Ֆրանսախոսների ընտանիքը՝ Երևանում. Ամփոփում

6012_b

Օրվա գլխավոր իրադարձությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն էր, որը հոկտեմբերի 12-ին կտա իր վերջին ակորդը:

Իսկ հոկտեմբերի 11-ին գագաթնաժողովն սկսվեց պաշտոնական պատվիրակությունների դիմավորման արարողությամբ: Գագաթնաժողովին մասնակից 84 պատվիրակություններից 38-ը ներկայացել էին երկրի ղեկավարների մակարդակով: Նրանց Մարզահամերգային համալիրում դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Մինչ այդ Երևանի հյուրերը եղան Ծիծեռնակաբերդում՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Ծիծեռնակաբերդի Հիշողությունների պուրակում եղևնի տնկեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Իր ելույթում նա ասաց. «Ձեր երկիրը հիշողություն է, Հայաստանը մարմնավորում է համերաշխությունը, եղբայրությունը: Հայաստանի մասին խոսելիս մենք հիշում ենք 1988-ի երկրաշարժը, մենք առիթ ունեցանք այն ժամանակ այստեղ լինելու: Մենք սիրեցինք ձեր երկիրը: Ձեր ժողովուրդը արի է ու անկախ, իր իրավունքների համար պայքարող: Ձեր երկրի ամենամեծ գանձը Շառլ Ազնավուրն էր: Մենք տարբեր լեզուներով ենք խոսում, բայց մեզ միավորում են ֆրանսերենն ու ֆրանկոֆոնիայի արժեքները՝ ազատություն, եղբայրություն, ճշմարտություն: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երևանում է հավաքել ֆրանսախոս ընտանիքի, որոնք ներկայացնում են 6 մայրցամաք: Մենք շատ գործեր ունենք անելու, մենք միմյանց չպետք է դասեր տանք: Ֆրանկոֆոնիան մի տեղ է, որտեղ պետք է արտահայտվեն մեր նպատակները»,- ասաց Ֆրանսիայի նախագահը:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ևս տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ներկա եղավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի բացման պաշտոնական արարողությանը: Նա զրուցեց գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Լիբանանի նախագահ Միշել Աունի, Մոնակոյի արքայազն Ալբեր Երկրորդի և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Գագաթնաժողովի ընթացքում իր հավերժ ներկայության մասին էր հիշեցնում Շառլ Ազնավուրը: Դահլիճի տեսանյութերը հետադարձ հայացք էին նրա ելույթներին ու կատարումներին: Գագաթնաժողովի ընթացքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Շառլ Ազնավուր» թեմային:

Առհասարակ գագաթնաժողովն էլ սկսվեց նրա հիշատակը ծափահարություններով հարգելով: Իր ելույթում ՀՀ վարչապետը նշեց. «Նա հեռացավ մեզանից, բայց այսօր ներկա է մեր մտքերում:

Անդրադարձ կատարելով դարի մարտահրավերներին՝ վարչապետը շեշտեց նաև ցեղասպանությունների, մարդու իրավունքների խախտումների դեմ պայքարը։

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ֆրանկոֆոն երկրների պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպմանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվեց Հայաստանին:

«Մենք լիովին գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որն այսուհետ ստանձնում է Հայաստանի Հանրապետությունը՝ գալիք երկու տարիների ընթացքում այդ նախագահությունն ապահովելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Երևան ժամանած հյուրերն օրվա ընթացքում շրջեցին քաղաքում, իսկ երեկոյան էլ Հանրապետության հարապարակում տեղի ունեցավ գալա համերգը: Գալա-համերգին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը:

 

Անահիտ Ավագյան

 

Դիտվել է՝