Իշխանության օրինական «տերը» կարող է վերադառնալ Բաղրամյան 26. Ս. Սարգսյանն ապրիլի 9-ին պետք է դուրս գա

130281

«Մերժի՛ր Սերժին»,- մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով անցկացվող բողոքի երթերի ժամանակ ՀՀ երիտասարդությունն այս կոչով ՀՀ քաղաքացիներին հրավիրում է հրապարակ:

Որքան բողոքի հրապարակը դառնում է «խառը», և որքան ինտենսիվանում են բողոքի գործողությունները, այնքան իշխանությունը դառնում է անհանգիստ և ագրեսիվ:

Սակայն մեթոդները, որոնք կիրառում է իշխանությունը, մնացել են անփոփոխ՝ ստել, «փչացնել», վարկաբեկել, իսկ իրենց լիդերին ներկայացնել հաղթողի լուսապսակով:

Ոչ ոք իրավունք չունի մեկնաբանելու Ս. Սարգսյանի որոշումները

«Ոչ մի պետական պաշտոնյա կամ կուսակցական գործիչ իրավունք չունի մեկնաբանել գերագույն գլխավոր հրամանատարի որոշումները»,- հինգշաբթի օրը ՀՀԿ խորհրդի նիստի ավարտից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Եվ չնայած որ այս հայտարարությունը բոլորովին այլ կոնտեքստում արվեց, այնուամենայնիվ, սա ընկալվեց որպես հստակ ուղերձ Ս. Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող հանրությանը: Մյուս կողմից սա մեսիջ էր իշխանության բուրգի մեծ ու փոքր անդամներին՝ հնազանդ լինելու և սահմանված գծից ավելի բարձր «չթռչելու» համար. Ս. Սարգսյանը որոշել է, և վարչապետի հարցն այլևս քննարկել չի կարելի, այլ պետք է դակել:

Դիմակայությունից առաջ «մուսկուլների» ցուցադրումը հաղթողի տպավորություն թողնելու համար է, սակայն ՀՀԿ-ում միևնույն ժամանակ լավ գիտեն, որ վաղօրոք խփած տոկոսներն ամենավերջին պահին էլ հնարավոր է փոփոխության ենթարկվեն:

Այդ իմաստով, «հաղթողի» և «ուժեղի» լուսապսակով ներկայանալը թերևս օգնում է, բայց վերջնական դեղատոմս չէ:

«Փչացնել», պառակտել

Եթե իշխանությունն իր լրատվական, դատաիրավական բոլոր լծակները գործադրում է ընդդիմադիր խռիվ դաշտն ավելի պառակտելու, ուրեմն կարելի է ենթադրել, թե որքան թույլ են Ս. Սարգսյանի դիրքերն այս պարտիայում: «Չկա քաղաքական և գաղափարական ընդհանրություն ընդդիմադիր դաշտում». արդեն քանի օր այս բովանդակությամբ հոդվածաշարեր են հրապարակում «անկախ» լրատվականները: Հետաքրքիր զուգադիպությամբ Ծռերի դատական նիստերի ժամանակ գաղտնազերծում են այնպիսի հեռախոսազրույցներ, որոնք ենթադրում են, որ ՔՊ-ն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը  չպետք է կանգնեն նույն հրապարակում:

Հրապարակվում են արխիվային հարցազրույցներ, որոնք հիմք են տալիս «անկախ վերլուծաբաններին» «կանխազգալու», որ ՀԱԿ-ը դուրս չի գալու հարթակ:

Բայց իշխանությունում թերևս լավ են պատկերացնում նաև այն, որ ընդդիմադիր դաշտում գաղափարական, քաղաքական բոլոր տարաձայնություններից ավելի ուժեղ կարող է լինել «Մերժի՛ր Սերժին» միավորող գաղափարը:

Իշխանությունն անտեր է Հայաստանում

Այս ընթացքում փորձ է արվում նաև լայն հասարակությանը «համոզել», որ իշխանություն վերցնելը հեշտ գործ չէ, «այն փողոցում չէ», և «իշխանությունն այնքան մոնոլիտ է, որ ներքին օրենքներով էլ կարող է ինքնապաշտպանվել»:

Իրականում այս թեզն ի սկզբանե կեղծ է: Որովհետև Հայաստանում իշխանությունն իսկապես անտեր է, այն ընկած է փողոցում: Երկրի մայր օրենքով՝ իշխանության տերը ժողովուրդն է, այն պատկանում է ժողովրդին: Իսկ եթե այն ժողովրդինը չէ, ուրեմն անտեր է, գողացված է: Նշանակում է տագնապ կա «գողերի» մոտ, որ մի օր իրավական տերերը կորոշեն վերցնել անտեր իշխանությունը:

Սիմվոլիկ կերպով 7 օրով «անտեր» կմնա նաև Բաղրամյան 26-ը: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այնտեղ զբաղեցնելու իրավունքը գործող նախագահինն է: Ս. Սարգսյանի այդ իրավունքը կավարտվի ապրիլի 9-ին: Դարձյալ երկրի մայր օրենքով՝ Բաղրամյան 26-ը կարող է զբաղեցնել միայն ապրիլի 17-ին վարչապետ ընտրված անձը:

Ս. Սարգսյանը որքան էլ որ չցանկանա, ստիպված է ապրիլի 9-ին դուրս գալ նստավայրից: Նա կարող է աշխատանքի գնալ միայն ՀՀԿ գրասենյակ որպես ՀՀԿ նախագահ:

Իրեն ապահովագրելու համար Սարգսյանը ճիշտ կանի, աչքի տակ ունենալով Ուկրաինայի փախստական նախագահ Վ. Յանուկովիչի օրինակը, իր հետ դուրս բերի գոնե արժեքավոր անձնական իրերը:

 

Քրիստինա Մկրտչյան

 

Դիտվել է՝