«Սերժ Սարգսյանին կթույլատրվեր, բայց Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ով իրականում եկել է «փողոցից», այդ վստահությունը ակնհայտորեն չկա» .Գրիգորի Տրոֆիմչուկ

serj nikol

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ռուսաստանի արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը, անդրադառնալով ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը, նշեց.

Գրիգորի Տրոֆիմչուկ

Գրիգորի Տրոֆիմչուկ

«Հայաստանի ժամանակավոր ղեկավարությունը հույս ուներ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխության պլանը հարթ կընթանա: Եթե դա ստացվեր, ապա Հայաստանն, ըստ էության, ուղղակիորեն հայտ կներկայացներ ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակներում վարքագծի նոր կանոնների ներդրման ուղղությամբ, քանի որ այս գործընթացը կանոնադրական փաստաթղթերով չի կարգավորվում:

Սերժ Սարգսյանին, ամենայն հավանականությամբ, կթույլատրվեր փոխարինել ՀԱՊԿ-ում իր ղեկավարությանը, բայց Նիկոլ Փաշինյանի հանդեպ, ով իրականում եկել է «փողոցից», այդ վստահությունը ակնհայտորեն չկա: Առավել ևս, որ Երևանը ոչ թե հենց այնպես հեռացրել է Խաչատուրովին պաշտոնից, այլ նրան լուրջ քաղաքական մեղադրանքներ է ներկայացրել:

Այնուամենայնիվ, վերջին գագաթնաժողովում Բելառուսի ներկայացուցչի՝ գլխավոր քարտուղարի պաշտոնին նշանակելու որոշումը չի ընդունվել, ինչը խոսում է դաշինքի ներսում առկա կասկածների մասին, թե կարելի՞ է արդյոք այդքան կտրուկ նեղացնել Փաշինյանին: Բայց ռազմաքաղաքական միավորումը պետք է բոլոր հարցերում շատ կոշտ դիրքորոշում ունենա, քանի որ հակառակ պարագայում այն չի կարող լինել ռազմական: Միևնույն ժամանակ, Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը նախկինի նման կայուն է, պարզապես չկա հստակ պատկերացում Հայաստանում տեղի ունեցած զարգացումների մասին»:

Տրոֆիմչուկը կրկին հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ն վերջնական որոշումը կկայացնի դեկտեմբերի 6-ին, թեև նկատում է, որ շատերն իրենց ձեռնտու հետևություններ են արել գագաթնաժողովում տեղի ունեցածից:

«Հայաստանում իշխանությունը դեռ չի փոխվել: Անգամ խորհրդարանական ընտրությունները վերջակետ չեն դնի ներքին անկայունությանը, քանի որ, կոպիտ ասած, հասարակությունը նոր իշխանություններից չի ստանա այն, ինչին սպասում է անհամբերությամբ: Դա ակնհայտ է արդեն հիմա, քանի որ շատ են օրինակները և նմանատիպ հույսերը՝ հետխորհրդային տարածքում: Հետևաբար, հետագա անկայունությունը կարող է ազդել Հայաստանի մասնակցության վրա՝ բոլոր կառույցներում»:

Հարցադրմանը, թե կարո՞ղ էր արդյոք Ռուսաստանը միջամտել, որ հենց Հայաստանի ներկայացուցիչը շարունակեր պաշտոնավարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, Տրոֆիմչուկը նշեց, որ ՀԱՊԿ-ն կառույց է ռուսական մասնակցությամբ, այլ ոչ թե պրոռուսական կազմակերպություն:

«Բացի Մոսկվայից, կա Աստանա, կա Մինսկ և ՀԱՊԿ մյուս մայրաքաղաքները, որոնք Հայաստանում տեղի ունեցածը դիտարկում են գլոբալ գործընթացների ֆոնին և կատարում սեփական հետևությունները: Ներառյալ այն ճնշումները, որոնք Արևմուտքը կիրառում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Հետևաբար, ժամանակն է կոտրել այն բոլոր կարծրատիպերը, որոնք գոյություն ունեին մինչև 2014 թվականը: Ռուսաստանն առանց այն էլ տվել է լուրջ քարտ-բլանշ Հայաստանի իշխանություններին, երբ այս տարվա գարնանը տեղի ունեցած իրադարձություններից հետո հանգիստ դիմավորեց բողոքի գործողության ղեկավարությանը: Թեև հիշեցնեմ, որ դիտորդները սպասում էին, որ Մոսկվան ուր որ է «իր տանկերը մտցնելու էր Երևան», որպեսզի «պաշտպաներ Սարգսյանի իշխանությունը»: Հասկանալով այս հանգամանքները՝ նոր Երևանը, ըստ երևույթին, չի կարող ոտնակը սեղմել մինչև վերջ: Եվ դա կլինի առավել արդար, անհրաժեշտ հավասարակշռությունը կողմերի միջև:

Դիտվել է՝