Փողերի լվացում, արդարադատությանը խոչընդոտելը և Մարտի մեկ. կկալանավորվի՞ վաղը Արմեն Գեւորգյանը

556341-1

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին նոր մեղադրանք է առաջադրվել, իսկ խափանման միջոցի կիրառման հարցը վաղը նշանակված նիստում կքննի Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Նոր Նորք վարչական շրջանի նստավայր): Այդ մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Ըստ փաստաբանի՝ իր պաշտպանյալին նախաքննական մարմինն առաջադրել է ևս մի քանի մեղադրանք: Դեռ օգոստոսի 3-ին նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով (արդարադատությանը խոչընդոտելը), իսկ դեկտեմբերի 11-ին դրան ավելացել է ևս մի քանիսը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալն ու հանցավոր ճանապարհով ստացած եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացում), ինչպես նաև սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելը: Թե ումից է կաշառք ստացել, պաշտպանը չմանրամասնեց՝ դա հիմնավորելով նրանով, որ ինքն իրավունք չունի նախաքննական գաղտնիք բացահայտել: Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա ըստ Էրիկ Ալեքսանյանի՝ ի սկզբանե խափանման միջոց էր ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին», և քանի որ նախօրեին մեղադրանքի ծավալը փոփոխվել է, նախաքննական մարմինը «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը վերացնելու որոշում է կայացրել: «Նախաքննական մարմինը որոշում է կայացրել խափանման միջոցի ամենախիստ տեսակն ընտրելու վերաբերյալ: Հարցը դատարանը քննարկման առարկա կդարձնի վաղը»:

Փաստաբանը նշեց, որ Արմեն Գևորգյանն իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում:

Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը տարբեր տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի, ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀՀ տարածքային կառավարման նախարարի, ՀՀ փոխվարչապետի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները:

 Անահիտ Ավագյան

Դիտվել է՝