«Հարցը կարող է լուծվել միայն Փաշինյան-Պուտին երկխոսության ձևաչափով»

новый коллаж

ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը քննության առարկա դարձնելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովը մի  քանի նիստ է գումարել: Հերթականը նոյեմբերի 13-ին է լիենլու: Ու մինչ հանձնաժողովը կհանգի որոշակի եզրակացության  (դեռ  հարց է՝ մինչ լիազորությունների ավարտը խորհրդարանը կհասցնի՞ եզրակացություն տալ), օրակարգում է մնում գազի սակագնի նվազեցման հարցը:  Այդ թեմայով ԳԱԼԱ-ն հարցազրույց է անցկացրել  էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանի հետ:

-Պարո՛ն Դավթյան,  մինչ  հանձնաժողովը նիստեր է անցկացնում, շատ տնտեսագետներ պնդում են, որ  գազի սակագնի իջեցման հնարավորություն այսօր էլ կա: Դուք որպես էներգետիկ փորձագետ  համամի՞տ  եք նման  կարծիքի  հետ:

- Այստեղ պետք է առանձնացնել 2 սակագին՝ սակագինը՝ սահմանին և  սակագին՝ սահմանից այս կողմ: Սահմանին գործող սակագինն այստեղ ամենաառանցքային նշանակությունն ունի: Այսօր մենք գազը սահմանին ձեռք ենք բերում հազար խմ-ը 150 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: Հիմա  «Գազպրոմի»  հետ բանակցություններ են վարվում՝ առ այն, որ  սակագինն իջեցվի ևս 10 դոլարով, հասցվի 140 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի: Իմ խորին համոզմամբ՝ այդ իջեցման հնարավորությունն այսօր առկա է: Ինչու՞, որովհետև նախ և առաջ «Գազպրոմ»  ընկերությունը 2018թ. իր բյուջեի հիմքում դրել է 50 դոլար՝1 բարել նավթի դիմաց սակագինը:

Վահե Դավթյան

Վահե Դավթյան

Մինչդեռ մենք այսօր տեսնում ենք, որ համաշխարհային նավթի շուկայում լուրջ տեղափոխումներ են տեղի ունենում, և նավթի սակագինը տատանվում է 70-80 դոլարի միջակայքում: Սա նշանակում է, որ «Գազպրոմ» ընկերությունը գոնե այս պահին ունի բավականին մարժինալություն, ինչը թույլ է տալիս հատկապես հետխորհրդային տարածքի  այն  երկրներում, որտեղ աշխարհաքաղաքական  գործառույթներ է իրականացնում, վարելու ավելի  ճկուն սակագնային քաղաքականություն: Երկրորդը՝ ամբողջ  աշխարհում, այդ թվում Ռուսաստանում,  նկատվում է գազի արդյունահանման ինքնարժեքի նվազում: Ռուսաստանն այստեղ բացարձակ առաջատարներից է, որովհետև 1 խմ մետր գազի ինքնարժեքը կազմում է 20-22 ԱՄՆ դոլար: Այս նվազեցումը ևս  այն հերթական գործոնն է, որը  կարող է անդրադառնալ վերջնական  սակագնի վրա: Եվ երրորդը եվրասիական գործոնն է: Տնտեսական հաշվարկները ցույց են տալիս, որ  Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի  ամբողջական  կիրառման  արդյունքում հնարավոր է ՀՀ-ի համար գազի սակագինն իջեցնել ոչ թե 140,  որի շուրջ այսօր է բանակցվում, այլ մինչև 135 դոլար:

Երբ այս 3 գործոնները գումարում ենք, ստանում ենք մի  օբյեկտիվ իրավիճակ, որի պարագայում ՌԴ-ն հնարավորություն ունի գազի սակագինը իջեցնելու: Ամփոփելով այս արտաքին մակրոտնտեսական գործոնը, որն ազդում է սահմանին սակագնի ձևավորման վրա, ես մի բան էլ կուզենայի ավելացնել:  Ավանդաբար թե՛ նախկին, թե՛ ներկայիս իշխանությունները պարբերաբար խոսում են այն մասին, որ այն ցածր սակագինը, որը ՌԴ-ն սահմանել է Հայաստանի համար, բացառիկ է և դիտարկվում է որպես Ռուսաստանի բարի կամքի դրսևորում: Դա ամենևին էլ այդպես չէ: Երբ ուսումնասիրում ենք սահմանին գործող գնի դինամիկան, տեսնում ենք, որ այս կամ այն նվազեցումները, որոնք կիրառվել են ՀՀ համար, եղել են այն բանի արդյունքում, որ մեր իշխանություններն ավանաբար վարել են կոմպենսացիոն քաղաքականություն, այսինքն՝ մեկը մյուսի հետևից կառավարման այս կան այն ձևաչափերով «Գազպրոմին» են հանձնել էներգետիկ ենթակառուցվածքների կարևոր օբյեկտները, ինչը թույլ է տվել զսպել սակագնային քաղաքականությունը: Սահմանից այս կողմ  սակագինը հասնում է 290 դոլարի:

-Փաշինյան-Պուտին հանդիպման ընթացքում դա ՌԴ նախագահին զարմացրել  էր:

-Այո՛, Պուտինը զարմացել է, բայց այդ զարմանքը պետք է ունենա կիրառական արտահայտություն: Արդեն հիմա «Գազպրոմը» դիմել է ՀԾԿՀ-ին՝ 2019թ. համար նոր սակագին սահմանելու համար: Որքանով ինձ է հայտնի, հայտը կրկնում է այն տնտեսական բաղադրիչները, որոնք եղել են նախորդ տարի, այն է՝ ընդհանրապես չվերանայել սակագինը:

Խնդիրն այն  է, որ երբ կնքվեցին հայ-ռուսական հայտնի պայմանագրերը, որոնց ժամկետը լրանում է 2043թ., այնտեղ կար մի դրույթ-հավելված, որով սահմանվում էր, որ  «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը, որ 2013թ. 100%-ով  ռուսական ընկերություն էր՝ առանց հայկական որևէ բաժնի, պետք է տարեկան ապահովի որոշակի աճ: Եթե մենք նայենք վիճակագրական տվյալները, կտեսնենք, որ բնական գազի սպառումը  հետզհետե նվազում է. ի՞նչ պետք է անի «Գազպրոմ-Արմենիան»՝ բարձր ցուցանիշներ ապահովելու համար պետք է կորեկցիաներ իրականացնի՝ բարձր սակագներ սահմանելով: Այդ պայմանագրի դրույթներից մեկը սահմանում է, որ մինչև 2048թ. ՀՀ-ն իրավունք չունի կայացնել որևէ օրենք, նորմատիվ ակտ, որը կարող է անդրադառնալ այդ դրույթի փոփոխության վրա: Այստեղ հարցը կարող է լուծվել միայն Փաշինյան-Պուտին երկխոսության ձևաչափով:

Այնուամենայնիվ, կան հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ այսօրվա դրությամբ այդ 290 դոլար սակագինը  հնարավոր է իջեցնել 20-25 %-ով: Ի դեպ, հիշեցնեմ, որ 2016թ., երբ  վերջին անգամ սահմանին սակագինը 165 դոլարից 150  իջեցվեց , «Գազպրոմ-Արմենիան» հայտարարեց, որ այդ իջեցումը որևէ կերպ չի անդրադառնա երկրի ներսում գործող սակագների վրա՝ ասելով, որ իրականացնում են մի շարք ենթակառուցվածքային  ծրագրեր, հետևաբար այդ մարժինալությունը պետք է ուղղվի այդ ուղղությամբ: Բայց ըստ էության կարող ենք փաստել, որ «Գազպրոմ-Արմենիան» ենթակառուցվածքային առումով  ՀՀ գազատրանսպորտային  համակարգը հասցրել է մի կետի, որում մենք բացարձակ առաջատարն ենք ԱՊՀ տարածքում՝ թե՛ անվտանգության,  թե արդյունավետության , թե՛գազիֆիկցիայի մակարդակով: Սա խոսում է այն մասին, որ այսօր «Գազպրոմ-Արմենիան» հնարավորություն ունի անցում կատարել դեպի սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության:

-Արդյո՞ք «Գազպրոմ-Արմենիան» ցանկություն ունի,  պատրաստ է անցնել նման քաղաքականության: Ընկերության համար բիզնեսը մնում է բիզնես:

- Իհարկե, բայց  «Գազպրոմ-Արմենիայի» դեպքում չպետք է խոսենք շարքային բիզնես-օբյեկտի հոգեբանությամբ: Սա այն ընկերությունն է, որն իրականացնում է շատ լուրջ աշխարհաքաղաքական գործառույթ, սա Մոսկվայի աշխարհաքաղաքական առանցքային գործիքներից մեկն է: Եվ այստեղ հարցը պետք է լուծել ոչ թե ՀԾԿՀ- Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն -«Գազպրոմ-Արմենիայի»  ղեկավարություն, այլ Երևան- Մոսկվա երկխոսության տիրույթում: Եվ եթե կայացվի այդ քաղաքական որոշումը,  ապա «Գազպրոմ-Արմենիան»  պարզապես ստիպված կլինի իրականացնելու Մոսկվայից իջած հրամանը:

- Վերջերս սկսեցին շրջանառվել  տեղեկություններ, որ քննիչ հանձնաժողովի սեղանին է մի փաստաթուղթ, որն անուղղակիորեն հաստատում է, որ սակագնի իջեցման տեղ կա: Դրան ընդդիմանում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ու «Գազպրոմ-Արմենիան»: Հեռահար նպատակը հնարավոր իջեցումը հաստատող եզրակացությունը վարչապետի  սեղանին չհայտնվելն է: Եթե «Գազպրոմ-Արմենիայի»  պարագայում ընդդիմանալը հասկանալի է, անհասկանալի է ՀԾԿՀ պարագայում, որը կոչված  է սպառողի շահերը պաշտպանել:

-Ընդհանուր առմամբ քաղաքական գործընթացներում ոչինչ չպետք է բացառել: Սակայն իրականում սա կուլուարային տեղեկատվություն է, ես օբյեկտիվ տեղեկատվություն չունեմ տեղեկանքի մասին: Ինչ վերաբերում է ՀԾԿՀ-ի  խոչընդոտելուն, ապա այստեղ մի բան գիտեմ, որ ՀԾԿՀ նախագահի պաշտոնակատար Միքայել Սողոմոնյանը հայտնեց, որ գազի սակագնի վերանայման ռեզերվներ չկան: Ընդամենը կարող եմ կոչ անել, որ հանձնաժողովը որևէ հայտարարությամբ հանդես չգա, քանի որ այդ հանձնաժողովը գազի սակագնի գոյացման քաղաքականության իրականացման  շղթայում ամենավերջին օղակն է: Քանի դեռ չեն վերջացել բանակցությունները, առկա չէ քաղաքական դիրքորոշում, հանձնաժողովը գոնե այս պահին պետք է զերծ մնա ցանկացած հայտարարություն անելուց: Իսկ ինչ վերաբերում է ՀԾԿՀ շահին, ապա այո՛, ՀԾԿՀ-ն միանշանակ պետք է սպառողի շահը պաշտպանի, բայց եկեք այստեղ չնույնացնենք հանձնաժողովի և առանձին անձանց շահերը: Տվյալ դեպքում չգիտեմ՝ ո՞րն է պարոն Սողոմոնյանի մոտիվացիան: Կարծում եմ՝ նա խոսում էր՝ հիմնվելով այն բանի վրա, որ «Գազպրոմ-Արմենիան», ելնելով 2013թ. կնքված պայմանագրից, հնարավորություն չունի այդ սակագինը վերանայելու: Միակ տրամաբանական բացատրությունն  այստեղ եմ տեսնում: Ինչ վերաբերում է անձնական շահին, ես այստեղ դժվարանում եմ խոսել, որևէ ստույգ տեղեկատվություն չունեմ:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝