Յուլյա Նիկիտինա. «Եթե Հայաստանը ցանկանում է պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, պետք է ցույց տա իր հուսալիությունը որպես գործընկեր և գործընկերներին որոշ երաշխիքներ տա»

1240033_10151759774479125_1792524638_n

Այն բանից հետո, երբ 2018թ. նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցն այդպես էլ լուծում չստացավ, իսկ քննարկումը տեղափոխվեց դեկտեմբերի 6-ին, ԶԼՄ-ում և փորձագիտական շրջանակներում չեն դադարում քննարկումները քվեարկության արդյունքների վրա Ադրբեջանի հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ին կայանալիք հանդիպմանն ընդառաջ ԳԱԼԱ-ն զրուցել է համաշխարհային քաղաքական գործընթացների ամբիոնի դոցենտ, ՌԴ ԱԳՆ ՄԳԻՄՕ-ի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Յուլյա Նիկիտինայի հետ:

-Մամուլում, ինչպես նաև փորձագիտական շրջանակներում, մասնավորապես Հայաստանում, ակտիվորեն քննարկվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունների արդյունքների վրա Ադրբեջանի հնարավոր ազդեցության հարցը: Ըստ Ձեզ՝ արդյո՞ք հայ հասարակության որոշ հատվածի մտահոգություններն արդարացված են, և որքանո՞վ է իրական Կազմակերպության անդամ չհանդիսացող երկրի ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա:

- Ընդհանուր առմամբ, հայ հասարակության մտահոգությունները բավականին հասկանալի են և արդարացված: Որոշ առումներով դրանք կարելի է համեմատել մինչև 2014 թվականը տեղ գտած Ռուսաստանի հետ համագործակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի երկրների մտահոգությունների հետ: Նրանք վախենում էին ՆԱՏՕ-ի որոշումների վրա Ռուսաստանի վետոյից, այդ իսկ պատճառով ամեն կերպ փորձում էին խանգարել Ռուսաստան – ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությանը: Հայաստանը վախենում է Գլխավոր քարտուղարի հարցի շուրջ Ադրբեջանի ինքնատիպ վետոյից: Սակայն, Ադրբեջանն էլ է իր հերթին ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության ընդլայնման վերաբերյալ հնարավոր որոշման դեպքում վախենում Հայաստանի վետոյից:

Ֆորմալ ընթացակարգերի և ընդհանուր քաղաքական տրամաբանության առումով, իհարկե, Ադրբեջանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության գործընթացում ձայնի իրավունք չունի: Դրա հետ մեկտեղ տպավորություն է ստեղծվում, որ այժմ հայ հասարակության համար ավելի հեշտ է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների խնդիրը տեսնել Ադրբեջանի, այլ ոչ թե սեփական քաղաքական գործընթացների մեջ, որոնք ակտիվորեն հավանության են արժանանում սոցիալական արդարություն ցանկացող հանրության կողմից:

Անհրաժեշտ է հասկանալ, որ որոշումները, որոնք համապատասխանում են հայ հասարակության ձգտմանը, պարտադիր չէ, որ միանշանակ հետևանքներ կունենան արտաքին քաղաքականության ոլորտում: Հաճախ լինում է, որ այս կամ այն երկրի ներքին քաղաքականության փոփոխությունը բերում է զգալի և ոչ միշտ կանխատեսելի հետևանքների արտաքին քաղաքականության ոլորտում: Ներքաղաքական որոշումները կարող են գին ունենալ, որը ստիպված ես լինելու վճարել արտաքին քաղաքականության ոլորտում:

Տվյալ պարագայում վտանգված են ՀԱՊԿ-ի՝ որպես միջազգային կազմակերպության հեղինակությունը, ինչպես նաև Կազմակերպության գործունեության կայունությունը: Եթե այս տեսանկյունից դիտարկենք, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի կարծիքը այստեղ ոչ մի դեր չի խաղում:

Եթե Հայաստանը ցանկանում է պահել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղը, ապա պետք է մոռանա Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին և կենտրոնանա միայն ՀԱՊԿ անդամների և Քարտուղարության ներկայացուցիչների փաստարկների և մտահոգությունների վրա: Անհրաժեշտ է ցույց տալ Հայաստանի հուսալիությունը որպես գործընկեր և գործընկերներին որոշ երաշխիքներ տալ:

-Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է Ադրբեջանի հնարավոր անդամակցումը ՀԱՊԿ-ին: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հնարավոր դա մոտ ապագայում, և արդյո՞ք դա չի հանգեցնի արցախա-ադրբեջանական հակամարտության էսկալացիայի:

-Ընդհանուր առմամբ, տարածաշրջանային համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների առումով աշխարհի այլ տարածաշրջաններում արդեն կա փորձ, որը ցույց է տալիս, որ ընդհանուր կառույցների շրջանակներում փոխհարաբերությունները նպաստում են վստահության հաստատմանը և հնարավորություն տալիս անցում կատարելու տարաձայնությունների լուծման քաղաքական միջոցներին:

Երկրորդ աշխարհամարտից հետո Եվրոպական ինտեգրումը սկզբնական փուլում եղել է Ֆրանսիայի և Գերմանիայի հաշտեցման միջոց: Եվ մենք տեսնում ենք, որ այդ միջոցն աշխատում է: Մեկ այլ օրինակ՝ Թուրքիայի և Հունաստանի միաժամանակյա անդամակցությունը ՆԱՏՕ-ին, չնայած որ գոյություն ունի Հյուսիսային Կիպրոսի շուրջ հակամարտությունը: Այնպես որ, Ադրբեջանի հնարավոր ներկայությունը ՀԱՊԿ-ում, օրինակ, դիտորդի կարգավիճակում, հակառակը, կարող է բերել կոնֆլիկտի էսկալացիայի նվազեցմանն ուղղված ավելի մեծ հնարավորությունների: Ինքը՝ Ադրբեջանը, միջնաժամկետ հեռանկարներում դժվար թե հավակնի ՀԱՊԿ լիիրավ անդամի կարգավիճակ ստանալուն:

Դա հիշեցնում է ԱՄՆ-ի՝ Շանհայի համագործակցության կազմակերպության հնարավոր անդամակցության հարցի շուրջ իրավիճակը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ը լրջորեն դիտարկում էր ՇՀԿ-ին դիտորդի կարգավիճակում միանալու հնարավորությունը, սակայն վախեցավ Չինաստանի վետոյից, ինչը ԱՄՆ-ի համար դեմքը կորցնելու նման մի բան կլիներ: Դրա հետ մեկտեղ, հնարավոր է, որ ԱՄՆ-ի ներկայությունը ՇՀԿ-ում դիտորդի կարգավիճակում հնարավորություն կտար հասկանալ, որ ՇՀԿ-ն հակաարևմտյան դաշինք չէ, այլ՝ ընդդեմ արտաքին սպառնալիքների: Հնարավոր է, որ դա կնվազեցներ կրքերը Արևմուտքի և Ռուսաստանի ներկայիս առճակատման գործընթացում, եթե անգամ հնարավոր չլիներ կանխել այս ճգնաժամը:

Բացի այդ, Ադրբեջանն այն պետությունների շարքում էր, որոնք 1992 թվականին ստորագրեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ստեղծման մասին պայմանագիրը: Այնպես որ, Հայաստանն ու Ադրբեջանը Հավաքական անվտանգության տարածաշրջանային համակարգի շրջանակներում համատեղ անդամակցության փորձ ունեն, ընդ որում՝ երկկողմ հարաբերությունների ավելի բարդ ժամանակաշրջանում: Բացի այդ, թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը 2015 թվականից երկխոսության գործընկերներ են ՇՀԿ-ի շրջանակներում:

Եթե համատեղ աշխատանքն ընդհանուր կառույցներում նշանակեր նախնական ամբողջական համաձայնություն, ապա ԽՍՀՄ-ն, իսկ հետագայում նաև Ռուսաստանը ստիպված կլինեին լքել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 1975 թվականին որպես Արևմտյան և Արևելյան դաշինքների միջև հարաբերությունների ֆորմատ, սակայն չէր նշանակում, որ կողմերը հրաժարվում են իրենց դիրքերից:

Նույն կառույցում գտնվելը չի նշանակում, որ կողմերը պետք է գան ամբողջական համաձայնության և ռազմավարապես կարևոր հարցերում հրաժարվեն իրենց դիրքերից, չի նշանակում ազգային շահերի դավաճանություն:

Դա ընդամենը բոլոր կողմերի համար կարևոր հարցերի քննարկման ֆորմատ է և, հակառակը, ավելի արդյունավետ կերպով սեփական շահերը պաշտպանելու միջոց:

Նինա Մարգարյան

 

Դիտվել է՝