ՀՀԿ դաշտում ևս իրողություն է փոխվել. Նրանք աջակցություն են հայտնում Փաշինյանին

новый коллаж

Հայաստանյան քաղաքական դաշտում եղանակն ամեն օր է փոխվում: Դեռ երեկ «խորհրդարանական սև ուժերը» միահամուռ նախկին կոալիցիոն համերաշխությամբ երկու անգամ կողմ քվեարկեցին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի՝ ԱԺ բերած կանոնակարգ օրենքի փոփոխությանը, որով ենթադրվում էր «հակասցենարի» նախապատրաստում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման՝ փաշինյանական սցենարին:

Եվ չնայած այն հանգամանքին, որ ՀՀԿ-ն պաշտոնապես դեռ դիրքորոշում չի փոխել, այնուամենայնիվ, առանձին հանրապետականներ իրենց համաձայնությունն են արտահայտում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Ավելին, նույնիսկ աջակցություն են հայտնում Նիկոլ Փաշինյանին:

Այդ շարքում է նաև երբեմնի ՀՀ նախկին դատախազ Գևորգ Կոստանյանը, ով հայտարարում է, որ ցանկացած ողջամիտ մարդ պետք է աջակցի Նիկոլ Փաշինյանին:

Կոստանյանի խոսքերով՝ լայն կոնսոլիդացիա կա Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ, և վարչապետի այլ թեկնածու առաջադրել Փաշինյանի հրաժարականից հետո «արհեստածին» կլինի, ինչին Կոստանյանը կողմ չէ:

Կոստանյանը նաև հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր նպատակների և ցանկությունների մեջ, և ինքը պատրաստ է աջակցելու և կանգնելու Փաշինյանի կողքին:

ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Ալիկ Սարգսյանը ևս հայտարարությամբ է հանդես եկել, որ «դե ֆակտո դադարեցրել է իր գործունեությունը» ՀՀԿ խմբակցությունում: Նա ասել է նաև, որ առաջիկա օրերին խմբակցությունը լքելու մասին հայտարարությամբ հանդես կգա։

Արման Սահակյանը վաղուց էր հայտնել ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին, նա այսօր էլ հայտարարել է, որ հաշվի առնելով երկրում տիրող ճգնաժամային իրավիճակը՝ կողմ է Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների անցկացմանը դեկտեմբերին։

Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում ՀՀԿ ԳՄ հոկտեմբերի 5-ի նիստից հետո, որը վարել էր Սերժ Սարգսյանը, իսկ մամուլը գրում էր, որ նիստին բացակաները մեծաթիվ են եղել:

Նույն օրը՝ հոկտեմբերի 5-ին՝ կեսգիշերին մոտ, «Կենտրոն» հեռուստաընկերությունը հրապարակեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը, որում ԲՀԿ ղեկավարը հայտարարում էր, որ իր ղեկավարած քաղաքական ուժը կշարունակի մնալ ժողովրդի կողքին և կիսում է ժողովրդի ցանկությունը՝ ընտրություններն ավելի շուտ կազմակերպելու համար:

Այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ երեկ հանդիպել է ոչ պաշտոնական, այսօր կհանդիպի պաշտոնական ֆորմատով:

ՀՅԴ ներկայացուցիչների հետ ևս հանդիպում նախատեսված է: Ուշագրավն այն է, որ Փաշինյանը հայտարարեց՝ Փարիզում գտնվելիս հանդիպել է ՀՅԴ սփյուռքի կառույցի ներկայացուցիչների հետ, և հիմա ՀՀ-ում այդ կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման անհրաժեշտություն է առաջացել:

Կարելի է ասել՝ թավշյա հեղափոխության երկրորդ արարը ևս ավարտվեց, եթե քաղաքական դաշտում ջերմաստիճանի նոր տագնապային փոփոխություններ չլինեն, Հայաստանը կքայլի դեպի դեկտեմբեր՝ սպասվող նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

   Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝