Թրամփի վարչակազմը չեղյալ է համարում ևս երկու միջազգային պայմանագիր

Harut-Sasunyan-21

Սեպտեմբերին ես հոդված էի գրել՝ քննադատելով Թրամփի վարչակազմի կողմից Միջազգային քրեական դատարանի մերժումը: Միացյալ Նահանգների այս դիրքորոշումը ես համարել էի հարգանքի բացակայություն արդարադատության և օրենքի գերակայության նկատմամբ:

Անցյալ շաբաթ Թրամփի վարչակազմը ևս երկու սկանդալային գործողություն իրականացրեց՝ ավելի ոտնահարելով միջազգային իրավունքը և խուսափելով հակամարտության խաղաղ կարգավորման իրավական լուծումից:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ Միացյալ Նահանգները դադարեցնում է 1955 թ. ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված Բարեկամության համաձայնագիրը, Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) կողմից 2018 թ. հոկտեմբերի 3-ին ընդունած միաձայն որոշումից հետո որ Միացյալ Նահանգները պարտավոր է վերսկսել մարդասիրական ապրանքների և պահեստամասերի արտահանումը Իրան, քաղաքացիական ավիացիայի անվտանգության ծառայությունների համար՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին: Դա, անշուշտ, հաղթանակ էր Իրանի համար, քանի որ նա դատի էր տվել Միացյալ Նահանգներին Միջազգային դատարանում: ԱՄՆ-ի դուրս գալը համաձայնագրից նրան դարձրեց ոչ արժանապատիվ պարտվող…

Նախագահ Թրամփը վերսկսեց Միացյալ Նահանգների պատժամիջոցներն այս տարվա մայիսին՝ Իրանի և մի քանի այլ խոշոր պետությունների հետ 2015 թ. կնքած միջուկային գործարքից դուրս գալուց հետո: Պատժամիջոցները վերաբերում էին դոլարային գործարքներին, սննդամթերքի արտահանմանը և ալյումինի ու պողպատի վաճառքին: Նոյեմբերին ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կավելացնի Իրանի նավթի վաճառքի, էներգետիկ և տրանսպորտային հատվածների ու արտասահմանյան ֆինանսական գործարքների դեմ:

Դատավճռից հետո Միջազգային դատարանի նախագահ Աբդուլքավի Յուսուֆը հայտարարեց, որ «դատարանի հրամանը կիրառվում է դեղամիջոցների և բժշկական սարքերի, սննդամթերքի և գյուղատնտեսական ապրանքների, նաև քաղաքացիական ավիացիայի համար պահեստամասերի ու սարքավորումների նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է նաև ապահովի, որ լիցենզիաներ և թույլտվությունները տրվեն, և որ նման ապրանքների ու ծառայությունների համար վճարումները որևէ սահմանափակման չենթարկվեն», հաղորդում է «Վաշինգտոն փոստը»:

Չնայած Արդարադատության միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, սակայն դրանք հարկադրելի չեն: ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հոկտեմբերի 3-ին Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում հայտարարեց, որ Իրանը «ծաղրանքի է վերածել» Բարեկամության համաձայնագիրը: Ի պատասխան՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Միացյալ Նահանգներին անվանեց «օրինազանց վարչակարգ»:

Հետաքրքիր է, որ Միացյալ Նահանգները Միջազգային դատարանում դատական հայցեր է ներկայացնում այլ պետությունների դեմ, երբ այն համապատասխանում է իր շահերին։ 1979 թ. Միացյալ Նահանգները դատի տվեց Իրանի իշխանություններին՝ Թեհրանում իրանցի զինյալների կողմից ԱՄՆ դեսպանատան գրավումից հետո։ ԱՄՆ-ը շահեց այդ դատական գործը, և Միջազգային դատարանը հրամայեց Իրանին ազատ արձակել բոլոր ամերիկացի պատանդներին ու փոխհատուցում վճարել։ Զարմանալի է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը հիմա է դադարեցնում Իրանի հետ համաձայնագիրը, այլ ոչ թե 1979 թ. պատանդների հետ կապված ճգնաժամի ժամանակ…

«Վաշինգտոն փոստը» հաղորդել է, որ «անցյալ շաբաթ ՄԱԿ-ում հանդիպումների ժամանակ Թրամփը, Պոմպեոն և Բոլթոնը հանդես են եկել Իրանի դեմ և հանդիմանել այլ անդամ պետությունների և ՄԱԿ-ի մարմիններին՝ ամերիկյան շահերին չծառայելու համար: Նրանց մոտեցումը արժանացել է սառը արձագանքի: Նախագահ Թրամփի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նստաշրջանում ՄԱԿ-ի ամենաազդեցիկ կառույցի յուրաքանչյուր անդամ հանդիմանել է Վաշինգտոնին՝ խորհրդի կողմից համաձայնեցված միջուկային գործարքը մերժելու համար»:

2018 թ. հոկտեմբերի 3-ին Բոլթոնը նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս կգա դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի «ֆակուլտատիվ արձանագրությունից»։ Այս որոշումը պայմանավորված էր Պաղեստինի իշխանության կողմից ԱՄՆ-ի դեմ 2018 թ. սեպտեմբերին Միջազգային դատարան բողոքի ներկայացմամբ՝ Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու համար:

Վիեննայի կոնվենցիան միջազգային պայմանագիր է, որը կանոնակարգում է դիվանագիտական հարաբերությունները պետությունների միջև և ապահովում է  դիվանագետների անձեռնմխելիությունը: Զարմանալիորեն, Բոլթոնն ասաց, որ «Միացյալ Նահանգները մնում է Դիվանագիտական ​​հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի կողմ և մենք ակնկալում ենք, որ մյուս բոլոր կողմերը կպահպանեն կոնվենցիայով նախատեսված իրենց միջազգային պարտավորությունները»:

Այնուհետև Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը կվերանայի մյուս բոլոր միջազգային համաձայնագրերը՝ ԱՄՆ-ի ինքնիշխանությունը պահպանելու համար։ Թրամփի  նախագահության երկու տարուց պակաս ժամանակահատվածում Միացյալ Նահանգները դուրս է եկել Իրանի միջուկային համաձայնագրից, կլիմայի միջազգային համաձայնագրից, Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպությունից, սպառնացել է հեռանալ ՆԱՏՕ-ից, հեռացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից և կրճատել է UNRWA-ի (ՄԱԿ-ի օգնության և աշխատանքների գործակալություն) ֆինանսավորումը, որը վերջին 70 տարիների ընթացքում մարդասիրական օգնություն էր տրամադրում միլիոնավոր պաղեստինցի փախստականների…

Սահմանադրագետ իրավաբանները կարող են կասկածի տակ առնել Թրամփի վարչակազմի կողմից ԱՄՆ Սենատի վավերացրած միջազգային պայմանագրերի չեղյալ հայտարարելու օրինականությունը։ Արդյոք Սենատը չպե՞տք է իր համաձայնությունը տա Սպիտակ տանը, մինչև նրա դուրս գալը նման պայմանագրերից։ Ամերիկայի պատմության առաջին 189 տարիների ընթացքում ջնջվել է 40 պայմանագիր, Կոնգրեսի երկու պալատների համաձայնությունից հետո։ Միայն երկու պայմանագիր է չեղյալ համարվել Սենատի կողմից՝ դրա անդամների երկու երրորդ ձայների քվեարկությամբ։ Ցավոք, վերջին տարիներին, Կոնգրեսի անկարողության և պատմական անգործության պատճառով, գործադիր ճյուղը նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելով միակողմանիորեն չեղյալ է հայտարարել միջազգային պայմանագրերը: Սա խնդիր է, որը ԱՄՆ Կոնգրեսը պետք է վերանայի, մասնավորապես, եթե դեմոկրատները շահեն մեծամասնությունը, որպեսզի թույլ չտա նախագահ Թրամփին կամայական որոշումներ կայացնել, որոնք խայտառակում են Միացյալ Նահանգներին ամբողջ աշխարհի աչքի առջև։

Հուսանք, որ ԱՄՆ-ի հաջորդ ավելի պատասխանատու նախագահը կփորձի փոխել Թրամփի խորապես թերի որոշումները միջազգային համաձայնագրերի և այլ կենսական հարցերի վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հարութ Սասունյան 
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Դիտվել է՝