«Բոլորովին այլ երկիր ենք ունենալու, այլ Գյումրի»

1-18

Պատմում է ՀՀ Շիրակի մարզպետարանի Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը


Քաղաքաշինության ոլորտի գերատեսչության և Շիրակի մարզպետարանի համագործակցությունն ավելի սերտ դարձավ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով 2008-2017 թթ. պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրերի շրջանակներում:

Օրեր, շաբաթներ, ամիսներ:

Քաղաքաշինության նախարարությունում ստեղծվել էր հանձնաժողով, որի աշխատանքներին մասնակցում էի նաև ես: Գերատեսչության համապատասխան վարչության աշխատակիցների հետ հենց Գյումրիում շուրջօրյա աշխատել ենք՝ շահառու ընտանիքների ընտրության, բնակարանների բաշխման գործընթացի իրականացման վրա:

Շատ լավ եմ հիշում, երբ մարզպատարանի շենքում վերանորոգում էր ընթանում, աշխատակիցներով տեղափոխվել և աշխատում էինք Գյումրիի թիվ 29 դպրոցի շենքում: Ամեն ուրբաթ օր, Քաղաքաշինության նախարարության աշխատակիցների հետ դասասենյակներից մեկում էինք անցկացնում հանձնաժողովի նիստերը, ընդունում քաղաքացիներին:

Ձյուն-ձմեռ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ թիփի-բորան, երբեմն անհնար էր լինում աշխատակիցների Երևան վերադառնալը:

Հարազատացել էինք:

Պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակներում միայն Գյումրիում կառուցվեց 60 բազմաբնակարան շենք՝ 2812 բնակարաններով: Թույլ տվեք ասել, որ դա բնակարանների բաշխման միակ ծրագիրն էր, որի վերաբերյալ հիմնավոր քննադատություն մինչ այսօր չի եղել: Գործընթացը շատ արդար ու թափանցիկ էր ընթանում:

Այսօր էլ շարունակվում է համագործակցությունը Քաղաքաշինության կոմիտեի հետ: Եթե քաղաքային բնակավայրերում որպես անօթևան հաշվառված և պետական աջակցության ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիրներն արդեն լուծվել են, ապա Շիրակի մարզի 12 գյուղական բնակավայրերում դեռ ունենք շահառու ճանաչված 167 ընտանիք:

Այս պահին, կառավարության որոշման համաձայն, հաշվառում ենք Գյումրիում ժամանակավոր կացարաններում բնակվող ընտանիքներին՝ առաջարկություններ մշակելու համար: Փաստագրվել է, ծրագրի շահառու չհանդիսացող, բայց տնակներում ապրող շուրջ 2800 ընտանիք:

Շատ հաճախ՝ անօթևանների խնդիր կամ ժամանակավոր կացարան հասկացություններն ասոցացվում են երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած մարդկանց խնդրի հետ: Իրականում, տնակներում ապրող մարդկանց գերակշիտ մեծամասնությունը տունը վաճառած կամ գյուղերից եկած կամ այլ պատճառներով տնակներում ապրող ընտանիքներ են: Իհարկե, դա բոլորովին չի նվազեցնում անօթևանների բնակարանային խնդիրները լուծելու պահանջը:

ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքում երեք տասնյակ տարիների ընթացքում լուծվել է ավելի քան 1296 ընտանիքի բնակարանային խնդիր: Միայն 2002-2004 թթ. 601 ընտանիք բնակարան է ձեռք բերել բնակարանի գնման վկայագրի միջոցով: Պետական բնակարանաշինության ծրագրով վերջերս համայնքում շահագործման հանձնված 104 բնակարանով 3 բազմաբնակարան շենքերից մեկը Քաղաքաշինության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև համագործակցության մասին ստորագրված հուշագրի համաձայն՝ ընտրվել էր որպես ցուցադրական բնակելի շենք, որի շինարարական աշխատանքներն ընթացել են էներգաարդյունավետ տեխնոլոգիաների կիրառմամբ:

Անցած տարիների ընթացքում մարզի ճանապարհային ցանցը աստիճանաբար բարելավվել է՝ ճանապարհները հիմնանորոգվել և վերանորոգվել են:

Մարզում հիմնանորոգման կարիք ունեն հատկապես տեղական (մարզային) նշանակության ճանապարհները:

Հետերկրաշարժյան տարիների ընթացքում մարզում կառուցվել և հիմնանորոգվել են առողջապահական և կրթական բոլոր հաստատությունները: Մարզում առողջապահական և կրթական օբյեկտներն ունեն միայն ընթացիկ վերանորոգման կարիք:

Գյումրին շենանում է: Կարևորը՝ մեր քաղաքում թող չլռեն շինհրապարակները, անգործ չկանգնեն շինարարական կռունկները: Մեր ժողովուրդն արարող է, ես կարծում եմ, երկու տասնամյակ հետո մենք բոլորովին այլ երկիր ենք ունենալու, այլ Գյումրի:

 

Հասմիկ ԲԱԴԱԼՅԱՆ

ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Դիտվել է՝