«ԸՕ նախագծի տապալման համար պետք է բացատրություն տա քաղաքական պատասխանատուն». Ավինյանի նախկին օգնական

timthumb

ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը, ով երեկ դիմում է ներկայացրել՝ ազատվելու զբաղեցրած պաշտոնից, բացատրում է, որ Ընտրական նոր օրենսգրքի ընդունումը խիստ սկզբունքային էր իր համար, և հրաժարականի քայլը նա որակում է որպես պատասխանատվություն այն մարդկանց առաջ, ովքեր հետևել ու վստահել են իր քայլին: Միքայել Նահապետյանը գտնում է, որ դրանց տապալման համար պետք է պատասխան տա քաղաքական պատասխանատուն:

Ներկայացնում ենք Մ. Նահապետյանի հարցազրույցը ԳԱԼԱ-ին:

-Միքայել, Դուք հրաժարականի դիմում եք գրել, և պատճառաբանությունը, փաստորեն, Ընտրական նոր օրենքի չընդունումն է: Այդ հարցը սկզբունքայի՞ն էր Ձեզ համար, թե՞, այնուամենայնիվ, այլ պատճառներ կան:

-Նախքան ապրիլյան իրադարձությունները ես և մի շարք գաղափարակից ընկերներ քաղաքական փոփոխություններ էինք առանձնացրել, դրանք հինգն էին, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները:

Երբ այն ժամանակ գործող վարչապետը հեռանար, այդ փոփոխություններն անհրաժեշտ էին լինելու՝ երաշխավորելու, որ այլևս երբեք չի ձևավորվի նման վարչախումբ:

Երբ սկսվում էին ապրիլյան իրադարձությունները, մենք բազմաթիվ հանդիպումներ էինք ունենում Նիկոլ Փաշինյանի և ՔՊ կուսակցության անդամների հետ, հինգ-վեց անգամ եղել ենք այդ ճամբարում ու զրուցել ենք տեսլականի մասով: Ընդհանուր առմամբ կար փոխըմբռնում այն փոփոխությունների հանդեպ, որ պետք էր Հայաստանում: Հետո հեղափոխության հարթակից այդ փոփոխություններից մի քանիսը հայտարարվեցին, իսկ կառավարության ծրագրում շատ կոնկրետ բառացի «Ընտրական օրենսգրքի փոփոխություն» գրված է եղել:

Ես որոշակի կառավարչական աշխատանք էի անում կառավարությունում, նախկինում էլ հասարակական, ինչ-որ տեղ նաև քաղաքական գործունեություն էի ծավալել, որոշակի սկզբունքներ ունեի դրա հետ կապված, որոշակի պարտավորություններ կային մարդկանց առջև, և որոշակի պայմանավորվածություններ ունեի, ասում էի, որ հեղափոխությունն ունի այս նպատակը, և ես գնում եմ, որ նպատակներն իրականություն դառնան:

Այդքանով ԸՕ փոփոխությունների հարցը ինձ համար սկզբունքային հարց է եղել, և դրա տապալումից հետո առնվազն մի քանի տարբերակներ կարող էին լինել: Քանի որ որոշումը ես միանձնյա չէի կարող կայացնել, այսինքն միանձնյա որոշում ընդունեի այդ պաշտոնում, թե եկեք նորից ենք անում Ընտրական օրենսգրքի անցկացման գործողությունը, իսկ նման որոշում չկայացվեց, որևէ պարզաբանում չտրվեց այն իրավիճակում, երբ հանրության առաջ պարտավորությունը չափազանց կարևոր է, չեղավ այդ պատասխանատվությունը, ես էլ պաշտոնը թողնելը դիտարկեցի պատասխանատվության ձև այն մարդկանց առաջ, ովքեր հավատացել էին այն արժեքներին, հայտարարություններին, որոնք ես արել էի:

-Ինչո՞ւ ԸՕ փոփոխություններն իրականություն չդարձան: Իշխանությունը կարող էր անել քայլեր, որ այդ փոփոխություններն իրականություն կդարձնեին: Դրա համար ի՞նչն էր պակասում՝ քաղաքական կա՞մքը, թե՞ պարզապես չէր կարևորվել, թե՞ շտապողականության, անփութության արդյունք էր:

-Ես իմ մտահոգությունը ՔՊ պաշտոնական մի քանի ներկայացուցիչների հայտնել եմ: Նրանց համար լսելի է եղել որպես մարդ, անհատ, որոնց համար կարևոր էր: Մինչև ընտրությունները նորից ինչ-որ քայլերի դիմելը պարտադիր պայման էին: Ինչ վերաբերում է գնահատականներին, ինչո՞ւ չստացվեց, կարծում եմ՝ պատասխանատվությունը, այդ գնահատականը պետք է տար քաղաքական պատասխանատուն: Հակված չեմ կարծելու, որ կատեգորիկ աչքաթող էր արվել ընտրական օրենսգիրքը, որովհետև համենայնդեպս իմ շուրջն աշխատող մարդիկ բավարար ջանքեր էին գործադրում լավ օրենսգիրք ունենալու և դա անցկացնելու համար: Թե ինչու չստացվեց, կրկնում եմ, քաղաքական պատասխանատուն պետք է պատասխանի:

-Դուք Տիգրան Ավինյանի օգնականն էիք: Այս օրերին մամուլը տարբեր հրապարակումներ ունի՝ կապված նրա անվան հետ: Ինքը՝ Ավինյանը, հայտարարեց, որ կա քաղաքական պատվեր: Այս ամենն ի՞նչ դեր է խաղացել Ձեր՝ աշխատանքից դուրս գալու հարցում:

-Հրապարակումները, որոնք եղել են պարոն Ավինյանի հետ կապված, ճիշտ կլինի մեկնաբանություն տա պարոն Ավինյանի գրասենյակը, որի ներկայացուցիչ ես արդեն չեմ: Այդ հրապարակումների մի մասն անհեթեթ եմ համարում, իսկ այնտեղ, որտեղ որոշակի բովանդակություն, այնուամենայնիվ, կա, այդ որոշման ճշմարտացիության ամբողջականության վերաբերյալ պարոն Ավինյանի գրասենյակը և ինքը, կարծում եմ, հանդես եկել են: Իմ դիմում ներկայացնելը բացարձակապես կապ չի ունեցել պարոն Ավինյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների հետ, և իմ ու պարոն Ավինյանի, նրա գրասենյակի աշխատակիցների հետ պահպանվում են ջերմ հարաբերությունները մինչև այսօր:

-Ինչպիսի՞ խորհրդարան կունենանք: Որոշ մտահոգություններ արդեն հնչում են, որ գործող օրենքով կունենանք պակաս քաղաքական խորհրդարան:

-Ընդհանուր առմամբ որևէ ինստիտուցիոնալ երաշխիք չկա այդպիսի կանխատեսում անող մարդկանց կասկածները փարատելու համար: Վստահ եմ, որ հնարավոր կլինի բացառել ընտրակաշառքը, և իշխանությունն ունի այդ քաղաքական կամքը՝ բացառելու ընտրակաշառքը: Իմ ընկալումն այդպիսին է: Բայց այս ամենով հանդերձ ԸՕ գործող կանոններն ապաքաղաքական կանոններ են և 100 տոկոսանոց քաղաքական պառլամենտ ձևավորելու համար ռիսկեր են պարունակում:

Հարցազրույցը՝ Քրիստինա Մկրտչյանի

Դիտվել է՝