Անշարժ գույքի շուկայում իրական գնաճ է նկատվում

home-appraisal new

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որպես երկրի տնտեսական աճի հիմնական ցուցիչ հաճախ մատնանշում է վերջին ամիսներին անշարժ գույքի գների աճը ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության բազմաթիվ քաղաքներում: Նրա խոսքով՝ արտերկրի հայերը ոչ միայն գալիս են որպես զբոսաշրջիկ, այլ նաև բնակարաններ են գնում: Իրականում ինչպիսի՞ իրավիճակ է տիրում շուկայում, ովքե՞ր են հիմնական գնորդները: Վերջին ամիսներին Երևանում, հատկապես Կենտրոն վարչական շրջանում անշարժ գույքի գների աճ է արձանագրել նաև Ազգային վիճակագրական ծառայությունը:

Անշարժ գույքի համակարգված դիտարկումների բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նազարյանը, ամփոփելով 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածը, նշում է՝ ընդհանուր առմամբ եղել է մոտ 11,610 գործարք. անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գրանցվել է 19.9% աճ:

«Պրոինֆո» անշարժ գույքի հայտարարությունների մասնագիտացված հարթակի ղեկավար Էդուարդ Ապրիյանը նույնպես համամիտ է, որ դրական դինամիկա է նկատվում, սակայն դրա համար ներկայացնում է որոշ օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ, որոնց շնորհիվ էլ անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն աճել են: Ըստ նրա՝ 3-5 տոկոս իրական գնային աճ է արձանագրվել այս ամիսների ընթացքում:

Ըստ կադաստրի տվյալների՝ բնակարանների գներն աճել են բոլոր վարչական շրջաններում, իսկ անշարժ գույքի գործակալության տվյալներով՝ մեծացել է բնակարանների վաճառքների նկատմամբ հետաքրքրությունը, սակայն ոչ գները:

Անշարժ գույքի գործարքներն աճել են ոչ միայն մայրաքաղաքում, այլև մարզերում: Աննա Նազարյանը նշում է, որ մարզերում էլ ունենք աճի նույն միտումները, սակայն ոչ նույն տեմպերով: Նվազումները նկատվում են հիմնականում Շիրակի և Գեղարքունիքի մարզերում:

 

 

 

Դիտվել է՝