Եթե Սերժ Սարգսյանը տեսականորեն կրկին հրաժարվի բնակարանից, հարցը լուծված չի համարվի

Սերժ-Սարգսյան-նկար-1

Վերջերս պարզ դարձավ, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը տեղափոխվելու է Ձորաղբյուր՝ դստեր ամուսնուն՝ Միքայել Մինասյանին պատկանող ամառանոցը: Մինչ այդ ՀՀ կառավարությունը նրան առանձնատան մի քանի առաջարկներ էր արել, որոնք անվտանգության նկատառումներով մերժվել են:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանի՝ Ձորաղբյուր տեղափոխվելով հարցն արդեն փակված է համարվում, թե՞ այն դեռ շարունակում է մնալ օրակարգում: Եթե հարցը դեռ օրակարգային է, իրավական ինչպիսի՞ կարգավորումներ են գործում պերմանենտ հրաժարումների դեպքում առանձնատուն տրամադրելու հարցում: Այս և այլ հարցերի շուրջ է ԳԱԼԱ-ն զրուցել Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տնօրեն Գենյա Պետրոսյանի հետ:

-Տիկի՛ն Պետրոսյան, ՀՀ նախկին երկու նախագահներին պետության կողմից առանձնատուն տրամադրելու հարցում խնդիրներ չծագեցին, սակայն Սերժ Սարգսյանի պարագայում այլ պատկեր ստացվեց՝ առաջարկների պարբերաբար մերժումների հետևանքով: Առհասարակ, օրենսդրությունն ինչպիսի՞ կարգավորումներ է սահմանում:

- ՀՀ պաշտոնաթող նախագահներին առանձնատնով ապահովելու հարցը կարգավորվել է դեռևս 1996թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» օրենքով: Դրա համաձայն՝ կառավարությունը պարտավոր է ՀՀ պաշտոնաթող նախագահին ապահովել բնակարանով: Այն տրամադրվում է սեփականության իրավունքով: Թեև այս օրենքը ուժը կորցրել է 2018թ. ապրիլի 9-ին, և նոր օրենսդրական կարգավորմամբ այլևս նման սոցիալական երաշխիք կարգավորված չէ, սակայն ՀՀ 3-րդ նախագահի նկատմամբ կիրառվել է հենց այդ օրենքը, և բոլոր նախատեսված երաշխիքները պետք է տրամադրվեն կառավարության որոշմամբ: Իսկ ինչ վերաբերում է կառավարության կողմից առանձնատների առաջարկներից հրաժարվելուն, ապա կարգավորում նախատեսված չէ:

Պետության կողմից բնակարանով ապահովումն իմպերատիվ պահանջ է: Իմ կարծիքով՝ եթե պաշտոնաթող նախագահն ընդհանրապես հրաժարվի առաջարկից, ընդ որում՝ այս հրաժարումն իրականացնի հստակ և աներկբա եղանակով, ապա այս դեպքում լիարժեք կհամարվի բնակարանի տրամադրումը գոնե այս փուլում: Բայց ներկա պայմաններում չկա բնակարանի իրավունքից հրաժարվելու հստակ կամարտահայտություն, որ կարողանանք ասել, որ կա օրենքով սահմանված հրաժարում: Հրաժարման պահով օրենքը հստակ կարգավորումներ չի տալիս: Եթե գրասենյակի համար նախատեսված է կարգավորում, որ պետական պահպանությունը ցանկությամբ է տրվում, ապա այս պարագայում օրենսդրորեն կա հստակ իմպերատիվ պահանջ՝ ապահովել պաշտոնաթող նախագահին բնակարանով:

-Կառավարության որոշումը, որի մասին նշեցիք, ընդունվե՞լ է, թե՞ ոչ:

- Ինչպես ասացի, 1996թ. օրենքը ուժը կորցրել է 2018թ. ապրիլի 9-ին, այսինքն՝ նորընտիր նախագահի՝ պաշտոնի ստանձնման օրը: Միևնույն ժամանակ կա ընդունված մեկ այլ օրենսդրական ակտ՝ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսված են այլ երաշխիքներ՝ ավելի նվազ ծավալով, պաշտոնաթող նախագահների համար: Նույն այդ օրենքի փոփոխությամբ, որը ևս պետք է ապրիլի 9-ից ուժի մեջ մտներ, փաստացի մտել է, նախատեսվել է անցումային դրույթ. մինչ նորընտիր նախագահի պաշտոնը ստանձնելը պաշտոնաթող նախագահների նկատմամբ նորից կիրառելի է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը: Այսինքն՝ դա 2018թ. ապրիլի 9-ից ուժի մեջ մտած նոր օրենքի անցումային կարգավորումն է: Իսկ նոր օրենքով բնակարանի տրամադրում այլևս նախատեսված չէ:

-Փաստորեն, Սերժ Սարգսյանին առանձնատուն տրամադրելու հարցը դեռ շարունակում է մնալ օրակարգում: Եվ եթե տեսականորեն Սերժ Սարգսյանը կրկին հրաժարվի, հարցը լուծված չի համարվի:

-Այո՛: Այս դեպքում իրավունքից հրաժարման ակտ ես չեմ կարող արձանագրել, որ չտրամադրումը իրավաչափ համարվի: Այստեղ կա առաջարկից հրաժարում: Այստեղ որևէ իրավական կարգավորում չկա: Չկա նաև նշված թիվ, թե քանի անգամ պետք է հրաժարվի, որից հետո պետք է բնակարանի իրավունքը չտրամադրվի: Ի դեպ, այդ թիվը նշելն էլ է կամայական: Որևէ թիվ չի կարող իրավաչափ լինել:

 

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝