Դանակահարություն ընտրություններից հետո. չորս քաղաքացու դանակահարած անձը հայտնաբերվել է

Снимок

Կոտայքի մարզում հետընտրական կրքեր են բորբոքվել։ ԹԻՎ1-ի տեղեկություններով,   Նոր Գեղի  համայնքում կեսգիշերն անց դանակահարության դեպք է տեղի ունեցել, ինչն ուղեկցվել է կրակոցներով։

Նոր Գեղիի  գյուղապետի  պաշտոնակատար  Վարդան Պապյանը ասել է, թե ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանի բարեկամ, ԲՀԿ-ական Շավարշ Առաքելյանը մի քանի օր առաջ մեքենայով  հարվածել  է Կոտայքի  մարզպետի  պաշտոնակատար  Ռոմանոս Պետրոսյանի քարոզարշավի մասնակից մեքենաներից մեկին, ինչից հետո Շավարշ Առաքելյանի որդին՝  Վարդանը,  իջել է մեքենայից և  հարվածել մյուս վարորդին։ Սկսվել է ծեծկռտուք։ Դեպքից շատ չանցած՝ Ֆրոնտիկ Թևոսյանի բարեկամները ծեծի  են ենթարկել գյուղապետի  պաշտոնակատար Պապյանի  եղբորը՝ Անդրանիկ Պապյանին։

«Զանգում է  եղբայրս, պատմում  դեպքի  մասին։ Ես  մինչև  հասնում  եմ դեպքի  վայր,  այսինքն՝ Նոր Գեղիի խաչմերուկ, լսում եմ, որ եղբորիցս հետո այդ նույն անձինք ծեծի  են  ենթարկել  այս  անգամ այլ  բնակիչների,  հնչել  են կրակոցներ   և  արձանագրվել  է  դանակահարության դեպք։ Ոստիկանները  գալիս  են խաչմերուկ,  ապա   ինձ  այսօր՝  առավոտյան, հրավիրում են բաժին։ Մինչև ես գտնվում  եմ բաժնում, կրկին Թևոսյանի  բարեկամները  մեքենայով  հետապնդում են  եղբորս՝ Անդրանիկին,  որ սովորականի նման  աշխատանքի  գնալիս  է  լինում։ Ճանապարհին   մենքենայով  հարվածում են եղբորս մեքենային, փորձում նրան նետել «կանալը»։ Տեսնելով,  որ  փորձերն  ապարդյուն են,  հետ  են գալիս,  մտնում են գյուղապետարանի  շենք, հարվածում  ու  գետնին են նետում համակարգիչները, սեղանների  վրա դրված իրերը, պատառոտում են պաստառներն ու  դուրս  գալիս շենքի  դիմաց, փակում ճանապարհը՝  պահանջելով իմ  հրաժարականը։ 50-60  հոգին ցանկանում է որոշել 6500-ի  փոխարեն։ Մամուլն էլ հիմա  գրում է, որ ես  մարզպետի  հրամանով ազատվել  եմ զբաղեցրած պաշտոնից, որը չի համապատասխանում իրականությանը։

Ի դեպ, Ֆրոնտիկ Թևոսյանին շատերը կհիշեն, նա իր անվամբ էր անվանակոչել գյուղի  երաժշտական դպրոցն ու փողոցներից  մեկը, ինչը բավական լայն ու բացասական արձագանք գտավ սոցցանցերում։

Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Դեկտեմբերի 9-ին, ժամը 22-ն անց 30-ին, ոստիկանության Նաիրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղի գյուղի խաչմերուկում մարդիկ են հավաքված, նման է վիճաբանության: Մեկնած ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում, վիճաբանության ժամանակ ծեծկռտուք է եղել: Դեկտեմբերի 10-ին ժամը 00.50-ին, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքեր ախտորոշումներով բուժօգնության են տեղափոխվել 3 տղամարդ:

Դեկտեմբերի 10-ին, ժամը 1.10-ին Նոր Նորքի բաժնից հեռախոսագիր է ստացվել, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 23.40-ին «կրծքավանդակի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Նոր Գեղի գյուղում անհայտ անձից դանակով հարված ստանալու հետևանքով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համալիր միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 21-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ժամանակ Գևորգ Բ.-ն դանակով հարվածել է տղամարդկանց՝ պատճառելով վնասվածքներ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կոտրված դանակ: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 10-ին ժամը 23-ն անց 30-ին, Գևորգ Բ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և խոստովանել, որ ինքն է դանակով մարմնական վնասվածքներ հասցրել 4 տղամարդկանց: Գևորգ Բ.-ն ներկայացվել է Նաիրիի քննչական բաժին: Կատարում է քննություն:»

Դիտվել է՝