«Հեղաշրջման ուրվականի» վախը. վարչապետի պաշտոնին հավակնող անձը «բարիկադներ» է կառուցում Բաղրամյան 26-ի դիմաց

presidential-palace

Վերջին օրերին օրենսդրական բոլոր նախագծերը կարելի է ընդհանրացնել մեկ տողում՝ կառուցել բարիկադներ ապագա վարչապետի և ՀՀ քաղաքացիների միջև: Այսօր հերթական նմանատիպ նախագիծը քննարկվեց, հավանության արժանացավ ՀՀ կառավարության կողմից և ուղարկվեց ԱԺ քվեարկության:

Փակել կառավարության նիստերը, արգելել նաև կառավարության անդամների շփումը լրագրողների հետ:

Կառավարության անդամն իրավունք չունի առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել կառավարությունում քննարկված որևէ հարցի մասին: Կառավարության նիստերն արձանագրվում են վարչապետի աշխատակազմի կողմից: Եվ դրանք կհրապարակվեն ամբողջությամբ, թե մասնակի՝ դարձյալ որոշողը վարչապետն է լինելու:

Սա արտառոց է այն իմաստով, որ մինչև հիմա ՀՀ-ում կառավարության նիստերը մշտապես բաց ու հրապարակային են եղել: Կառավարության անդամները, նախարարները կառավարության նիստից առաջ, հետո մշտապես շփվել են լրագրողների հետ, տեղեկություններ են հայտնել, կարծիքներ փոխանցել:

Ստացվում է՝ այս ամենը նոր կառավարության օրոք արգելվում է և վերահսկվում վարչապետի կողմից:

Սա ի՞նչ է նշանակում. նշանակում է «բարիկադներ» կառուցել կառավարության և սեփական ժողովրդի միջև, որպեսզի անձը, ով հավակնում է ստանձնել երկրի կառավարման ղեկը, լրագրողների հետ առերեսվելու ոչ մի հնարավորություն չունենա:

Անխոս, երկրում ստեղծվել է միանձնյա ղեկավարման մի իրավիճակ, որ եթե շահագրգիռ անձը ցանկանա նույնիսկ փշալարերով պատել կառավարության շենքը, այդ որոշումը ևս ոչ մի դիմադրության չի հանդիպի:

Կառավարության որոշ անդամներ սրան խիստ կենցաղային բացատրություն են տալիս՝ ասելով, որ կառավարության նիստի մարդաշատ լինելը կաշկանդում է կառավարության անդամներին:

«Եթե դուք ձեր ընտանիքում, ձեր տիկնոջ հետ վիճեք, մի այլ բան է, եթե ներկա լինի այլ մարդ, ձեր վեճը կստանա այլ երանգ»,- ասում է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Մենք բացառություն ենք, որ կառավարության նիստերը բաց են, մենք բացառություն ենք, որ նիստերին մասնակցում են շատ այլ անձինք, ովքեր լրագրողներ չեն, և դրանք բերել են, իմ կարծիքով, բացասական հետևանքների: Մենք ուսումնասիրեցինք այլ երկրների փորձը, և պետք է նշեմ, որ նման երկրներ, որոնց կառավարության նիստերն ամբողջովին հեռարձակվում են, պրակտիկորեն գոյություն չունեն»,- շարունակում է արդարադատության նախարարը:

Իրականում նոր կառավարության «բարիկադների» այս քաղաքականությունը մեկնաբանելիս ևս պարզ է դառնում, որ իշխանությունն այլ զարգացած երկրների հետ համեմատության եզրեր ընտրելիս ևս ընտրողական մոտեցում է ցուցաբերում:

Օրինակ, ոչ մի անգամ Հայաստանի իշխանությունը չփորձեց համեմատվել զարգացած այլ երկրների հետ ընտրական փորձով, չփորձեց հիմնավորել, թե ընտրություններ կեղծելու և վերարտադրվելու եղանակները կիրառելիս ՀՀ իշխանությունը հատկապես որ զարգացած և ժողովրդավար երկրի փորձն է ուսումնասիրել և կիրառում:

Նույնը կարելի է ասել իշխանությունը զենքի ուժով պահելու և «ուժային ինստիտուտների վրա նստած լինելու» հենց հայաստանյան իշխանությունների փորձի մասին, որը իշխանությունը դարձյալ շարունակում է կիրառել:

ՀՀ նոր վարչապետը միանձնյա կստանձնի ուժային կառույցների տնօրինումը՝ (նշանակումը, ֆինանսավորումը), Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարումը:

Սա նշանակում է՝ մեկ անձի ձեռքում կենտրոնացնել ՀՀ ուժային բոլոր լծակները և բանակը, որը ղեկավարվելու է Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար-վարչապետի կողմից:

Կարելի է ենթադրել, որ ՀՀ ապագա վարչապետին սարսափելի վախ է ներշնչում Հայաստանում գոյություն չունեցող «հեղաշրջման ուրվականը», որի դեմ պայքարում վարչապետի պաշտոնին հավակնող անձը չի վստահում նույնիսկ յուրայիններին:

Բանակը, ոստիկանությունը դարձյալ այն վահանն են լինելու, որով նա ամբողջացնելու է կառավարության տան «բարիկադավորումը»: Միայն նրանց օգնությամբ ապագա վարչապետը կստանա «փակ ակվարիում»-ի այն ցանկալի էֆեկտը, որը կխլացնի հանրության դժգոհության աղաղակները և կպահի դրանք պատերից այն կողմ:

Քրիստինա Մկրտչյան

 

Դիտվել է՝