Արցախը ողջունում է շփման գծում լարվածությունը թուլացնելու Փաշինյանի ու Ալիևի պայմանավորվածությունը

davit babayan

Արցախի Հանրապետությունը շփման գծում լարվածության նվազեցման վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունը ողջունում է, բայց հարցին որոշ վերապահումով է մոտենում:

Այս մասին ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Եթե քաղաքական գնահատական տանք, հետաքրքիր և ողջունելի զարգացում է: Այն երեք կետերը, որի շուրջ պայմանավորվել են, շատ կարևոր է: Սակայն այստեղ կա վերապահում, որ Ալիևին և առհասարակ ադրբեջանական ղեկավարությանը ամբողջապես վստահելը ճիշտ չէ, որովհետև ամենանենգ ձևով, ամենաանհարմար պահին նա կարող է ցանկացած պայմանավորվածություն խախտել, ինչը ցույց է տվել պրակտիկան: Այնուամենայնիվ, հուսանք, որ այս անգամ դրական ինչ-որ ազդեցություն կթողնի այս պայմանավորվածությունը»,- նշեց Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակը նշեց, որ կարճ ժամանակում որևէ փոփոխություն ակնկալել պետք չէ: «Պետք է սպասել:

Այս պայմանավորվածությունը մենք պետք է դիտարկենք ոչ թե երկու ժամվա կամ մեկ-երկու օրվա կտրվածքով, այլ երկարատև»,- ասաց նա: Դավիթ Բաբայանի խոսքով` պայմանավորվածության վերաբերյալ Ալիևի համաձայնությունը կարող է կախված լինել Ադրբեջանի ղեկավարության նկատմամբ տարբեր ատյանների ճնշումներից:

«Հետաքրքիր է, որ դրանից առաջ համանախագահները շատ կոշտ հայտարարություն կատարեցին:
Իհարկե, այն առաջին հերթին ուղղված էր Ադրբեջանին, որովհետև հենց այդ կողմն է խախտում զինադադարի ռեժիմը, և հետաքրքիր զուգադիպություն է, որ ՌԴ նախագահն է ֆորմալ տեսանկյունից ծանոթացրել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին:

Հաշվի առնելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկն է, չի բացառվում, որ Ալիևը շատ առանձնահատուկ դրության մեջ է ընկել, որ կա բավականին մեծ ճնշում իր վրա, և պատեհ առիթ է գտել` և ծանոթանալ ՀՀ նոր ղեկավարին, և իրեն ցույց տալ, որպես կառուցողական կողմ»,- նշեց Դավիթ Բաբայանը: Արցախի նախագահի մամուլի խոսնակն, այնուամենայնիվ, նշեց, որ իրավիճկան սահմանին այս ընթացքում կայուն է:

Դիտվել է՝