«Տարիներ շարունակ նախկին իշխող ուժը ամեն ինչ արել է, որ քաղաքական գործընթացներ տեղի չունենան». Վահագն Խաչատրյան

image47

Արդեն հայտնի են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերը: «Ժառանգություն», «Երկիր Ծիրանի» կուսակցությունները, Հայ ազգային կոնգրեսը հանդես եկան ընտրություններին չմասնակցելու վերաբերյալ հայտարարություններով:

Ինչո՞ւ ՀԱԿ-ը նախընտրեց մրցապայքարի մեջ չմտնելու ճանապարհը, քաղաքական գործունեության ի՞նչ մարտավարություն է այս փուլում որդեգրել քաղաքական այս ուժը: Այս և այլ հարցերի շուրջ է ԳԱԼԱ-ն զրուցել Վահագն Խաչատրյանի հետ:

-Պարո՛ն Խաչատրյան, նոյեմբերի 14-ին ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ ասված էր, որ «Հայաստանը պետք է թևակոխի արմատական փոփոխությունների նոր ժամանակաշրջան: Առաջիկա տարիներին մի կողմից անհրաժեշտ է ապամոնտաժել փաստացի գոյություն ունեցող արատավոր համակարգը, մյուս կողմից՝ հաղթահարել անվտանգության մարտահրավերները և ստեղծել տնտեսական վերելք ապրող և սեփական քաղաքացիների համար ժողովրդավարական ազատություններն ապահովող պետություն: Ընտրությունների ավարտից հետո Կոնգրեսը հանրությանը կներկայացնի փոփոխությունների իր առաջնահերթությունները և, գործելով խորհրդարանից դուրս, կփորձի համախմբել հասարակությանն այդ օրակարգի շուրջ»:

Ըստ էության, հին համակարգի ապամոնտաժումն արդեն սկսվել է, և ուրեմն՝ ինչո՞ւ նախընտրեցիք դրան մասնակից չլինելու ճանապարհը:

-Ապամոնտաժումն սկսվել է առաջին օրվանից, երբ նախկին իշխանության ղեկավարը հրաժարական տվեց: Թե երբ կավարտվի ապամոնտաժումը, դժվար է ասել, որովհետև բարդ է մեկ օրում փոխել 20 տարվա ստեղծածը: Ինչ վերաբերում է մեր մասնակցությանը կամ չմասնակցությանը, ապա այն մարդիկ, ովքեր հաջողության են հասել, կարողացել են իրականացնել իշխանափոխությունը, իրենք պատասխանատվություն են ստանձնել և հիմա իրականացնում են: Այստեղ ավելորդ միջամտությունը կամ ավելորդ հավակնությունը, որ դրսից կարող էր լինել, չեմ կարծում, որ օգտակար կարող էր լինել: Այնպիսի մի իրավիճակում ենք հայտնվել, որ նպատակահարմար գտանք չմասնակցել: Այլ ձևով պետք է օգնել համակարգը ապամոնտաժելու գործին:

-Եթե հին համակարգը ապամոնտաժելու գործում նախընտրում եք արտախորհրդարանական գործունեությունը, բացառո՞ւմ եք խորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը, եթե ոչ, ո՞ր ուժի հետ կհամագործակցեք:

-Պարտադիր չէ համագործակցել, ի՞նչ համագործակցության մասին է խոսքը: Մենք մնում ենք մեր դիրքերին: Դա արդեն համագործակցություն է այն գաղափարներին, որի համար հիմա իշխանությունը պայքարում է: Պարտադիր չէ մեխանիկական գործողություններ կատարել, որ ասենք՝ համագործակցում ենք, թե չենք համագործակցում: Կա քաղաքական ուժը, թող այն իր ծրագրերն իրականացնի: Այս սկզբունքը բոլորին է վերաբերում: Ցավոք սրտի, այս ընտրական համակարգը չփոխվեց: Հույս ունեմ, որ ապագա խորհրդարանն իր առաջնահերթ խնդիրը կհամարի ընտրական օրենսգիրքը վերանայել: Կստեղծի այնպիսի աշխատող մեխանիզմներ, որի արդյունքում ընտրությունները ՀՀ քաղաքացիների համար ընդունելի կլինեն, ինչը մինչև հիմա չի եղել:

Իհարկե, ժողովրդավարական երկրում ցանկացած քաղաքական ուժ ձգտում է լինել խորհրդարանում կամ կառավարությունում, որպեսզի իր ծրագրերն իրականացնի, սակայն այս իրավիճակում դա որքանո՞վ է իրականանալի: Քաղաքական ուժի արդյունքի գնահատականը երևում է նաև նրանից, թե այդ ուժը որքանո՞վ է իրավիճակը ճիշտ գնահատում: Միայն ցանկությունները բավարար չեն, այս իրավիճակում մասնակցելը նպատակահարմար չէր նաև այն առումով, թե որքան է խորհրդարանում տեղ ունենալու հավանականությունը: Այնպես որ, այդ հանգամանքն էլ է իր դերը ունեցել: Նման եզրահանգման ենք հանգել վերլուծությունների՛ արդյունքում:

-Իսկ ինչպիսի՞ն կլինեն ընտրությունները: Նոյեմբերի 15-ի կառավարության նիստում վ/պ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խնդիր է դրվել բարձրացնել ընտրությունների անցկացման նշաձողը և անցկացնել ոչ թե երրորդ հանրապետության լավագույն, այլ միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրությունը:

-Ընտրությունները թող լինեն ընտրություններ, ինչպես Երևանի ընտրությունները: Եթե մարդիկ ազատ ընտրելու հնարավորություն կունենան, չեն լինի նախորդ տարիների ընտրությունների արատավոր երևույթները, մարդկանց ստիպողաբար ընտրության չեն տանի, գումարներով ձայներ չեն գնի: Դա բավարար է, իհարկե, իդեալական կլիներ, երբ ընտրությունը լիներ գաղափարների միջև: Այս ընտրություններում, ցավոք սրտի, գաղափարական պայքար չկա, թեկուզ այն առումով, որ ՀՀԿ-ն փորձում է ռևանշի հասնել:

-Այսինքն՝ գաղափարական պայքարի բացակայությունը քաղաքական իրողությունների և ոչ թե քարոզարշավի համար նախատեսված կարճ ժամկետի հետևանք է:

- Քարոզարշավը 1 օր կլինի, 5 օր կլինի, էական չէ: Այստեղ պատճառը քաղաքական իրողությունն է: Տարիներ շարունակ նախկին իշխող ուժը ամեն ինչ արել է, որ քաղաքական գործընթացներ տեղի չունենան: Ամեն բան վերածել էր առքուվաճառքի:

- Գաղափարական պայքարի բացակայությունը կարո՞ղ է հանգեցնել նրան, որ ԱԺ-ն լինի նվազ քաղաքական մարմին:

-Ես հույս ունեմ, որ խորհրդարանի ներսում կստեղծվի գաղափարական մթնոլորտը, ընթացքում նույնիսկ նույն քաղաքական թիմի ներկայացուցիչների միջև տարաձայնություններ, տարբեր գաղափարներ կլինեն: Եվ ամեն ինչ պարզ կլինի խորհրդարանի գործունեության արդյունքում:

 Զրույցը՝ Անահիտ Ավագյանի

Դիտվել է՝