Մովսեսի առաջին թռիչքը, Արմենի վարակիչ սերը. պատմում են զոհված օդաչուների ընկերները. news.am

odachuner

Փոխգնդապետ Արմեն Բաբայան

Ռազմական օդաչու Վյաչեսլավ Ոսկովսկին դեկտեմբերի 4–ի առավոտյան, ժամը 10։00–ին ՄԻ–24 ուղղաթիռով Երևանից հերթական ուսումնական թռիչքն էր իրականացնում։ Նույն ժամին Շիրակի օդանավակայանից ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռով օդ էր բարձրացել նաև Վյաչեսլավի ընկերը՝ առաջին կարգի օդաչու Արմեն Բաբայանը։ Րոպեներ անց հենց օդում Վյաչեսլավն իմացավ, որ կորել է կապը ՍՈՒ-25–ի հետ։ Փոխգնդապետ Ոսկովսկին հրաման ստացավ՝ ուղևորվել Մարալիկ, որտեղ անհետացել էր գրոհիչ ինքնաթիռը։ Որոնումները շարունակվեցին չորս ժամ, ընկերոջը ողջ գտնելու հույսը վերջնականապես մարեց, երբ Քարաբերդի սև վարելահողերում գտան կործանված ինքնաթիռի առաջին բեկորներն ու ընկերոջ մոխրացած իրերը։

Ընդամենը չորս տարի առաջ Արցախում Ոսկովսկու աչքի առջև ադրբեջանական կողմը խոցեց հայկական ՄԻ–24–ը. զոհվեցին օդաչուի երեք ընկերները։ Փոխգնդապետը դեռ այդ հիշողությունների մղձավանջից չէր ազատվել…

Արմեն Բաբայանի և Վյաչեսլավ Ոսկովսկու ընկերությունը սկսվել էր 26 տարի առաջ։ 1992թ. Մայրաքաղաքային գնդում ( Ստալիչնի պոլկ) ծառայող տղաները որոշում են մեկնել Ռուսաստան և այնտեղ սովորել  օդաչուի մասնագիտությունը։

«Այդ ժամանակ Հայաստանում չկար ուսումնական հաստատություն, որտեղ կարելի էր օդաչուների պատրաստել։ ՌԴ մեկնելը չստացվեց, փոխարենը մեկ տարի անց՝ 1993թ. բացվեց Երևանի ռազմական ավիացիոն թռիչքատեխնիկական  ուսումնարանը, որտեղ առաջին անգամ օդաչուներ սկսեցին պատրաստել։ Ես ու Արմենը ուսումնարանի առաջին դիմորդներն էինք։ Այդ ժամանակ Հայաստանում արագ օդաչուներ պատրաստելու  խնդիր կար և երեք տարի անց, ավարտելով ուսումնարանն անցանք աշխատանքի»,– հիշում է նա։

Արմեն Բաբայան

Արցախյան ազատամարտն ու Արմեն Բաբայանը

Արմեն Բաբայանը ծնունդով Արցախի Հադրութի շրջանից էր։  Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո մեկնել էր ռազմաճակատ ու մասնակցել ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին։

«Արմենը գիտեր, թե պատերազմում որքան կարևոր է ավիացիան, ուզում էր շուտ սովորել ու որպես ռազմական օդաչու էլ մասնակցեր կռվին։ Յուրահատուկ սեր ուներ Արցախի հանդեպ։ Ամեն անգամ, երբ խոսք էր գնում դեպի Արցախ թռիչքների մասին, միշտ խնդրում էր հրամանատարությանը, որ ինքը դա աներ։ Նրա հայրենասիրությունը, սերը Արցախի հանդեպ վարակիչ էր։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, եթե չլիներ նրա՝ սպայի կարգապահությունը, երևի թե ոչ ոքի չլսեր ու մեկներ ճակատ։ Ամեն վայրկյան սպասում էր առաջադրանքի, որ  իր ինքնաթիռով գործի անցներ»։

Կրկնվող ճակատագիր. երկու զոհված օդաչուներ Բաբայանների ընտանիքում

Փոխգնդապետ Արմեն Բաբայանը հայտնի օդաչու, գնդապետ Բորիս Բաբայանի եղբորորդին է։  Ռուսաստանում տարբեր պաշտոններ զբաղեցրած գնդապետը  Հայաստան է վերադարձել 90–ականներին՝ մասնակցելու Արցախյան ազատամարտին։ Նա մեծ ներդրում է ունեցել հայկական ռազմական ավիացիայի կազմավորման գործում. եղել է ավիացիայի շտաբի պետ։ Բորիս Բաբայանը զոհվել է 1995թ. Արցախում՝ L-39 ինքնաթիռով մարտական առաջադրանք կատարելիս։

 Արմեն Բաբայանը ռազմական օդաչուի մասնագիտությունն ընտրել է հենց հորեղբոր օրինակով։

«Արմենը  միշտ ցանկացել է նմանվել հորեղբորը ու, ցավոք, արժանացավ նույն բախտին, երկուսն էլ զոհվեցին … Երկուսն էլ ինքնաթիռով»։

Մայոր Մովսես Մանուկյան

Մովսես Մանուկյան

ՍՈՒ 25 գրոհիչ ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհված մայոր, 31-ամյա Մովսես Մանուկյանն էլ էր օդաչուների գերդաստանից։ Նրա ծնողները, հորական պապը, հորեղբայրը, հորեղբոր որդին՝ բոլորը օդաչուներ են:

Առաջին թռիչքը

Մովսես Մանուկյանն առաջին անգամ ինքնաթիռով ինքնուրույն օդ բարձրացավ Արզնիում։ Մոսոյի առաջին թռիչքն ուրախություն էր բոլորի համար՝ հիշում է Մովսեսի ընկերը՝ ուղղաթիռի ավագ օդաչու Էդմոն Սուքիասյանը։

«Հիշում եմ, Արզնիի օդանավակայանում էինք։ Մոսոյի հայրը, ով նույնպես օդաչու է, այն ժամանակ թռիչքների ղեկավար էր և հենց նրա աչքի առաջ Մոսոն պետք է  ինքնուրույն օդ բարձրանար։ Як-52 ինքնաթիռով օդ բարձրացավ, երկու պտույտ կատարեց, վերադարձավ. հենց անիվները կպան գետնին՝ սկսեցինք ծափահարել, հետո մոտեցանք բորտին ու Մոսոյին  թռցրինք օդ։

«Մեզ մոտ ավանդույթ կա, որ առաջին թռիչքից հետո օդաչուն պետք է անպայման  ինքնաթիռի անիվը համբուրի, Մոսոն չէր ուզում, բայց ստիպեցինք՝ համբուրեց»։

news.am

Դիտվել է՝