ՀՀ նոր իշխանությունները՝ ներքին և արտաքին լեգիտիմության արանքում

bol-9

Վերջին շրջանում Հայաստանի շուրջ և երկրի ներսում ծավալվող գործընթացները ցույց տվեցին, որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հեղափոխության ալիքի վրա եկած իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն ներքին և արտաքին լեգիտիմության հարաբերակցության հարցում:

Ուսումնասիրելով նորանկախ Հայաստանի պատմությունը՝ պարզ է դառնում, որ անկախացումից ի վեր երկրի իշխանության աթոռը զբաղեցրած անձինք և իրենց քաղաքական թիմերը գրեթե միշտ (բացառությամբ անկախացումից հետո որոշ ժամանակահատվածի) լուրջ խնդիրներ են ունեցել հասարակության մեծամասնության կողմից սոցիալ-տնտեսական քայլերի և ընդհանուր քաղաքական գծի ընդունման և աջակցման հետ: Ինչը, բնականաբար, իր օբյեկտիվ պատճառներն ունի, քանի որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացած քաղաքատնտեսական վակուումի պայմաններում դեպի նոր քաղաքական և տնտեսական համակարգի շուտափույթ անցումը բազմաթիվ բացթողումների պատճառ է դարձել: Արդյունքում, Հայաստանի հասարակությունը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առջև է կանգնել, որոնք հետագայում հանգեցրել են նաև քաղաքական խնդիրների՝ իշխանության աթոռը մոնոպոլիզացման ենթարկելու տեսքով: Նման իրավիճակում չէր կարող ներքին լեգիտիմության հենարան ստեղծվել, այդ իսկ պատճառով իշխանական աթոռը սեփական՝ տնտեսական շահերին ծառայեցնող և այն ընտրակեղծիքներով պահած անձինք ստիպված էին աջակցություն փնտրել երկրից դուրս՝ իրենց հենարանը դարձնելով այլ երկրների ղեկավարների աջակցությունը: Ինչը, բնականաբար, իր բացասական ազդեցությունը թողեց երկրի թե՛ տնտեսական (երբ, օրինակ, պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող տնտեսական օբյեկտները, դե ֆակտո, դարձան օտարերկրյա կազմակերպությունների սեփականություն), թե՛ քաղաքական ոլորտի վրա (երբ սեփական երկրի շահերը զոհաբերվում էին այլ երկրների շահերին չվնասելու, ավելին՝ այդ շահերից գործելու նպատակով):

Արդյունքում, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովուրդը, որը թե՛ տեսականորեն, թե՛ Սահմանադրությամբ ժողովրդավարական համակարգի պայմաններում հանդիսանում է իշխանության հենարան, գրեթե բռնի ուժով օտարվել է երկրի քաղաքական գիծը ընտրությունների միջոցով որոշելու հնարավորությունից, քանի որ պետության շահերը շատ անգամ հակասում էին իշխանական աթոռը զբաղեցնող և սեփական շահերի զոհ դարձած իշխանությունների քաղաքական գծին: Եվ այս ամենն անդադար խորացող ժողովրդի կենսամակարդակի անկման ֆոնին:

Վերոնշյալ պայմաններում տրամաբանական է, որ «թավշյա հեղափոխության» ալիքի վրա իշխանության եկած (իսկ ավելի ճիշտ՝ ժողովրդի կողմից իշխանության բերված) Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության մեջ ներքին լեգիտիմության աննախադեպ մակարդակ է գրանցել, քանի որ խոսում էր և շարունակում է խոսել ժողովրդի անունից՝ բարձրաձայնելով հասարակության լայն զանգվածների ակնկալիքները, պահանջները և գործելով այդ մարդկանց տրամադրություններից ելնելով:

Սակայն խնդիրը նրանում է, որ իշխանափոխությունը, որպես այդպիսին, թեև տվյալ պետության հասարակության մեծամասնության կողմից դիտարկվում է որպես դրական երևույթ, այդպիսին չէ այլ երկրների իշխանությունների համար: Բանն այն է, որ անգամ տեսականորեն իշխանափոխությունը, փողոցի միջոցով ձևավորված իշխանությունը փաստացի արժեզրկում է ընտրությունների ընթացակարգը և ինստիտուտն առհասարակ:

Արդյունքում, այս կամ այն երկրում տեղի ունեցած իշխանափոխությունը բացասական է դիտարկվում բոլոր, այդ թվում ժողովրդավար երկրների իշխանությունների կողմից (թեև ֆորմալ առումով կարող է ողջունվել), քանի որ փաստացի ստեղծվում է նախադեպ, երբ իշխանությունը ձևավորվում է ոչ թե որոշ ժամանակահատվածում, սահմանադրությամբ և ընտրական օրենսգրքով ամրագրված կարգով անցկացվող ընտրությունների միջոցով, այլ ժողովրդի կամայականությամբ ու այստեղ և այս պահին՝ շրջանցելով օրենքի պահանջը:

Վիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ ցանկացած իշխանություն (որն, ի դեպ, միշտ ձգտում է վերարտադրվել) ներկայացնում է հասարակության ընդամենը որոշ հատվածի շահերը (ինչը պայմանավորված է կուսակցության էությամբ), և ցանկացած երկրում գտնվելու են մարդիկ, որոնց շահերին տվյալ իշխանական թիմի կողմից որդեգրած քաղաքական գիծը հակասելու է: Հետևաբար, հաջողված իշխանափոխությունը, որն իրականացվել է հստակ ծրագրով և տեխնոլոգիաներով, կարող է զարկ տալ հասարակության մեջ հասունացող բողոքին, և եթե այլ հավասար պայմաններում այդ բողոքի ալիքը կարող էր մարել, ապա հաջողված օրինակի պարագայում հավանականությունը, որ լուռ բողոքի ալիքը վերածվելու է ակտիվ, հստակ ծրագրված գործողությունների (երբ հայտնի է՝ ինչպես գործել և որ քայլերն են արդյունավետ), անհամեմատ մեծանում է:

Փողոցի միջոցով իշխանափոխությունն առավել բացասական է գնահատվում հետխորհրդային երկրներում, որտեղ ֆորմալ առումով հռչակված է ժողովրդավարական ռեժիմ, սակայն փաստացի իշխանության եկած քաղաքական էլիտան դրսևորում է ավտորիտար կառավարման պահվածք, իսկ հասարակության մեջ բավականին մեծ կշիռ ունի բողոքական զանգվածը:

Բացի այդ, արժանի ուշադրության չի արժանանում նաև այն հանգամանքը, որ ցանկացած իշխանություն իր վրա մի շարք միջազգային պարտավորություններ է վերցնում (միջազգային պայմանագրերի և համատեղ ռազմավարական և տնտեսական պրոյեկտների տեսքով), և տվյալ քաղաքական թիմը հանդիսանում է դրանց կատարման երաշխիքը: Հետևաբար, քաղաքական գծի կտրուկ փոփոխումը վտանգում է նաև այդ պարտավորությունների կատարումը, մանավանդ այն պարագայում, երբ իշխանափոխության միջոցով եկած թիմը կտրուկ փոփոխություններին (թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ) ուղղված վարքագիծ է դրսևորում:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ զարմանալի չէ, որ Հայաստանում ժողովրդի կողմից այդքան սպասված իշխանափոխությունն ակնկալվող ոգևորության չարժանացավ այլ երկրների ղեկավարների կողմից: Ավելին, օտարերկրյա ղեկավարների կամքի թելադրման փորձեր եղան (այս համատեքստում կարելի է դիտարկել թե՛ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները, թե՛ ՀԱՊԿ-ում Գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և թե՛ որոշ արտասահմանյան փորձագետների արտահայտած կարծիքները):

Տվյալ իրավիճակում Հայաստանի գործող իշխանությունները բարդ երկընտրանքի առջև են կանգնել, երբ անհրաժեշտ է մի կողմից պահպանել ժողովրդի կողմից աջակցության բարձր մակարդակ (ինչը, ի դեպ, և դա շատ կարևոր է արձանագրել, բացի երկրի ներքին գործերում հենարան հանդիսանալուց, հնարավորություն է տալիս դիմակայելու նաև որոշ՝ սեփական երկրի շահերը վտանգող արտաքին ճնշումների), իսկ մյուս կողմից միջազգային հանրության աչքերում (և այստեղ խոսքը միջազգային հարաբերությունների դաշտի այս կամ այն բևեռի մասին չէ, քանի որ Հայաստանի թե՛ աշխարհաքաղաքական դիրքը, թե՛ պատմական ժառանգությունը, թե՛ առկա կոնֆլիկտները թույլ չեն տալիս միակողմանի արտաքին քաղաքականություն վարել) վստահելի գործընկերոջ համբավ ձեռք բերել:

Թե գործող իշխանություններին որքանով կհաջողվի պահպանել ներքին և արտաքին լեգիտիմության բալանսը, կախված է նրանից՝ որքանով են նրանք գիտակցում և հաշվի առնում վերոնշյալ, և ոչ միայն, խնդիրներն ու նրբությունները:

Նինա Մարգարյան

 

Դիտվել է՝