Նիկոլ Փաշինյանը և բացարձակ պատասխանատվության թեզը

nikol-pashinyan-talin-1-1-634x445

Հայաստանում դեկտեմբերի 9-ին կայացան ապրիլյան հեղափոխությունից հետո այնքան սպասված խորհրդարանական ընտրություններ, որոնք, առանց չափազանցության, նոր էջ են բացում Հայաստանի պատմության մեջ: Եվ հարցը ոչ միայն նրանում է, որ այսքան տարվա մեջ առաջին անգամ Հայաստանում հաջողվել է կազմակերպել իսկապես լեգիտիմ համապետական ընտրություններ, այլ նաև նրանում, որ տարիներ շարունակ իշխանական աթոռը մոնոպոլիզացման ենթարկած ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, դուրս է մնացել ԱԺ-ից՝ չկարողանալով հաղթահարել 5 տոկոսանոց անցողիկ շեմը: Այսպիսով, ՀՀ Ազգային ժողովը ձևավորեցին 3 քաղաքական ուժեր՝ «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:

Քաղաքական ուժերի նման դասավորությունը, ընտրողների պասիվությունը (տվյալ պարագայում խոսքը պաշտոնական՝ 48,63%-ի մասին է, առանց հաշվի առնելու որոշ նրբություններ, որոնք տվյալ ցուցանիշը կասկածի տակ են դնում), ինչպես նաև այն, որ, փաստացի, խորհրդարանը մնաց առանց ուժեղ ընդդիմության, որոշ քաղաքական գործիչների և փորձագետների համար հիմք հանդիսացան պնդելու, որ այս պահից սկսած բոլոր ձախողումների համար պատասխանատվություն է կրում անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նման մոտեցումը, սակայն, ավելի նման է քաղաքական մանիպուլյացիայի, քան իրականության արտացոլման:

«Բացարձակ իշխանությունը ենթադրում է բացարձակ պատասխանատվություն» թեզի վերաբերյալ

Չնայած այն բանի, որ կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վերջին տարիների ընթացքում առաջին անգամ «ժողովրդի սրտով» են, սակայն փաստը մնում է փաստ. երկրում կրկին հաստատվել է մեկ քաղաքական ուժի իշխանություն, և ՀՀԿ-ի մենիշխանությունը փոխարինվել է «Իմ քայլ»-ի մենիշխանությամբ: Իսկ բացարձակ իշխանությունը, ինչպես հայտնի է, այլասերում է:

Սակայն եթե նախկինում իշխանությունների այլասերվածության դեմ հասարակության լայն զանգվածների պայքարը շատ անգամ ձախողվում էր, քանի որ, մի կողմից, քաղաքական համակարգի ներսում տարաձայնությունները դեռ գագաթնակետին չէին հասել, ակցիաները շատ անգամ ինքնաբուխ բնույթ էին կրում, հասարակության որոշ խմբերի պայքարը վերածվում էր իշխանությունների կողմից ուղղորդվող շարժման, տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվության զգացումը բացակայում էր (այդ թվում՝ իրենց ընդդիմություն հռչակած որոշ քաղաքական ուժերի մոտ), ապա ապրիլյան իրադարձություններից հետո մարդիկ հստակ պատկերացում կազմեցին՝ ինչպես, երբ և ոնց անել, որպեսզի պայքարը հաջողված լինի:

Տվյալ փաստը զգալիորեն նվազեցնում է ամենաթողության մթնոլորտի ստեղծման վտանգը, մանավանդ հաշվի առնելով այն, որ վաղ թե ուշ հետհեղափոխական էյֆորիան (որը ծնել է նաև բազմաթիվ իռացիոնալ, ամբոխին բնորոշ պահանջները) իր տեղը կզիջի քաղաքական և տնտեսական գործընթացների ռացիոնալ ընկալմանը: Սա, վստահ ենք, գիտակցում են կամ վաղ թե ուշ գիտակցելու են նաև նորընտիր իշխանությունները: Ինչպես նաև գիտակցում են խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերը: Այնպես որ, դեկտեմբերի 9-ից Հայաստանում քաղաքական գործընթացների նոր ալիք սկսվեց, և հեղափոխությունը բնավ չավարտվեց, այլ մտավ նոր փուլ, քանի որ հեղափոխությունը միայն իշխանության փոխանցումը չէ, այն շատ ավելի բարդ գործընթաց է, որի մեջ ներգրավված են նաև քաղաքական մշակույթին վերաբերող խնդիրները:

Մեղավորներին փնտրելիս

Հայաստանի քաղաքական մշակույթին բնորոշ խնդիրներից մեկը երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համար հասարակության որոշ խմբերի մոտ պատասխանատվության զգացումի բացակայությունն է: Եվ եթե նախկինում երկրի բոլոր ձախողումների համար պատասխանատվությունը բարդում էին ՀՀԿ-ի վրա, ապա այժմ, ընտրություններից ընդամենը հաշված ժաներ անց մտքեր են հնչել, որ հետագայում, «Իմ քայլի» քաղաքական մենաշնորհի պայմաններում բոլոր ձախողումների համար պատասխանատու է անձամբ Նիկոլ Փաշինյանը:

Սակայն մեղավորներին փնտրելու ձգտումը ոչ միայն անհիմն է, այլ նաև ապակառուցողական:

Բանն այն է, որ ժամանակակից աշխարհում, ժամանակակից ժողովրդավարական պետության պայմաններում ժողովուրդը, հանդիսանալով իշխանության աղբյուրը, պետության կառավարումը պատվիրակում է պետության տարբեր կառույցներին և ինստիտուտներին, որոնք ձևավորվում են համապետական և տեղական ընտրությունների միջոցով: Ընդ որում՝ քվեարկությունն ընթանում է կուսակցությունների և դաշինքների ծրագրային դրույթների պայքարի հիման վրա: Հետևաբար, հենց ժողովուրդն է պատասխանատու իր արած կամ չարած ընտրության համար:

Այսպիսով, և՛ նախորդ իշխանությունների պարագայում (երբ իշխանական աթոռը բռնազավթած իշխանությունների հենարանը հանդիսանում էին բռնի ուժն ու ընտրակեղծիքները, և ընտրական իրավունքով օժտված քաղաքացիները՝ ընտրակեղծիքների մեղսակիցները, գնում էին ընտրատեղամասեր գումարի դիմաց՝ իշխանություններին փաստացի օրենք խախտելու ու երկրի շահերը ոտնահարելով մանդատ տալով), և՛ այս անգամ (երբ ընտրողների մեծամասնությունն իր վստահությունը հայտնեց «Իմ քայլ»-ին՝ լիազորելով նրան իր անունից որոշումներ ընդունել) իշխանության ղեկին գտնվող անձերի վրա պատասխանատվությունը բարդելը սխալ է, քանի որ ընտրական մեխանիզմի առկայության պարագայում երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար միակ պատասխանատուն ժողովուրդն է, ընտրողները:

Եվ մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը կարելի է հաջողված համարել միայն այն բանից հետո, երբ ողջ հասարակությունը գիտակցի այդ փաստը, և մեղավորներին փնտրելու փոխարեն պատասխանատվությամբ լցվի իր արած կամ չարած քայլերի համար:

Նինա Մարգարյան

 

 

Դիտվել է՝