Կառավարության նիստին Արարատ Միրզոյանին թույլ չտրվեց ներկայացնել Գյումրու ավագանու ուղերձը՝ անօթեւանության խնդրի լուծման մասին

ararat mirzoyan

Այսօր ՀՀ կառավարությունն արտագնա նիստի ժամանակ որոշում ընդունեց ձևավորել աշխատանքային խումբ և սկսել «Աղետի գոտի» անվանումով փաթեթի պատրաստումը:

Ըստ էության, աղետալի երկրաշարժից 30 տարի անց սա հերթական աշխատանքային խումբն է, որ ձևավորվում է՝ դարձյալ հաշվարկներ անելու անօթևանության թվի, պետության պարտավորությունների և անհրաժեշտ միջոցների վերաբերյալ:

Բանն այն է, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը հայտարարեց, որ աղետի գոտում պետությունն այս պահին պարտավորություն ունի հաշվառված 498 ընտանիքի նկատմամբ, և որ այդ խնդիրը լուծելու համար պահանջվում է մոտավորապես 3.5 մլրդ ՀՀ դրամ:

Մինչդեռ միայն Գյումրիում տնակներում ապրող ու բնակարանի սպասող շուրջ 2856 ընտանիք կա:

«Փաստորեն, չունենք գնահատական, թե ինչ ասել է աղետի գոտի և աշխատանքի ու միջոցների ինչ ծավալների մասին է խոսքը»,- եզրակացրեց Փաշինյանը և որոշեց, որ պետք է ձևավորել աշխատանքային խումբ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի գլխավորությամբ, որպեսզի ձևավորվի ամբողջական տեղեկատվական փաթեթ:

Նա հարց հղեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանին, թե կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե որքան գումար է անհրաժեշտ, ըստ էության, աղետի գոտու գոնե բնակարանային խնդրից ձերբազատվելու համար:

«Շատ է պետք»,- ասաց Էլոյանը: Սա զայրացրեց Փաշինյանին.

«Ի՞նչ է նշանակում շատ: Կոնկրետ գնահատական պետք է տրվի, ոչ մի բանի համար էլ քիչ գումար պետք չէ»:

Քննարկվեց նաև այն հարցը, թե որն է ավելի ձեռնտու՝ ԲԳՎ տրամադրման գործընթացով խնդիրը լուծե՞լը, թե՞ շինարարություն սկսելը: Հանգեցին այն եզրակացության, որ ԲԳՎ տարբերակն ավելի արդյունավետ ու էժան տարբերակ է:

Այստեղ փորձեց հայտարարությամբ հանդես գալ փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, ով ասաց, որ սխալ է այն տեսակետը, թե չկան կոնկրետ ուսումնասիրություններ ու թվեր: Նա ասաց նաև, որ Գյումրու ավագանին նաև ուղերձ է հղել ՀՀ կառավարությանը:

«Իմ ձեռքի տակ հիմա տեղեկանքանման մի բան կա, ըստ էության, կան ուսումնասիրություններ: Ես ուզում եմ ընթերցել Գյումրու ավագանու ուղերձը»,- ասաց Միրզոյանը, և նա փորձում էր ներկայացնել նաև Գյումրու քաղաքապետարանից թվերը, սակայն Փաշինյանն ընդհատեց՝ ասելով.

«Ես խոսում եմ աղետի գոտու մասին ընդհանուր առմամբ, և խնդիրը շատ պարզ է, գուցե առանձին թաղամասում էլ ունենանք ինչ-որ գնահատական, ձեզ պետք է հստակ փաստաթուղթ և՛ անհրաժեշտ միջոցների մասին, և՛ ճանապարհային քարտեզի մասին:

Հիմա, պարոն Էլոյան, հասկացա՞նք խնդիրը, մենք անընդհատ ասում ենք աղետի գոտի, բնակարանային խնդիր, բայց չգիտենք՝ ինչի մասին ենք խոսում:

Հետևաբար սեղմ ժամկետներում ձևավորում ենք աշխատանքային խումբ, կամ եթե անհրաժեշտություն կա, վարչապետի որոշմամբ է ձևավորվում այդ խումբը, որը հստակ պետք է ձևակերպի «Աղետի գոտի» փաթեթը՝ հստակ թվերով, գումարով, հնարավոր ճանապարհային քարտեզով, պետք է հասկանանք՝ ինչ է պետք անել, ինչքան գումարով»:

ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Ֆ. Ցոլակյանը խորհուրդ տվեց կոնկրետ սահմանել՝ այդ «սեղմ ժամկետը» որքան է, որպեսզի հարցը նորից չմոռացվի: Փաշինյանը սահմանեց այդ ժամկետը՝ մեկ շաբաթ, և հանձնարարեց Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ կառավարության մյուս նիստին փաստեր ներկայացնել:

Դիտվել է՝