Հարավկովկասյան երկաթուղի. բազմաշերտ թնջուկ

train_361009290

ԳԱԼԱ-ն անդրադարձել էր ՀԿԵ-ի 317 հազար դոլար կորստի մի պատմությանը։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը պայմանագիր էր կնքել ԱՄԷ-ում ում գրանցված  «Գուլֆ Կոմերցիալ Դեպոտ» ընկերության հետ՝ մեքենաներ գնելու վերաբերյալ: Սակայն ընկերությունը խախտել էր պայմանագիրը և մոտ 12 մեքենա չէր  ներմուծել, ըստ այդմ՝ ՀԿԵ-ն դիմել էր դատարան (ըստ Դատալեքսի՝ գործ ԵԷԴ/0629/02/10)՝ պահանջելով 317 հազար դոլար։

Թեպետ դատը շահել էր, սակայն գումարն այդպես էլ չէր կարողացել ստանալ, քանի որ երկաթուղու աշխատակիցները կորցրել էին կատարողական թերթիկը։ Երկրորդ անգամ դատարան դիմելուց և թերթիկը վերականգնելուց հետո նորից դիմել են ԴԱՀԿ, ԱՆ, վերջինս էլ ԱԳՆ-ի միջոցով ուղարկել էր ԱՄԷ՝ Աբու Դաբի։ Եվ ՀԿԵ-ում սպասում են, թե երբ ԱՄԷ-ից կփոխանցեն կորած գումարը։ Այս հարցերով զբաղվում է «ՍՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ իրավաբանական ընկերությունը։ Դրա տնօրեն Արթուր Գրիգորյանին  ԳԱԼԱ-ն հարցրել է, թե շարունակվելո՞ւ է գումարի վերադարձման  համար իրավական գործընթացը, «ՍՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն շարունակո՞ւմ է ԱՄԷ-ում ներկայացնել  ՀԿԵ շահերը:

Արթուր Գրիգորյանն ասաց. «Կա օրինական  ուժի մեջ մտած դատավճիռ, որը կատարման փուլում է, գործողություններ են կատարվում: Ժամանակը կգա, եթե արդյունք լինի, դրա մասին ՀԿԵ-ն՝ ի դեմս իր լրատվական ծառայության, թող հայտարարի: Կա ՀՀ և ԱՄԷ միջև կնքված իրավական օգնության պայմանագիր, դրա շրջանակներում ամեն ինչ կընթանա, արդյունքների մասին կտեղեկացվի»:

Թե ինչ գործողությունների մասին է խոսքը,  իրավաբանական ընկերության տնօրենը փակագծերը  չբացեց՝ նշելով. «Բոլոր գործերը, որ ես ունեմ, շարունակվելու են, այդ թվում՝ նաև դա»,- նշեց նա:

Երկրորդող հարցին, թե այս հարցում խոչընդոտնե՞ր են եղել, ԳԱԼԱ-ի զրուցակիցը նկատեց. «Ցանկացած պարագայում հաճախորդի հետ աշխատելուց կարող են խոչընդոտներ լինել, սակայն դա որևէ բանի մասին չի խոսում և չի կարող իր գործողությունների համար արգելք լինել: ՀԿԵ-ի՝ ինձ հետ կնքած պայմանագրում կան կոնֆիդենցիալության մասին դրույթներ, որոնք  ես իրավասու չեմ հրապարակել: Ընդ որում՝ մի գործ գտնվում է միջդատական վարույթում, որով նախաքննական գաղտնիություն կա, և հրապարակման ենթակա չէ, և պայմանագրով էլ նախատեսված է,  որ ես իրավասու չեմ տվյալներ հրապարակել: ՀԿԵ-ն  եթե հարկ կհամարի որևէ բան ասել, թող ասի, ես պարտավոր եմ կոնֆիդենցիալությունը ապահովել: Իմ կողմից ինչ արվել է, հետագայում էլ արվելու է: Ինձ ո՞վ կարող է  կանգնեցնել, ես ունեմ պայմանագրային պարտավորություններ, պիտի շարունակեմ»,- ամփոփեց  «ՍՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ իրավաբանական ընկերության  տնօրեն Արթուր Գրիգորյանը:

ՀԿԵ ընկերությունում հայտնաբերված խախտումների մասին նշվում էր, որ դրանցում  ներգրավված են  ընկերության վերին էշելոնների ներկայացուցիչներ: Խոսվում էր անգամ ընկերությունում կլանային համակարգի առկայության մասին:

ՀՀ ՔԿ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից ներդրումային միջոցների ծախսման գործընթացում մի շարք խախտումներ և գույքերի պակասորդներ  էր արձանագրել, ինչի մասին հաստատել էր լրատվամիջոցներից մեկի գրավոր  հարցմանն ի պատասխան:  Առհասարակ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն մի ընկերություն է, որը գործընկերային  հարաբերություններ է հաստատել բազում ընկերությունների հետ, սակայն կլանային համակարգի թելադրանքով խախտել է գործընկերային իրավական հարաբերությունները: Նման ընկերություններից մեկն էլ «Լիոն Փրինթինգ Սերվիս» ՍՊԸ-ն է, որի հանդեպ գործընկերային  գործընթացից դուրս մղելու  քայլեր են արվել: 

Ընկերության ներկայացուցչի  հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝