Ովքե՞ր են գլխավորելու ընտրություններին մասնակցող ուժերի ընտրական ցուցակները

բբբբ

ԿԸՀ-ն նոյեմբերի 2-ի նիստում հաստատեց դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների ժամանակացույցը: Ըստ այդմ՝ կուսակցություններն ու դաշինքները պետք է մինչև նոյեմբերի 14-ը՝ ժամը 18:00-ն, ներկայացնեն ցուցակները: Իսկ քաղաքական ուժերի մեծ մասը դեռ չի շտապում խոսել այն մասին, թե ովքեր են գլխավորելու ընտրական ցուցակները:

Մասնակի որոշակիություն կա իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, և ԲՀԿ պարագայում: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, առաջիկա արտահերթ ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Իմ քայլը» դաշինքի ձևաչափով, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է հայտարարել, որ ցուցակն ինքն է գլխավորելու և այն ինքն է կազմելու:

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԳԱԼԱ-ի հետ զրույցում վերահաստատեց ընտրություններին իրենց մասնակցությունը, սակայն նշեց նաև, որ ընտրացուցակների վերաբերյալ դեռ հստակություն չկա: Առաջիկայում ՀՀԿ խորհրդի նիստ կլինի, և դրա մասին պաշտոնական տեղեկատվություն կտրամադրվի: Ճշգրտող հարցին՝ ե՞րբ է նշված «առաջիկայում»-ը, Էդուարդ Շարմազանովն ասաց՝ 10 օրվա ընթացքում:

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը ևս ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց, որ դեռ ցուցակների հարցում որոշակիություն չկա, հարցը դեռ չեն քննարկել:

Վերջերս կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն վերջինը, որին ինքը մասնակցելու է, կուսակցություն պետք է գան երիտասարդ, նոր ուժեր:

ԳԱԼԱ-ի հարցին, թե այս սկզբունքո՞վ են առաջնորդվելու առաջիկա ընտրական ցուցակները կազմելիս, Արմեն Մարտիրոսյանը կրկնեց, որ ցուցակների հարցը դեռ չեն քննարկել:

«Այժմ աշխատում ենք ցուցակների վրա, անունների մասին կխոսենք առաջիկա մի քանի օրից»,- ընտրացուցակների վերաբերյալ ԳԱԼԱ-ի հարցին ի պատասխան ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը:

««Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, հավատարիմ մնալով իր ձևավորած ավանդույթին, ակնկալվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի»,- օրեր առաջ հայտարարեց Արմեն Ռուստամյանը:

ԳԱԼԱ-ն փորձեց մանրամասներ ստանալ ընտրացուցակը գլխավորողի ու առաջին տասնյակում ընդգրկվածների մասին: Սակայն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին նաև մասնակցության մասին հայտարարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից:

Այսպիսով, ըստ էության, կուսակցություններն ու դաշինքները անունների հրապարակումը թողնում են վերջին օրվան:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝