«Օտարը». Ստեփան Դանիելյան

42655899_10216525681711862_1554480837745967104_o

Ժամանակին Ֆրանսիան ողջ Եվրոպան ծանրագույն խնդրի առջև էր կանգնեցրել: Եվրոպայի ավանդական թագավորական ընտանիքները սարսափի մեջ էին հայտնվել, հեղափոխական Ֆրանսիան սպառնում էր իր օրինակով թատերաբեմից հեռացնել նրանց։ Եվրոպայի երրորդ դասակարգը՝ բուրժուազիան ու բյուրգերները, ողջունում էին իրենց նվաճելու համար եկած ֆրանսիական զորքերին, իսկ Բեթհովենը սիմֆոնիա էր նվիրում Նապոլեոնին։ Նապոլեոնի կերպարը դեմոնիզացիայի էր ենթարկվում, ու նախկին ախոյանները միավորվել էին Նապոլեոնի դեմ, բնականաբար, նրանք իրենց մորթին փրկելու համար պետք է լուծեին Նապոլեոնի ու հեղափոխական Ֆրանսիայի հարցը ու լուծեցին։ Հարյուր տարով, մինչև առաջին աշխարհամարտը, Եվրոպայի թագավորական ընտանիքները երկարաձգեցին իրենց գոյությունը:

Բնական է, որ Հայաստանն օրինակ է Եվրասիական երկրների համար, և այդ երկրների իշխող էլիտան իր համար լուրջ վտանգ է տեսնում։ Նրանք բոլորը կոռուպցիոներներ են և վախենում են կորցնել ոչ միայն իշխանությունն ու ունեցվածքը, գուցե նաև ավելի շատ բան։ 

Եթե անգամ Հայաստանը զորամիավորումներ ուղարկի ոչ միայն Սիրիա, այլև անգամ Լուգանսկ, միևնույն է, Հայաստանը (ոչ թե Նիկոլը) նստելու է սեղանի ծայրին, բոլորից մեկուսացված՝ նաև հնարավոր պատերազմի դեպքում։ Անգամ աշխարհաքաղաքական դիրքերը երկրորդական են գործող էլիտայի համար, իրենց մորթին իրենց համար ավելի թանկ է։

Սակայն Հայաստանի հեղափոխությունն անընդունելի է նաև Արևմուտքի համար, որտեղ նույնպես ուժգնանում են պոպուլիստական շարժումներն ընդդեմ էմիգրանտների, եվրոբյուրոկրատների և տրանսազգային կազմակերպությունների։ Հարավային Կովկաս այցելած Մերկելը միայն Հայաստանի հետ որևէ պայմանագիր չկնքեց, իսկ Միացյալ Նահանգներում Նիկոլին ԱՄՆ որևէ լուրջ պաշտոնյա չընդունեց։ Դա վերաբերմունք է։

Եթե Վրաստանի ու Ուկրաինայի դեպքում կար հասկանալի բացատրություն՝ թուլացնում են Ռուսաստանի աշխարհաքաղաքական դիրքերը, Հայաստանի պարագայում նման բացատրություն չկա։ Դա պայքար է հին էլիտաների դեմ, ինչը վտանգավոր է նաև եվրոբյուրոկրատների համար։

Նման պայմաններում պետք է հանդարտեցնել վիճակը։ ԱԺ արագացված ընտրությունները կարող են արագացնել Հայաստանի պատժման գործընթացը։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝