Ինչ պատահեց, որ հանկարծ Լուկաշենկոն սկսեց «ակտիվանալ»

original-600x400

Վերջին օրերին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր հայտարարություններով քաղաքական շրջանակների քննարկումների առանցքում է: Բելառուսի ղեկավարի վերջին ասելիքը վերաբերում էր Ադրբեջանին զենք վաճառելու թեմային:

«Ո՞վ է Ադրբեջանի հետ զենքի վաճառքում առաջին տեղում՝ Ռուսաստանը, իսկ ինչո՞ւ ես բերանդ ջուր առել, բա բարձրաձայնիր այդ մասին, քննադատիր Վլադիմիր Վլադիմիրովիչին, վախենո՞ւմ ես»,- ասել է Լուկաշենկոն Նիկոլ Փաշինյանին:

Դրան արձագանքել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը՝ հայտարարելով, որ  Լուկաշենկոն հերթական փակ հանդիպումից հրապարակել է միայն այն, թե ինչ է ասել ինքը, և չի հրապարակել այն, թե ինչ պատասխաններ է ստացել ՀՀ վարչապետից:

Այս թեմայով ներկայացնում ենք ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

-Պարո՛ն Դանիելյան, Ադրբեջանին զենք վաճառելու թեմայով հայտարարությանը նախորդել էր Լուկաշենկոյի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ հայտարարությունը, թե «շիլափլավը Նիկոլ Փաշինյանն է եփել՝ իրենց ներքաշելով ՀՀ ներքաղաքական գործընթացների մեջ»: Այսպիսի գնահատականների ֆոնին ի՞նչ հանգուցալուծումներ եք տեսնում:

Ստեփան Դանիելյան

Ստեփան Դանիելյան

-Սա առաջին դե՞պքն է, որ ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հրապարակային ու կոպտագույն կերպով վիրավորում է մեկ այլ երկրի ղեկավարի: Այստեղ պետք է հասկանանք, թե որն է պատճառը: Իսկ պատճառն ինքն իր խոսքում հստակ ասաց՝ մինչ այդ ասելով, որ Ռուսաստանի և Բելառուսի միջև կան հակասություններ: Իսկ այդ հակասությունները վերաբերում են և՛ ռազմական, և՛ տնտեսական ոլորտի համագործակցությանը, մասնավորապես գազի գնին: Եվ այդ համատեքստում նա վիրավորեց Փաշինյանին՝ ասելով, թե ինչու է նա իր հետ հակամարտության մեջ մտել զենքի վաճառքի առումով՝ իմանալով, որ ամենից շատ զենք ՌԴ-ն է վաճառում Ադրբեջանին, սակայն այդ հարցով Պուտինին չի քննադատում, վախենո՞ւմ է: Այստեղից պետք է հասկանալ, որ հիմնական խնդիրն այն է, որ ՀՀ-ն ռուս-բելառուսական հակամարտության մեջ որոշ իմաստով Ռուսաստանի կողմն է պահում: Դա վերաբերում է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցին: Փաստորեն, ՀՀ-ն վետո է դնում, քարտուղարը մնում է Ռուսաստանի ներկայացուցիչը՝ ժամանակավոր պաշտոնակատարը՝ Վ. Սեմերիկովը: Սա կոնֆլիկտն է, այսինքն՝ ՀՀ-ն արդեն սկսել է ինչ-որ դեր կատարել ՀԱՊԿ-ի շրջանակում, և այդ դերը Բելառուսին դուր չի գալիս: Հիմա թե հարցն ինչպես կհանգուցալուծվի, դա այլ հարց է, փաստն այն է, որ գործընթացն այդպիսին է: Բելառուսի նախագահը միշտ Ղազախստանի նախագահի հետ հակամարտության մեջ են եղել ՌԴ հետ: Արդեն մամուլն էլ է գրում, որ մի քանի կոպիտ խոսակցություններ են եղել: Ռուսաստանի և Բելառուսի միջև հակամարտության մեջ ՀՀ-ն դերակատարություն է ստանձնել, մեր շահերը համընկել են ՌԴ շահերի հետ: Դա դուր չի եկել Բելառուսի նախագահին:

- Բայց չկա շահերի համընկնում ՀԱՊԿ ԳՔ հարցում. ՀՀ-ն պնդում է, որ ՀԱՊԿ ԳՔ մինչև 2020թ. պետք է լինի ՀՀ ներկայացուցիչը:

-Այստեղ խնդիրը ԳՔ հարցը չէ: ԳՔ հարցն առիթ է, և խնդիրն այն չէ, որ ՀՀ և ՌԴ շահերը համընկնում են: Խնդիրն այն է, որ ՀԱՊԿ-ում կա մեծ երկիր՝ Ռուսաստանը, և ԵԱՏՄ անդամ մյուս երկրները, որոնք ունեն շահերի հակասություններ: Այդ մյուս երկրները դաշնակցում են ՌԴ դեմ՝ իրենց շահերն առաջ տանելու համար, շատ դեպքերում՝ արդարացի, շատ դեպքերում՝ ոչ: Եվ քանի որ Ադրբեջանը, չլինելով ՀԱՊԿ անդամ, որոշակի օգնություն է ցուցաբերում Ղազախստանին և Բելառուսին: Վերջինիս նախագահն այդ մասին անգամ նշել էր: Այսինքն՝ Ադրբեջանն այդ խմբի մեջ է հայտնվել, որը հակասում է ՌԴ շահերին: Հաշվի առնելով Ադրբեջանի գործոնը՝ ՀՀ-ն մյուս ճամբարում է հայտնվում՝ թեկուզ ակամա:

-Նշվում էր, որ Խաչատուրովի հանդեպ քրգործ հարուցելու մտադրության մասին ՀԱՊԿ անդամ-ընկերներին նախօրոք չիրազեկելը սխալ էր, և այս ՀԱՊԿ ԳՔ քարտուղարի հետ կապվածն այդ սխալի հետևանքն է: Համամի՞տ եք:

-Դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանի կոպտագույն սխալն է եղել, որից օգտվում են Բելառուսն ու Ղազախստանը: Նախօրոք զգուշացման առիթով Լուկաշենկոն ճիշտ է, սակայն այս վերջին հայտարարության առիթը դա՛ չէր, առիթը, ինչպես ասացի, վերոնշյալ հակասություններն են: Շատ դեպքերում Փաշինյանի արտաքին քաղաքականությունն անհեթեթ է:

Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասել էր, թե ինչքան էլ տհաճ ու անտակտ է, բայց Բատկան ճիշտ է, և եթե մենք ՀԱՊԿ-ում ասելիք ունենք, ապա այն առաջին հերթին պետք է ուղղված լինի Ադրբեջանին համար մեկ զենք վաճառող մեր ռազմավարական գործընկեր և գլխավոր դաշնակից Ռուսաստանին: Ինչպե՞ս կարձագանքեք սրան:

-Փաստը մնում է, որ ՌԴ-ն թանկ գներով զենք է վաճառում Ադրբեջանին, իսկ ՀՀ-ին դա ձրի է տալիս, ինչ-որ վարկերով: Ադրբեջանն ունի զենք գնելու այլընտրանքներ, որովհետև գումարներ ունի, ՀՀ-ն այլընտրանք չունի: Հիմա թե ՌԴ-ն լավ է անում, թե վատ, դա մի հարց է, իսկ ՀՀ-ի՝ այլընտրանք ունենալ-չունենալն էլ այլ հարց է: Սա փաստ է, իրողություն, մեզ դուր գա, թե չգա: Արամ Սարգսյանն էլ, դա ասելով, չի մեղադրել Նիկոլ Փաշինյանին Խաչատուրովի հետ կապված կոպիտ սխալն անելու մեջ:

Զրույցը՝ Անահիտ Ավագյանի

Դիտվել է՝