Ի՞նչ հանգամանքներում են մահացել մայրն ու նորածինը, որտեղի՞ց են հայտնվել քերծվածքները նորածնի գլխին

ծննդկան

2014 թվականին Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի գործը չի հանգուցալուծվում: Տուժողի իրավահաջորդ ճանաչված Սամվել Հովհաննիսյանը շարունակում է պնդել՝ դժգոհ է կատարված քննությունից և փորձագիտական եզրակացություններից: Նա համոզված է, որ իր կինը և նորածին դուստրը մահացել են բուժաշխատողների անփույթ վերաբերմունքի պատճառով: Դուստրը ունեցել է շուրջ 5 կգ քաշ: Նա մի շարք անպատասխան մնացած հարցադրումներ ունի, թե ինչու հակառակ իրենց պնդման՝ կեսարյան հատում չի իրականացվել, ծննդաբերության պահին ինչո՞ւ բժիշկը՝ Վահագն Մադոյանը, չի եղել ծննդաբերող կնոջ կողքին:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Կարինե Պապանյանի մահը վրա է հասել թոքերի անոթների պտղաջրերով տարածուն էմբոլիայի հետևանքով:

Հարուցված քրեական գործով նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային մի շարք փորձաքննություններ և փորձագետներին առաջադրվել է պարզել այնպիսի մասնագիտական հարցեր, ինչպիսիք են՝ կենդանության օրոք Կարինե Պապանյանի ունեցած հիվանդությունները, մահվան պատճառը, հիվանդանոցում տարված ախտորոշման համապատասխանելիությունը, բուժօգնություն ցուցաբերող անձանց կողմից թույլ տված բացթողումները և այլն:

Եզրակացությունների համաձայն՝ էմբոլիաներն ունեն բարձր մահացություն, մինչև 80 տոկոսի սահմաններում: Փորձագետները նշում են, որ էմբոլիան զարգանում է ծննդաբերության ժամանակ: Ինչ վերաբերում է բժիշկ Վահագն Մադոյանի՝ 10-15 րոպե ուշանալուն, նշվում է, որ եթե անգամ նա բուժօգնություն ցույց տար ավելի վաղ, կնոջ կյանքը փրկել հնարավոր չէր լինի:
Փորձագիտական վերջին եզրակացությունը, փաստաբան Աննա Դավթյանի խոսքերով, իրենց առաջ փակեց բոլոր դռները: Համաձայն փորձաքննության՝ անգամ կեսարյան հատման ճանապարհով երեխային փրկելու հավանականություն չկար: Ինչ վերաբերում է պտղի մոտ նկատված վնասվածքներին, մասնավորապես գլխի քերծվածքներին, փորձաքննության համաձայն, դրանք ծննդաբերական այտուցին բնորոշ փոփոխություններ են:

Քննչական մարմինը գործը փակված է համարում, բայց ծննդկանի ամուսինը կրկին ցանկանում է բողոքարկել: Նա չորս տարի շարունակ պահանջում է գտնել կնոջ՝ անհետացած բժշկական անկետան, որն այդպես էլ չհայտնվեց գործի նյութերում:

 

 

Դիտվել է՝