«Մանվել Գրիգորյանը նվիրատվություն անելու համար որևէ դրդապատճառ չի ունեցել և որևէ ճնշման ներքո չի եղել»

manvel-320x228

ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, կալանավորված Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է, որ իր պաշտպանյալը նվիրատվություն անելու համար որևէ դրդապատճառ չի ունեցել: ԳԱԼԱ-ի այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ նրա կատարած քայլը տեղի է ունեցել ինչ-որ ճնշումների ազդեցության ներքո, փաստաբանը պատասխանեց՝ նման բան չի եղել:

Լևոն Բաղդասարյան

Լևոն Բաղդասարյան

«ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը տնօրինելու, մասնավորապես ինչպես օտարելու, այնպես էլ կտակելու և նվիրաբերելու: Մանվել Գրիգորյանի ցանկությունն է եղել նվիրատվություն անել ՀՀ-ին տվյալ գույքը»:

Լևոն Բաղդասարյանից ԳԱԼԱ-ն փորձեց տեղեկանալ, թե արդյոք կան մտադրություններ նոր նվիրատվություններ անելու: Փաստաբանը չբացառեց այդ փաստը. «Ռուսներն ասում են՝ «Никогда не говори никогда», դա ապագայի հետ է կապված»:

«Ապագայի հետ կապված գործարքը թողնում ենք ապագային, եթե ապագայում ցանկություն կունենա ինչ-որ գործարք անելու, բնականաբար, դրա մասին կիմանաք»,- հավելեց փաստաբանը:

Անդրադառնալով նրա առողջական վիճակին՝ Բաղդասարյանը նշեց՝ բազմիցս բարձրաձայնել են, որ լուրջ խնդիրներ կան: Փաստաբանի փոխանցմամբ Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում: Նրա կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է, նաև դատարանը մերժել է Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ։

Հիշեցնենք, Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով՝ ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության և զինվորների համար նախատեսված պարենամթերքի, պարագաների յուրացման համար։

 

Դիտվել է՝