«ՀՀ-ում չկա հստակ ռազմավարություն պետական կապի հետ կապված». Ս. Մարտիրոսյանը մեկնաբանել է գաղտնալսման երկրորդ դեպքը

Снимок

Դեկտեմբերի 5-ին համացանցում է հայտնվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին գաղտնալսելու հերթական ձայնագրությունը, և այս անգամ գաղտնալսել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի զրույցը: Այս թեմայի շուրջ ԳԱԼԱ-ն զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:

21123_samvel_martirosyan1_M- Պարոն Մարտիրոսյան, որպես տեղեկատվական անվտանգության փորձագետ կարո՞ղ եք ենթադրել՝ ով կամ գուցե որ կառույցն ուներ ԱԱԾ տնօրենին գաղտնալսելու հնարավորություն:

-Իրականում շրջանակն այնքան էլ փոքր չէ: Առաջինը՝ պետք է հասկանանք՝ ոնց են գաղտնալսել: Ակնհայտ է, և Վանեցյանն էլ խոստովանեց, որ ինքը հասարակ բջջային կապով է խոսել: Դա նշանակում է, որ գաղտնալսումը կարող էր լինել նույն բջջային օպերատորի մակարդակով, դա նաև կարող էին անել այլ երկրների հատուկ ծառայությունները կամ անգամ մասնավոր մասնագետներ, ովքեր ունեն հատուկ սարքավորումներ, որոնք թանկ են, բայց դա հնարավոր է ունենալ ֆինանսների առկայության պարագայում: Կա տարբերակ, որ ոչ թե բջջային կապն են գաղտնալսել, այլ, օրինակ, հեռախոսի մեջ ներդրված է եղել ծրագիր, ժողովրդի ասած՝ վիրուս:

-Իսկ արդյոք հնարավո՞ր է՝ լինելով ԱԱԾ տնօրեն՝ չիմանալ դրա մասին:

- Իհարկե, հնարավոր է: Այլ հարց է, որ լինելով ԱԱԾ տնօրեն՝ Վանեցյանը պետք է տեղյակ լիներ, որ բջջային կապը կարող է գաղտնալսվել, վերջ ի վերջո, նա գաղտնալսող մարմնի ղեկավարն է: Այստեղ կա շատ ավելի գլոբալ խնդիր: Մեր երկրում չկա հստակ ռազմավարություն պետական կապի հետ կապված, և, փաստացի, մենք տեսնում ենք, որ բջջային կապով խոսում է ողջ երկրի ղեկավարությունը: Իսկ սա շուտվանից դեռ հայտնի է, որ շատ վտանգավոր երևույթ է:

-Այլ երկրներում ինչպիսի՞ փորձ է կիրառվում:

- Կան երկրներ, որտեղ պետական հաստատություններում աշխատակիցներին ընդհանրապես արգելված է սմարթֆոնով գալ: Օրինակ՝ Ադրբեջանում: Կան երկրներ, որտեղ հատուկ ծառայություններն ընդհանրապես արգելում են բարձրաստիճան պաշտոնյաներին բջջային հեռախոս ունենալ: Հատուկ հեռախոսներ են օգտագործվում, ծրագրային ապահովումը հատուկ վերահսկվում է, կիրառումը վերահսկվում է, ամեն օր չեն կարող իրենց հետ կրել, արտասահմանյան այցերի ժամանակ օգտագործումը կարող է արգելվել: Մեզ մոտ ոչ մի կանոն չի պահպանվում, և այդ կանոնները գոյություն չունեն:

Նինա Մարգարյան

Դիտվել է՝