Բելառուսը քայլեր է ձեռնարկել, հայկական կողմը շարունակում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չլուծված համարել

lll4

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դեկտեմբերի 21-ին ստորագրել է ՀԱՊԿ ԳՔ պաշտոնում Ստանիսլավ Զասին նշանակելու վերաբերյալ որոշման նախագիծը: Այդ մասին հայտնի է դարձել Բելառուսի նախագահի և Անվտանգության խորհրդի պետքարտուղարի հանդիպմանը: Զասը երկրի նախագահին արդեն զեկուցել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան ու ՌԴ կատարած այցերի մասին: Վերոնշյալ երկրների ղեկավարները ևս հավանություն են տվել Զասի թեկնածության նշանակմանը:

Ալեքսանդր Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ իրականացվեն Աստանայի հավաքի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս մասին տեղեկացնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ս. Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, թե արդեն եկող տարվա առաջին օրերին ինքը կսկսի աշխատել նոր պաշտոնում: Պատասխանելով ՀՀ ղեկավարության հետ հնարավոր հանդիպման հնարավորությանը վերաբերող հարցին՝ Ս. Զասն ասել է, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի, ԱԳ, պաշտպանության նախարարների պաշտոնակատարների հետ, նրանց հետ քննարկել կազմակերպությունում առկա խնդիրները և աշխատել դրանց լուծման ուղղությամբ: Նրա վկայությամբ՝ ՀԱՊԿ կանոնադրությունը որոշումների ընդունման սահմանափակ ձևաչափ ունի այն դեպքերի համար, երբ կողմերից մեկը համաձայն չի լինում այս կամ այն որոշման հետ: «Ամեն դեպքում, ես հույս ունեմ, որ կոնսենսուս, այնուամենայնիվ, ձեռք կբերվի, և խնդրահարույց հարցերը կհանվեն: Դա կլինի ամենալավ ու օգտակար տարբերակը: Պետք է հաղթահարել տարաձայնությունները և անցնել նորմալ աշխատանքի»,- նշել է Ստանիսլավ Զասը:

ԳԱԼԱ-ն դիմեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանին՝ հարցնելով, թե Բելառուսի քայլից հետո ՀՀ-ն մտադի՞ր է պատասխան քայլով հանդես գալ: Խոսնակն ասաց. «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը շարունակում է դեռ չլուծված մնալ: Ճշգրտող հարցին, թե ՀՀ վարչապետի հանդիպում հնարավո՞ր է, Աննա Նաղդալյանը հարցը վերահասցեագրեց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանին: Վերջինս «Հայկական ժամանակին» ասել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել՝ որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի:

Իսկ քաղաքական հարթակում արդեն այդ թեմայով քննարկումներ են ծավալվում: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ ՀՀ-ն էլ իր կողմից պետք է ստորագրի Վաղարշակ Հարությունյանի թեկնածության վերաբերյալ որոշումը:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝