որոնց կարելի է քաղբանտարկյալ համարել պատիժների անհամաչափության տեսանկյունից, եւ հիմա՝ Անդրիաս Ղուկասյան, Արմեն Միքայելյան, Դավիթ Հովհաննիսյան, Արարատ Խանդոյան, Սամվել Բաբայան, Ժիրայր Սեֆիլյան…»:

Քաղհասարակության եւ փաստաբանների վրա գործադրվող ճնշումների նպատակն, ըստ իրավապաշտպանի, այն է, որ իշխանությունները ցանկանում են ունենալ հպատակ հասարակություն:

 Արմենուհի Վարդանյան

Դիտվել է՝