Հունան Պողոսյան հեղափոխականը

vostikanutyun-sargsyan

Կառավարության որոշմամբ՝ Հունան Պողոսյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ։ Նորանշանակ մարզպետը հայտարարեց, որ ինքը նոր Հայաստանի կողմնակից է և եկել է աշխատելու իր հայրենիքի կանչով: Հավանաբար այսօր-վաղը արդեն կգործուղվի մարզ՝ «սիրո և հեղափոխության» շունչն իր հետ տանելով Սյունիք:

Հունան Պողոսյանն իր ամբողջ գիտակցական կյանքում պայքարել է հեղափոխական ուժերի դեմ, հանրահավաքներ ու երթեր ցրել, դրա համար պարգևատրվել մեդալներով, 2008թ.-ի մարտյան իրադարձություններից հետո, երբ Ս. Սարգսյանը «բարեհաջող» ստանձնեց նախագահի պաշտոնը, նա պաշտոնի բարձրացում ստացավ՝ նշանակվելով կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչության պետ, այնուհետև փոխոստիկանապետ:

Պողոսյանն ուժային բարձրաստիճան պաշտոնյաներից թերևս եզակիներից էր, որ հեղափոխությունից հետո ոչ թե շարունակեց իր գործը ոստիկանական համակարգում, այլ որոշեց ինքն էլ հեռանալ Սերժ Սարգսյանի համակարգի հետևից՝ գրելով հրաժարականի հայտարարությունը, թե՝ «Ծառայել եմ իմ ժողովրդին: Հայրենիքը որտեղ կկանչի, ես այնտեղ կլինեմ»:

Ինչ խոսք, ժողովրդի, հայրենիքի մասին հունանպողոսյանական պատկերացումներն այնքան էլ չեն համընկնում հեղափոխական ժողովրդի պատկերացումներին, բայց սա իհարկե չի խանգարում նրան որպես «հեղափոխական լիդեր» գործուղվել Սյունիքի մարզ:

Այս իմաստով հետաքրքիր են Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունները, թե՝ «եկել է բարիկադներ կառուցելու և դրանք ապամոնտաժելու ժամանակը», և հեղափոխությունից հետո չպետք է լինի «քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ որոշակի հետապնդումների են ենթարկվում միայն նրա համար, որ նախկինում գործունեություն են ծավալել»:

Իհարկե, ոչ ոք դեմ չէ «առողջ ուժերը» երկրի շահին ծառայեցնելու գաղափարին, սակայն այդ դեպքում հարց է առաջանում, թե չի՞ կարելի, օրինակ, օգտագործել Էդուարդ Շարմազանովի, Արփինե Հովհաննիսյանի, Արմեն Աշոտյանի կամ, ի վերջո, Վլադիմիր Գասպարյանի ու Աշոտ Գիզիրյանի պոտենցիալները:

Վերջինը երկար տարիներ ուժային կառույցում «անձնվեր» ծառայությունից բացի, նաև «դժվար» համբավ ունեցող Շիրակի մարզը «հնազանդեցնելու» հարուստ փորձ ունի:

Եվ վերջապես Սերժ Սարգսյանն էլ նույն տրամաբանությամբ էր առաջնորդվել՝ Շիրակի մարզում անհնազանդներին հնազանդեցնելու պատասխանատվությունը դնելով ուժային բարձրաստիճան պաշտոնյայի վրա:

Հունան Պողոսյանն այսօր էլ համարվում է ամենահարուստ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ում գույքի և եկամուտների հայտարարագիրը շատ կասկածահարույց է: Դեռ 2012թ.-ին նա համարվել է ոստիկանության ամենահարուստ պաշտոնյան, որի դրամական միջոցները մի քանի անգամ գերազանցում էին նրա տարեկան աշխատավարձը: Եվ ինչի՞ հաշվին…

Թվում է՝ հեղափոխությունը նախ և առաջ այս և նմանատիպ այլ հարցերի պատասխանները որոնելու ճանապարհներն էր մատնանշելու: Սակայն այսօր հեղափոխական հանրության մոտ աստիճանաբար տեղի է ունենում ընկալման տրանսֆորմացիա: Ստացվում է՝ մերժելին միայն Սերժ Սարգսյանն էր: Նա բռնություն ու սարսափ տարածելով երկրում՝ ձևավորել էր գաղջի մթնոլորտ՝ ստիպելով թալանել, գողանալ, ապօրինի հարստանալ: Իրականությունը սակայն հակառակն էր: Համակարգն ինքն էր ստեղծել «Սերժ Սարգսյան», և նրան մերժելը դեռևս անսերժ Հայաստան ունենալու երաշխիք չէ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝