«Ո՛չ Էդուարդ Շարմազանովը, ո՛չ Վիգեն Սարգսյանը և ՀՀԿ-ից ոչ ոք մյուս խորհրդարանում չեն լինելու»

alen simonyan

ՔՊ պատգամավոր Ալեն Սիմոնյանը վստահ է, որ եթե անգամ ՀՀԿ-ն փորձի նոր դեմքերով հանդես գալ, և որքան էլ առանձին դեմքերով փորձեն հայտարարել, որ իրենք գալիս են ապաշխարելու և սխալներն ուղղելու, միևնույն է, նրանցից ոչ ոք խորհրդարանում չի հայտնվելու: Ալեն Սիմոնյանի կանխատեսմամբ ժողովուրդը նրանց այդ հնարավորությունը վստահաբար չի տա:

«Ո՛չ Էդուարդ Շարմազանովը, ո՛չ Վիգեն Սարգսյանը և ՀՀԿ-ից ոչ ոք մյուս խորհրդարանում չեն լինելու: Իրենք չեն կարող լինել ընդդիմություն, որովհետև իրենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին չեն ճանաչում և իրենք ՀՀ ժողովրդի ցավերը, խնդիրները չգիտեն: Իրենք կապ ունեն իրենց օգնականների, իրենց գործարար միջավայրի հետ, որոնք իրենց համար ձայն են ապահովել: Բայց դա 30 տոկոս չի և առավել ևս ՀՀ ժողովուրդը չէ: Ընդդիմությունը պետք է ներկայացնի ժողովրդին: Ընդդիմությունն իշխանությանը քննադատելով չի որոշվում, պետք է ժողովրդի հետ կապ ունենա: ՀՀԿ-ն ժողովրդի հետ ոչ մի կապ չունի, ես սա պաշտոնապես եմ հայտարարում»,- ասաց Սիմոնյանը՝ ըստ էության պատասխանելով օրերս ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որ խորհրդարանը պետք է ունենա ընդդիմություն, և որ իրենք գնում են վերցնելու ընդդիմության 30 տոկոսը՝ դառնալով խորհրդարանում երկրորդ քաղաքական ուժը:

Ըստ Սիմոնյանի՝ ժողովրդին մոլորեցնել հնարավոր չէ, և նոր դեմքերը մոռացված հին դեմքերն են, որոնք դեռ թարմ են ժողովրդի հիշողության մեջ:

Եվ ՀՀԿ-ի մասնակցությունը պարզապես նվեր կլինի քաղաքական դաշտում ընտրությունների գնացող մյուս ուժերի համար, որոնք կսկսեն քննադատել չմոռացված հինը:

«Հին ընտրությունները կազմակերպողները եղել են հենց սաքուլիկները, երիտհանրապետականները, և թող իրենք այդ դեմքերով հանդես գան, ես դեմ չեմ, ես ասում եմ, որ իրենք ԱԺ-ում չեն հայտնվելու: Իրենք կաբինետային ընդդիմություն են, ընդդիմությունը կաբինետային չի լինում: Իրենք պետք է գոնե լռեն»:

Ապաշխարության և սխալները ուղղելու հնարավորության մասին ՀՀ նախկին ՊՆ Վիգեն Սարգսյանի հայտարարություններին ի պատասխան էլ Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդպես չեն ապաշխարում: Վիգեն Սարգսյանը հայտարարել էր նաև, որ իրենք խաղաղ են փոխանցել իշխանությունը, մինչդեռ դրան պատասխան իշխանություններն իրենցից «թշնամու կերպար է կերտում»:

«Արդյոք իշխանությունն անցնցում հանձնելու պատասխանը պետք է լինի լյուստրացիան կամ նախկիններից թշնամու կերպարի կերտումը, ընտրովի արդարադատությունն ու սեփականության վերաբաշխումը»,- ասել էր պաշտպանության նախկին նախարարը:

Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը հրավիրում է Վիգեն Սարգսյանին ուղիղ եթերում բանավիճելու, որ ՀՀ քաղաքացին իմանա ճշմարտությունը:

«Իսկ եթե լյուստրացիայի ենք ենթարկել, ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանն այդպես հանգիստ նստած, և որևէ մեկը դատապարտված չէ, ՀՀ-ում կա ազատ մամուլ, որևէ մեկը չի խանգարում հեռուստաընկերությունների առք ու վաճառքի մեջ, ոչ մեկը չի բանտարկված, բացի Մանվելից: Սպասում եմ նախընտրական փուլին և հրավիրում եմ Վիգեն Սարգսյանին բանավեճի: Պատրաստ եմ ուղիղ եթերում բանավիճել Վիգեն Սարգսյանի հետ: Սպասում եմ նրա պատասխանին: Վիգեն Սարգսյանը չի գալիս, թող ուրիշը գա: Պատրաստ եմ ՀՀԿ իրենց թիմից ցանկացածի հետ՝ Շարմազանով լինի, Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանից սկսած՝ մինչև ՀՀԿ տատի, ում ուզում են, թող ուղարկեն բանավեճի»,- ասաց Սիմոնյանը:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝