Ֆրանսիական շունչը Երևանում, նորընտիր ավագանի, ազատություն եւ կորուստ. օրվա ամփոփումը

Снимок

Օրը շարունակվեց ֆրանսիական լինել:  Հոկտեմբերի 7-ից ֆրանսիական շունչը  թևածում է  Երևանում: Երեկոյան  ներկայացուցչական պատվիրակությամբ Երևան ժամանեց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն՝մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին։  «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հայաստան ժամանեց նաեւ Լիբանանի նախագահը:

Մինչ այդ, Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում գագաթնաժողովի շրջանակներում տեղի ունեցավ «Ֆրանկոֆոն աշխարհի հայ ճարտարապետները» թեմայով կոնֆերանս:

Գագաթնաժողովի շրջանակում անցկացվող գործարար համաժողովի փակման ժամանակ ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  «Ես  կուզեի հայտնել իմ գոհունակությունը ձեր քննարկումների արդյունքների առիթով, որոնք, որքանով ինձ հայտնի է, ի հայտ են բերել շատ հետաքրքիր նախաձեռնություններ»,-ասաց նա:

Երևանի ընդհանուր իարվասության դատարանի որոշմամբ 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը: Սակայն «Սասնա ծռեր»-ի շարքերը  նոսրացան: Մահացավ խմբավորման անդամ և Արցախյան ազատամարտի հայտնի մարտիկ Արայիկ Խանդոյանը՝ Միայնակ գայլը:  

Կայացավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Կողմերը, ի թիվս օրակարգային մի շարք հարցերի, անդրադարձան  արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Նրանք վերահաստատեցին նախկինում հնչեցրած իրենց այն դիրքորոշումը, որ բոլոր գործընթացները պետք է ընթանան բանակցությունների եւ փոխհամաձայնության ճանապարհով:

Երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով Ազգային ժողովի խմբակցությունների հետ խորհրդակցությունների շարք էր նախաձեռնել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Նա հանդիպեց  ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, ինչպես նաև  «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության  անդամ Սպարտակ Սեյրանյանի հետ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է վերջին օրերին քաղաքական ուժերի որդեգրած բանակցային ուղին եւ կարեւորել հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտը երկրում: Վահրամ Բաղդասարյանը վերահաստատել է ՀՀԿ խմբակցության այն հայտարարությունը, որ չընդունելով հանդերձ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ փաստարկները՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը մտադրություն չուներ եւ չունի վարչապետի թեկնածու առաջադրել: Միաժամանակ նա նշել է, որ քաղաքական ուժերը պետք է պատշաճ ժամանակ ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու համար: 

Կառավարության նիստում մարզպետներ  նշանակվեցին: Գնել Սանոսյանը նշանակվեց  Գեղարքունիքի, Տրդատ Սարգսյանը՝Վայոց ձորի, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ:

Առաջին նիստը գումարեց Երևանի նորընտիր ավագանին: Ընտրեց հանձնաժողովների  նախագահներին ու նրանց տեղակալներին, նշանակեց քաղաքապետի երդմնակալության օրը՝ հոկտեմբերի 13-ը: Հայկ Մարությանը կադրային փոփոխությունների վերաբերյալ ասաց. «Բոլոր այն պրոֆեսիոնալները, ովքեր ուզում են ու պատրաստ են աշխատել Նոր Հայաստանի կանոններով, պատրաստ են ծառայել Երևանի բնակիչներին, կարող են իրենց ծառայությունը մատուցել»: Ավագանու  խմբակցությունների հետ համագործակցության վերաբերյալ էլ նկատեց, որ ընդունվելու են նրանց կողմից ներկայացված բոլոր այն առաջարկները, որոնք «լավն են ու լուսավոր»:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝