Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը. «Պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի եւ Ղազախստանի նախագահներից»

nikol

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ինչպես տեղեկացրել ենք, այսօր տիկնոջ հետ այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՝մասնակցելու Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված արարողությանը: Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով  դիտարկմանը, որ Բելառուսի նախագահը ՀԱՊԿ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ խոսել է Ադրբեջանի ներկայացուցչի հետ, նշել է.

«Դա մոտավորապես նույն իրավիճակը կլինի, եթե օրինակ ես ՀԱՊԿ անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ  դռնփակ ֆորմատում տեղի ունցած նիստի մասին: Պատկերացնում եք չէ՞, դա դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստ է, որտեղ ռազմաքաղաքական դաշինքի ղեկավարները  քննարկում են անցկացնում:   Հետևաբար, եթե այդ նիստը փակ է, քննարկումը դա փակ խոսակցություն է՝ դաշնակիցների միջև: Եւ ես զարմացած եմ, որ 30 տարի պետություն ղեկավարի կարգավիճակում գտնված մարդը  կարող է իրեն այդպիսի  քայլ թույլ տալ:

Եւ ես իհարկե՝ պիտի պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից: Մեր պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ՝ ՀԱՊԿ գագաթաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետը ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք. քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի: Կարծում եմ շատ կարևոր է, որ  ՀԱՊԿ շրջանակներում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք մեր դաշնակիցների հետ և կողմերից  յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների նկատմամբ, և մյուսները ինչ պարտավորություն ունեն  իր նկատմամբ, և ընդհանրապես, կազմակերպության անդամ երկրները ինչ պարտավորություն ունեն կազմակերպության անդամ մյուս երկրների հանդեպ»:

Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ նաև այս հարցն է քննարկվել:

 

Դիտվել է՝