Բիոլաբորատորիաների «վտանգը» կամ ինչպես լվից ուղտ շինել

biolab

Վերջին շրջանում կրկին ակտիվ շրջանառության մեջ է դրվել այն տեղեկատվությունը, թե նախկին ԽՍՀՄ երկրներում ԱՄՆ-ի կողմից ստեղծվել և ստեղծվում են կենսաբանական լաբորատորիաներ, որոնք իբր հովանավորում է Պենտագոնը:

Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում և մի քանի այլ երկրներում գործող լաբորատորիաների մասին ռուսաստանյան որոշ ԶԼՄ-ների արձագանքը հիվանդագին է՝ պնդումներով, որ դրանք կենսաբանական զենք ստեղծելու հնարավորություններ ունեն: Այդ լրատվամիջոցները տագնապած գրում են, որ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի հարևանությամբ գործող նմանատիպ օբյեկտները դանդաղ գործողությամբ ռումբեր են և մեծ վտանգ են ներկայացնում:

Հայաստանում այդ լաբորատորիաների գործունեության վերաբերյալ կեղծ տեղեկատվության հրապարակումներից հետո արձագանքեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Թեմային անդրադարձավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վստահեցնելով, որ բիոլաբորատորիաներում ոչ մի սարսափելի բան չկա:

Ամերիկացի դեսպանը հայտնեց, որ նման կառույցների գործառույթը մարդկանց ու կենդանիներին տարատեսակ վարակիչ հիվանդություններից պաշտպանելն է, և թյուր են լրատվամիջոցներում ու սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները:

https://eadaily.com/ru/news/2018/09/19/laboratorii-ssha-v-armenii-kak-bioruzhie-rabotaet-u-granic-rossii-i-irana

Ռուսաստանի պաշտոնական օղակներում թեման խիստ քաղաքականացնում են: Ավելի վաղ անհանգստություն էր հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պնդելով, որ Պենտագոնը կենսաբանական ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանի սահմանների մոտ, և այդ գործողությունները կատարվում են ոչ թե հումանիտար նպատակներով, այլ ամերիկյան ռազմական գերատեսչության շահերից ելնելով: ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն ավելի հեռուն էր գնացել՝ հայտնելով, որ ԱՊՀ երկրներում ամերիկացիները լաբորատորիաներ են ստեղծում կենսաբանական զենք ստեղծելու նպատակով:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ևս արձագանքել էր՝ նշելով, թե անհասկանալի է՝ ինչու են ամերիկացիները կենսաբանական նյութեր հավաքում տարբեր էթնոսների ներկայացուցիչներից:

Ադրբեջանում առկա լաբորատորիայի վերաբերյալ ևս գրեթե միաժամանակ ապատեղեկատվական արշավ սկսվեց: ՌԴ որոշ ԶԼՄ-ներ նույն տրամաբանությամբ սկսեցին լուրեր հրապարակել կենսաբանական զենք ստեղծելու պոտենցիալ ունեցող լաբորատորիայի մասին: Իրականում այն հակաժանտախտային կայան է, որտեղ անցկացվում են պաթոգեն միկրոօրգանիզմների հետազոտություններ:
 
https://www.meydan.tv/ru/site/news/30790/

Կեղծ տեղեկատվական արշավը ստիպեց արձագանքել նաև Ադրբեջանի պաշտոնական կառույցների ներկայացուցիչներին: Այդ երկրի ՊՆ-ից հայտնեցին, որ որևէ այլ պետության վերահսկողության տակ գտնվող լաբորատորիաներ Ադրբեջանում չկան:

https://ria.ru/world/20181004/1530008235.html

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշել էր, որ դրանք ամբողջությամբ գտնվում են Հայաստանի իշխանությունների վերահսկողության ներքո:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից հայտնել էին, որ հայաստանյան լաբորատորիաներ մուտքի հետ կապված հարցերով որոշումները կայացվում են ՀՀ կառավարության կողմից: ՌԴ պաշտոնական շրջանակների կասկածները փարատելու համար Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ ռուսաստանցի մասնագետներին թույլատրվել է մուտք գործել հայաստանյան լաբորատորիաներ, ավելին, պատրաստ են համագործակցել նրանց հետ:

https://ria.ru/world/20180909/1528150759.html

Նման կեղծ կամ չափազանցված տեղեկատվությունը ժամանակ առ ժամանակ, կախված տվյալ երկրի ներքաղաքական իրավիճակից և հասարակական տրամադրություններից, շրջանառության մեջ է դրվում ռուսաստանյան ԶԼՄ-ների կողմից: Դրանք հիմնականում Կրեմլի, ՌԴ ՊՆ-ի ազդեցության կամ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցներն են:

https://tvzvezda.ru/news/vstrane_i_mire/content/201709041609-iwsr.htm

https://news-front.info/2018/01/17/sekretnye-laboratorii-pentagona/

43331266_912446772476267_3883182517607464960_n

Ժամանակին այդ թեմային անդրադարձել էր ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը՝ նշելով, որ կենսաբանական զենք ստեղծելու լուրերը ոչ միայն չափազանցված են, այլև ծիծաղելի։ Ամերիկացիները միջոցներ տրամադրել են ռեֆերենս-լաբորատորիա ստեղծելու համար, սակայն դա առիթ չի տալիս լուրեր տարածելու, որ այն երկակի նշանակություն ունի: «Նույն հաջողությամբ մենք համագործակցում ենք նաև Ռոսպոտրեբնադզորի հետ, որը լիովին ֆինանսավորել է քիմիական լաբորատորիայի բացումը»,- նշել էր Վանյանը:

Ռուսաստանյան լրատվամիջոցների շրջանառած տեղեկատվությունը հայաստանյան որոշ ԶԼՄ-ներ հաճույքով արտատպում են՝ առանց ճշգրտումների և մասնագիտական մեկնաբանությունների, ինչը բացասական ազդեցություն է գործում Հայաստանում հանրային կարծիքի և տրամադրությունների վրա:

Էդուարդ Մխիթարյան

 

Դիտվել է՝