«Իսկանդեր-փարթի». Բաղրամյան 26-ի «PR-շիկների» մտքի թռիչքը

17742409_1120077208120885_2120540216_n

Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանի քարոզարշավն այս անգամ սխալված չենք լինի, եթե ասենք, որ նմանվեց իսկական «Իսկանդեր-փարթի»-ի: Նա իր քարոզարշավը սկսեց Արցախից՝ խրոխտ հայտարարելով, որ իր աչքը չի թարթի ու հարկ եղած դեպքում «Իսկանդերի» համազարկի հրաման կարձակի:

Կորցրած տարածքներն ու հարյուրից ավելի զոհերի թեման ևս պարտված նախագահն արհեստավարժորեն օգտագործեց որպես քարոզչության միջոց՝ հայտարարելով, որ ամեն մի հերոսի մահը լսելիս ինքը վատ ապրումներ է ունեցել և այնքան ուժեղ ու քաջ է գտնվել, որ հողերը կորցնելուց հետո «կանգ առ» հրամանն է արձակել:

Այսօր ՀՀԿ պաշտոնական քարոզարշավի ավարտին իր ելույթը Ս. Սարգսյանը կառուցեց օրերս զոհված զինծառայող Արտակ Ռաֆայելյանի շուրջ: «Երեկ մենք հողին հանձնեցինք Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆայելյանին, ով 20 տարեկան էր»,- այսպես է սկսում իր նախընտրական վերջին խոսքը Ս. Սարգսյանը:17741362_739561316213255_1260193677_n

Հետո նորից անդրադարձավ ապրիլի 2-ին, ապա սահուն կերպով անցում կատարեց պատերազմական թեմայից դեպի ընտրություններ, զոհված զինծառայողներից դեպի ՀՀԿ:

«Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է»,- հայտարարեց Սարգսյանը:

Այստեղ թերևս ազնիվ է Ս. Սարգսյանը՝ հայտարարելով, որ ամենևին պատահական չէ, որ ընտրությունների օրն ընտրել են հենց ապրիլի 2-ին: Ապրիլի 2-ը հենց համընդհանուր հայության համախմբման օրն էր, օր, որը ստիպեց խոնարհել բոլոր կուսակցական դրոշները, կողքի դնել հայացքներն ու գաղափարները, գնալ կանգնել սահմանը պահող թալանված, լքված, 80-ականների զենքերի հույսին մնացած զինվորի կողքին:

Ս. Սարգսյանը որպես ընտրության օր ընտրել է հենց այս օրը: Ամենանուրբ նյարդերը բզբզելու ու ենթագիտակցության վրա ազդելու տակտիկան ՀՀԿ-ի PR մասնագետները մշտապես կիրառել են: Այս տակտիկան ամենասկզբում կիրառում էին նաև Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչները: Մշտապես նախընտրական հոլովակներում նրանք զինվորական համազգեստով էին՝ հաղթանակած քոչարի պարողների կողքին կամ զինծառայողների հետ դիրքերում:

Սխեման նույնն է, միայն թե Ս. Սարգսյանի երիտասարդ ու ակնոցավոր կերպարին փոխարինել է «Իսկանդերով» ու ապրիլյան հերոսների հետ նկարվող Ս. Սարգսյանը:

Հենց այդ տրամաբանության մեջ է մտնում նաև արցախյան հերոսներ Շուլի Հակոբյանի և Գևորգ Մանուկյանի ներկայությունը ՀՀԿ քարոզչությանը: Նրանցից մեկն արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական տանկ էր խոցել, մյուսն՝ ուղղաթիռ, երկուսն էլ 80-ականների զենքերով: Միայն բախտի քմահաճույքով, Աստծո կամեցողությամբ ու մեկ էլ ինքնապաշտպանական բնազդով կարողացել են ողջ մնալ ու հիմա արդեն մասնակցել Ս. Սարգսյանի քարոզարշավին:

Ս. Սարգսյանի տեսանկյունից, իհարկե, նրանք պարտավոր են ներկա գտնվելու ՀՀԿ-ի քարոզին, չէ՞ որ եթե Ս. Սարգսյանը որոշեր «կանգ առ» հրամանն ավելի շուտ տալ, տղաները կհերոսանային հետմահու, ինչպես հերոսացան 100-ից ավելի նրանց ընկերները:

Շուլին ու Գևորգը պարտական են իրենց կյանքի համար ոչ միայն Ս. Սարգսյանին, այլև ՀՀԿ-ական այն զանգվածին, ովքեր պատերազմի ավարտից հետո կյանքում առաջին անգամ զինվորական շինել հագան, մեկնեցին դիրքեր՝ սելֆի ու «պադերժկա» անելու համար:

Հիմա արդեն սելֆիի հերթը Ս. Սարգսյանինն է. նա հայտարարեց, որ ընտրությունների օրը գնում է խնկարկելու մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։

Զարմանալի է մի բան, թե 10 տարվա ընթացքում միտքն ու կյանքն այսքան զարգացում է ապրել, բարելավվել են նաև Ս. Սարգսյանի, նրա ընտանիքի անդամների, մտերիմ շրջապատի, նաև, ինչու չէ, խորհրդատուների ու PR-շիկների ֆինանսական հնարավորությունները, սակայն ինչպես է, որ նրանց մտքի թռիչքը մնացել է 2007թ.-ի մակարդակի վրա:

Ակնհայտ է մի բան. ապրիլյան պատերազմը Ս. Սարգսյանի ամենամեծ պարտությունն է, և այն լավագույն PR-ի դեպքում էլ չի կարող հաջողություններ բերել ՀՀԿ-ին: Ապրիլյան պատերազմը պարզապես գոյության իրավունք չուներ: Ապրիլյան զոհեր ու հերոսներ չպետք է լինեին: Նրանց գոյությունն ընդգծում է Սերժ Սարգսյանի՝ որպես անվտանգության երաշխավորի թուլության ու պարտվողական էության մասին, Ս. Սարգսյանը ձախողել է անվտանգության կուրսը, և հիմա այդ ձախողումը կամ տապալումն ինչ լույսի ներքո էլ ներկայացվի, միևնույն է, այն չի կարող հաջողություն բերել Ս. Սարգսյանին:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝