Աջակցություն կցուցաբերի տարերային աղետներից տուժած համայնքների բնակիչներին

karkut

Կառավարությունը որոշել է 487 մլն 331 հազար դրամ հատկացնել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին՝ 2018 թ. տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով: Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից:

Հիմնավորման համաձայն՝ տարվա ընթացքում հանրապետության մարզերում տարերային աղետների (կարկուտ, ջրհեղեղ, ցրտահարություն) հետևանքով վնասվել է շուրջ 14650 հա հողատարածք, որի հետևանքով տուժած հողօգտագործողների վնասի չափը կազմում է շուրջ 13386100 հազար դրամ։ Աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսվում է ՀՀ պետական բյուջեից փոխհատուցում տրամադրել 50-100 տոկոս տուժած հողօգտագործողներին:

ՀՀ Արարատի մարզի Զանգակատուն համայնքում հակառակորդի կողմից այրված ցանքատարածությունների համար բնակիչներին աջակցություն տրամադրելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ այրվել են Զանգակատուն համայնքի 11 հեկտար չհնձված գարու ցանքատարածությունները: Որոշմամբ նախատեսվում է համայնքի 7 բնակիչներին տրամադրել 3,025.0 հազ. դրամ աջակցություն:

Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ համայնքներին 2018 թ. պետբյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արմավիրի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի և Կոտայքի մարզպետարաններին կհատկացվի 187,783.9 հազար դրամ: Միջոցներն կուղղվեն համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի համաֆինանսավորմանը: Մասնավորապես. համայնքներում կիրականացվեն փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցման ու նորոգման, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցման ու նորոգման և գիշերային լուսավորության անցկացման աշխատանքներ:

Սահմանամերձ 37 բնակավայրերում փաստացի հողօգտագործողներին աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքի համար պետական աջակցություն հատկացնելու հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու նպատակով կառավարությունն լրացում և փոփոխություններ է կատարել համապատասխան կարգում: Կարգով նախատեսված է պետական աջակցություն ցուցաբերել միայն գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա։ Մինչդեռ առկա են հողօգտագործողների կողմից առանց սեփականության կամ վարձակալության իրավունքի հողի փաստացի օգտագործման դեպքեր, ուստի անհրաժեշտություն է առաջանում այդ հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրել համայնքի ղեկավարի տված տեղեկանքի հիման վրա։ Արդյունքում՝ այդ բնակավայրերի հողօգտագործողների համար կստեղծվեն հավասար պայմաններ, կբարձրանա վարելահողերի օգտագործման մակարդակը, գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

Դիտվել է՝