«Ոչ մի դեպքում չի կարելի փոշիացնել տարածաշրջանում ժողովրդավարական կղզյակի իմիջը»

136808

 ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

Վլադիմիր Կարապետյան

Վլադիմիր Կարապետյան

«Հեղափոխության հենց հաջորդ օրվանից ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական գործառույթը դարձավ Հայաստանում տեղի ունեցող լուսավոր գործընթացների ճիշտ ներկայացումը: Տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը կտրուկ բարձրացրեց Հայաստանի վարկանիշը: Միջազգային հիմնական խաղացողների կողմից անտեսված և մոռացված մեր երկիրը դարձավ միջազգային առաջատար լրատվամիջոցների անդրադարձի կարևոր օբյեկտ, մեր մասին խոսում էին/են, մեր մոտ տեղի ունեցող իրադարձություններին՝ ուշի-ուշով հետևում: Այդ փուլում ՀՀ նոր իշխանությունների հիմնական մարտահրավերն էր՝ կոտրել նախկին իշխանության մնացորդների (թեև շատ ազդեցիկ) ջանքերով միջազգային հանրության շրջանում հայաստանյան իրադարձությունների մասին աղավաղված պատկերը՝ դրանով ամրապնդել Հայաստանի դիրքերը (բոլոր առումներով) դրսում: 
Դեկտեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին միջազգային հանրության միահամուռ փայլուն գնահատականը ազդարարեց հեղափոխության վերջնական հաղթանակը: Հայաստանը ձեռք բերեց արտաքին աշխարհի դրական գնահատականների մի անգնահատելի պաշար, որը հարկավոր է նյութականացնել: Այստեղ է որ մենք ոչ մի դեպքում չպետք է խորասուզվենք իներցիայի և առօրյա գործունեության հորձանուտ, այլ մշակելով և հրապարակելով արտաքին քաղաքականության առաջնայնությունները (այն կարող է լինել ՀՀ ԱԺ-ին ներկայացվելիք կառավարության ծրագրի տեսքով) համապատասխան մարմինների ողջ ներուժը ուղղենք այդ նպատակները իրականացնելուն: Միջազգային բարենպաստ միջավայրի շնորհիվ Հայաստանի շահերի հետապնդման ուղղությամբ արդյունավետ քայլեր իրականացնելու ամեն օրվա հապաղումը ուղղակի անթույլատրելի է: Ոչ մի դեպքում չի կարելի փոշիացնել տարածաշրջանում ժողովրդավարական կղզյակի իմիջը, որին կրկին արժանացել է Հայաստանը դեկտեմբերի 9-ից հետո: Հարկավոր է դնել ամենաամբիցիոզ նպատակներ և համբերատար ու նպատակասլած աշխատաքով հասնել դրանց իրականացմանը»:

Դիտվել է՝